Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եթե ՀՀԿ-ն մաքրվում է, ի՞նչ էր անում Սյունիքի նախկին մարզպետը`ՀՀԿ համագումարում

Նոյեմբեր 28,2016 22:49

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցազրույցը «Առավոտին»

– Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ 7000 մարդու անդամակցելը ՀՀԿ-ին արհեստական չե՞ք համարում: Ի՞նչ է ուզում դրանով ՀՀԿ-ն ցույց տալ:

– Կա մի պարզ ճշմարտություն`երբ մարդն ունի հեղինակություն, ունի նաեւ շրջապատ, համակիրներ, գաղափարակիցներ: Ընկերությունը, մտերմությունը ձեւավորվում են որոշակի գաղափարական հենքի վրա եւ երբ այդ խմբից մեկը քայլ է անում որոշակի նոր հարթակ`ապա դա նաեւ լավ օրինակ է մյուսների համար, որոնց շրջանում այդ մարդը նաեւ լիդեր է, որի գաղափարները ընդունելի եւ կարեւոր են մյուսների համար:

Կարեն Կարապետյանի շրջապատը, գաղափարակիցները, իր հայացքները բնական է, որ կլիներ այդքան մեծ: Կարծում եմ ավելի մեծ էլ կլինի: Մենք իր ետեւից սպասում ենք էլի մարդկանց մուտքի ՀՀԿ: Նման օրինակ, մենք տեսել ենք դեռ 2006-ին, երբ նոր ձեւավորվում էր ՀՀԿ կանանց խորհուրդը: Մեր`կուսակցություն մտնելուց հետո, ուսուցիչների, բուժաշխատողների մի ստվար հատված անդամագրվեց ՀՀԿ-ին: Այստեղ զարմանալու ոչինչ չկա: Մարդը տարիներ շարունակ աշխատում է տարբեր կառույցներում եւ այդ ընթացքում ձեռք բերած իր գաղափարակիցները բնական է, որ հետեւում են իրենց կողմից կարեւորվող մարդու օրինակին:

– Վարչապետին` բարեփոխումներն իրականացնելու  առաքելությանը չի՞ խանգարի ՀՀԿ անդամ լինելը:

– Վարչապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Նա անպայման պետք է հենք ունենա: Կարեն Կարապետյանը չի կարող հանդես գալ իբրեւ անհատ, անգամ եթե նա վարչապետ է առաջադրվել իշխող ուժի կողմից: Վարչապետը չի կարող իր թեկուզ ամենափայլուն գաղափարներն իրականացնել առանց քաղաքական հենքի, տվյալ պարագայում`իշխող քաղաքական ուժի: Իսկ իր գաղափարներն իրոք առաջադիմական են, որոնց կյանքի կոչելու համար քաղաքական հենարան է պետք:

ՀՀԿ 16-րդ համագումարում նախագահը հայտարարեց, որ եթե ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ գրանցի, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Այն, որ բոլորը կարծում էին, թե Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրերը կարճաժամկետ են, հիմա կարող են համոզվել, որ դրանք երկարաժամկետ են`բարեփոխումների լայն սպասելիքներով: Կառավարությունն իր առավելագույն ջանքը կդնի արդյունքի հասնելու համար: Արդյունք, որին հավատում եւ սպասում է հասարակությունը:

– ՀՀԿ համագումարը ՍՄԿԿ համագումարի տպավորություն էր թողնում` ուռաներ, ծափեր, միաձայն ընտրություններ… Հետ ենք գնում խորհրդային դարաշրջա՞ն:

– Եթե անցյալում ունեցել ենք կուսակցության կառավարման լավ կառուցվածք, ինստիտուտ, անունը կլինի ՍՄԿԿ, թե այլ բան, կարելի է այդ մեթոդները վերցնել`մեջը դնելով այլ բովանդակություն, ինչը ժամանակի պահանջն է, մեր կուսակցության գաղափարախոսությունն է, զարգացող եւ փոփոխվող աշխարհում մեր երկրի առաջընթացը ապահովող պայմանը: Իսկ ինչո՞ւ անցյալից չվերցնել մի բան, որը լավն է, ինչո՞ւ սրբել ու մաքրել անցյալը: Առավել ևս, որ ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, մեր երկիրն էլ իր ապագան հենում է անցյալի քարին վրա քար դնելով, ինչպես իր ելույթում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մենք այդպես էլ պետք է պահենք մեր երկիրը` ավանդույթների վրա`կառուցելով նորը` պահպանելով հինը:

– Նախագահ Սարգսյանը միշտ բավական լավ ելույթներ է ունենում, որոնք, սակայն, գործնականում իրենց արտացոլումը չեն գտնում:

– Ես համաձայն չեմ: Նախագահի տարբեր ելույթներից բխող գործուն փաստերը դրանցից անմիջապես հետո կատարվող փոփոխություններն են: Մասնավորաբար, Սահմանադրական բարեփոխումները: Դրանցում ամրագրված են այն բոլոր երաշխիքները, որոնց մասին նախագահը խոսել է: Նախագահը խոսեց ընդդիմության լիազորությունների մեծացման մասին`արվեց Սահմանադրությամբ:

Նախագահը ՀՀԿ-ի 16-րդ համագումարում նոր նշաձող սահմանեց ընտրությունների համար` անբիծ ընտրություններ: Եթե այդ խոսքի շարունակությունը գործը չլիներ, ԸՕ-ի քննարկումներն այդքան լայնածավալ չէին ընթանա, ընդդիմադիր ուժերի եւ քաղհասարակության հետ քննարկումների արդյունքում ԸՕ-ն չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Նախագահը խոսել էր կուսակցությունների դերի բարձրացման մասին, ինչի գործնական արտացոլումը եղավ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում: Դա նշաձողն էր, որը մենք հատեցին եւ ունեցանք այն արդյունքը, որի մասին խոսեցին նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները: Նախագահն իր ելույթներում միշտ ասում է`մենք բաց ենք, հրավիրում ենք բոլորին համագործակցելու մեզ հետ`երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար, հենց գալիս են ասելու, որ խոսքն ու գործը գնում են նույն հաջորդականությամբ: Այլ բան, որ նախագահի խոսքերում հնչած դեռ շատ բաներ կան, որոնց չենք հասել: Բայց դրանք ՀՀԿ-ի առաջիկա ծրագրերում կան, իբրեւ տեսլականներ:

Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք, եւ մեր կուսակցական ծրագրերը`երկրի զարգացման առումով, գնում են ճիշտ ուղով:

– Նախագահը նաեւ ասաց, որ ՀՀԿ-ի իր շարքերից մաքրել եւ մաքրելու է այն մարդկանց, ովքեր կուսակցությունն իբրեւ տանիք են օգտագործել: Կարո՞ղ եք անուններ տալ:

– Կոնկրետ անունները կարող են շատ լինել, խոսքը սկզբունքային մոտեցման մասին է, ընդհանրական կարող եմ ասել: Դա էլ կարող եք համեմատել Սովետական Միության տարիների հետ`կուսակցության մաքրում է: Դա ևս դրված է մեր կուսակցության ընդհանուր գործելաոճի մեջ: 22 սկզբնական կազմակերպություն է ավելացել, բայց զուգահեռ մաքրման գործընթաց է գնում: Կուսակցությունը զարգանում է ոչ թե մեխանիկորեն անդամներ բերելով, այլ այդ մարդկանց հետ համապատասխան աշխատանք տանելով, տվյալ կուսակցությունում նրանց իրացված լինել-չլինելու հարցերով զբաղվելով, այդ թվում նաեւ որոշներին ցույց տալով, որ դա իր գործունեության հարթակը չէ:

– Օրինակ, Սյունիքի նախկին մարզպետը, ով այս տարիներին քանիցս ի ցույց է դրել այն, որ ՀՀԿ-ն իր համար տանիք է, նստած էր պատվավոր տեղում: Դա ո՞նց կբացատրեք:

– Այդ մոտեցումը փաստի հետ չի առերեսվում: Յուրաքանչյուրին գնահատական տալիս են իր ընտրողները: Շատ սյունեցիներ գովեստի խոսքերով են ներկայացնում Սյունիքի նախկին մարզպետի գործունեությունը: Իսկ պատվավոր տեղում էր նստած, որովհետեւ նա մեր կուսակցության անդամ է, կուսակցությունն էլ գնահատում է իր գործունեությունը:

Այն, որ ՀՀԿ-ն այսօր ինքն իր ներսում տեսնում է խնդիրներ, փորձում է դրանք վեր հանել եւ լուծումներ տալ, ևս խոսում է ՀՀԿ-ի զարգացման նոր մակարդակի մասին: Մենք ոչ թե միայն մեխանիկորեն անդամներ հավաքագրելով ենք զբաղված, այլ յուրաքանչյուր անդամի ներուժի զարգացման, նրա իրացման հնարավորությունն ապահովելու գործընթացով: Սա կուսակցությունը, իբրեւ քաղաքական ինստիտուտի զարգացման մի նոր ճանապարհ է: Եվ այս նոր ճանապարհին ՀՀԿ-ն բաց ճակատով վեր է հանում եւ իր խնդիրները, եւ թերությունները, եւ գնահատական է տալիս իր անցած ճանապարհին, եւ տալիս է առաջընթացի ուղղությունները: ՀՀԿ-ն մեկ անգամ ևս բոլորին հրավիրում է համագործակցության, ինչի մասին քանիցս է խոսել ՀՀ նախագահը եւ այդ համագործակցության արդյունքում Հայաստանը հաղթելու է:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930