Ինչպես հայտնի է՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի առաջարկով ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 27-ին վարչապետի վերահսկողական ծառայությունը Գյումրու մանկավարժական ինստիտուտում, այսուհետ (Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան) ստուգումներ էր անցկացրել։ Բանն այն է, որ Ազգային ժողովի ամբիոնից ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ընթերցել էր բուհի մի խումբ աշխատակիցների անունից իրեն հասցեագրված նամակը, որտեղ մասնավորապես նշվում էր, թե մագիստրատուրայի ընդունելության քննություններին բուհի ոչ մի դեկան ու աշխատակից չեն մասնակցել։ Մասնակցել է միայն ռեկտորը, իսկ դեկաններին ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:
Վերահսկողության ծառայությունը, պարզաբանումներ ստանալով բուհի աշխատակիցներից ու պաշտոնատար անձանցից, ինչպես նաև կրթության ու գիտության նախարարության համապատասխան մասնագետներից, 7 էջից բաղկացած տեղեկանք է կազմել՝ զետեղելով նամակում բարձրաձայնված 10 խնդիրների ուսումնասիրությունները։ Փաստաթղթում կետ առ կետ նշվում է բարձրաձայնված խնդիրն ու ուսումնասիրությունների արդյունքները։ Փաստաթուղթն ամբողջապես զետեղված է բուհի պաշտոնական կայքում:
Ուսումնասիրությունների արդյունքում վերահսկողական ծառայությունը մագիստրատուրայի ընդունելության կարգում խախտումներ չի հայտնաբերել՝ իր կազմած արձանագրությունում նշելով․ «Մագիստրատուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման և իրականացման փաստացի վիճակը, մեր պահանջով, ստուգվել է ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան մասնագետի կողմից և խախտումներ չեն հայտնաբերվել»։
Այս թեման շոշափված է վարչապետի վերահսկողական ծառայության կազմած տեղեկանքի 6-րդ կետում, որտեղ նախ շարադրված է բողոքը, այնուհետ՝ պարզաբանումներն ու ուսումնասիրությունների արդյունքները։ «Մագիստրատուրայի ընդունելության քննությունների գործընթացը իրականացվել է բուհական բոլոր նորմերի ու կարգերի խախտմամբ, բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատող չի մասնակցել այդ ընդունելությանը։
Կարդացեք նաև
Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ուսումնասիրությունները սկսելու առաջին իսկ օրը, համալսարանի բոլոր՝ թվով 6 դեկանները հանդես են եկել հայտարարությամբ և հերքել են իրենց անտեղյակ լինելու հանգամանքը՝ նշելով, որ իրենք քաջատեղյակ են եղել գործընթացին, որն անցել է թափանցիկ և մաքուր։Հակառակ այս փաստի՝ համալսարանի պրոռեկտոր Ա. Ֆարմանյանը նշել է, որ մագիստրատուրայի ընդունելության քննությունների երկրորդ փուլն իրականացվել է կանոնակարգային և ընթացակարգային խախտումներով, (այսինքն` ռեկտորի թիվ 357 հրամանով ի փոփոխումն նախկին ռեկտորի 18․05․2016 թ․թիվ 241 հրամանի) փոփոխվել է 2016/2017 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության ընդունող և առարկայական հանձնաժողովների կազմերը։
Խախտվել է նաև բուհի համապատասխան մասնագիտություններին հատկացված սահմանային (լիցենզիայի) տեղերի քանակը(մաթեմատիկա 4 տեղով, հոգեբանություն՝ 7)։Իսկ պրոռեկտոր Ս․Սողոյանը նշել է, որ մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպվել է ՀՀ ԿԳ նախարարի հրամանին համապատասխան։
Փաստաթղթային ուսումնասիրություններից և ստացված պարզաբանումներից պարզվել է, որ մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլն իրականացվել է նախորդ ռեկտորի օրոք, ընդունվել են 107 ուսանող։Նախկին ռեկտորի կողմից նախատեսված է եղել մագիստրատուրայի 2-րդ փուլը նույնպես իրականացնել ընդունելության քննությունների միջոցով։ Մինչդեռ ըստ ռեկտորի պաշտոնակատարի,այդ ընթացակարգը հակասում է ՀՀ ԿԳՆ նախարարի 2007թ․-ի N1193-ն հրամանով հաստատված «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգին», մասնավորապես 3-րդ գլխի 9-րդ և 10-րդ կետերին։
Ղեկավարվելով վերոհիշյալ կարգի դրույթներով՝ նա ստորագրել է նոր հրաման մագիստրատուրայի ընդունելության ընդունող հանձնաժողով ձևավորելու մասին՝ առանց ընդունելության քննությունների։ Ընդունելությունն առանց քննությունների անցկացումը եղել է դեկանների իմացությամբ։ Ամբիոնի վարիչները իրենց բացատրություններում հայտարարել են, որ տեղյակ են եղել մագիստրատուրա առանց ընդունելության քննության ընդունվելու վերաբերյալ նոր հրամանին և ակտիվ մասնակցել են լավ ուսանողների հավաքագրման աշխատանքներին։ Արդյունքում, 255 ուսանող ընդունվել է առաջին կուրս»։
Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Սահակ Մինասյանը մեկ անգամ ևս պնդեց, որ մագիստրատուրայում ընդունելության քննություններ չեն նախատեսվում և ընդունելության քննություններ անցկացնելն է խախտում։
«Փաստորեն շահարկման առարկան մագիստրատուրայում վճարովի հիմունքներով քննությունների գործընթացը բացառելն է եղել, որտեղ ես ևս մեկ անգամ կրկնում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարության ընդունելության համապատասխան կարգով մագիստրատուրայում քննություններ չեն նախատեսվում, և որևէ բուհ իրավասու չէ ցանկացած կարգով քննություններ սահմանելու, որովհետև դա արտաքին գնահատման գործառույթ է, որը վերապահվում է միայն և միայն հիմնադրին՝ այսինքն` կրթության և գիտության նախարարությանը՝ համապատասխան ընթացակարգով։
Այսինքն, մինչև այս ամենը ես քննությունների բացառման մասով հրաման եմ ստորագրել, այսինքն` վարվել եմ կրթության և գիտության նախարարության համապատասխան կարգի համաձայն, և ընդունելությունը կազմակերպվել է առանց ընդունելության քննությունների, փաստաթղթերի հանձմամբ և համապատասխան մասնագիտությունների մասով մրցույթով, արդյունքում ընդունվել են բոլոր դիմորդները։ Շահարկման առարկա է դարձել այն փաստը, որ դադարեցրել ենք այն խախտումը, որը գործել է մինչև այս։
Տեղի է ունեցել խախտում, այսինքն` ոտնահարվել է մարդու Սահմանադրական իրավունքը կրթության մասով, ստեղծվել է լրացուցիչ խոչընդոտ մարդու կրթության շարունակման համար»։ Սահակ Մինասյանը հավելեց, որ եթե չլիներ շահարկում այս մասով, ապա չէր լինի անդրադարձ նախորդ տարվա ընդունելության կարգին, որն իրականացվել է խախտմամբ։ «Այս շահարկումից հետո ուսումնասիրություններն օգնեցին ինձ անդրադարձ կատարել ու պարզաբանել, որ նախորդ տարիներին այն իրականացվել է խախտումով»։
Մեր ճշտող հարցին՝ եթե խախտում է թույլ տրվել, այդ դեպքում ի՞նչեք պատրաստվում անել, Սահակ Մինասյանն ասաց․ «Այս պահին ես ձեռնպահ եմ մնում իրավական գնահատական հնչեցնելուց,որովհետև նախկինում կատարված խախտման մասին իրազեկվել ու խորամուխ եմ եղել ընդամենն այս ուսումնասիրությունների պատրվակով։ Եկեք այդ մասին այսօր չխոսենք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ