Թուրքիայում հայ բոշաների ներկայիս դրության վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով այցելեցինք Արդվին նահանգի` լոմերով հոծ բնակեցված Արդանուջ (հայկական անվանումը` Արտանույշ) գավառ, որտեղ հանդիպեցինք ազգությամբ բոշա Յաշար Քարաթաշին: Յաշարը ոչ միայն մեզ սիրով տեղեկություններ հաղորդեց սույն գավառում բնակվող իր ազգակիցների մասին, այլ նաև` ցույց տվեց տեղի Ադաքալե` Գեւհերնիք թաղամասում մնացած հայկական հետքերը:
Հարկ է նշել, որ Ճորոխի աջակողմյան վտակ Արտանուշ գետի ձախ ափին, Արդվին քաղաքից 21—22 կմ հարավ-արևելք, լեռան զառիվայրում գտնվող Արդանուջը նախկինում հիմնականում բնակեցված է եղել միայն հայերով, որոնց մեծ մասն սպանվել է` Արդանուջի` մինչ այժմ Սեսլի (Ձայներ արձակող) քայա կոչվող ժայռից նետվելով դեպի Ջեհեննեմ դերեսի` Դժոխքի ձոր (Արդանուջի Դժոխքի ձորում կատարված հայերի սարսափելի կոտորածի մանրամասները տես «Ձայն համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանի «Դժոխքի ձորը. կրոնափոխ համշենցիները` Մեծ եղեռնի ականատեսներ» հոդվածում` տպագրված «Անդին» ամսագրի 2014 թվականի 4-րդ համարում, էջ 14-19:
Կարդացեք նաև
Յաշար Քարաթաշը մեզ ցույց տվեց նաև տեղի հայկական գերեզմանոցը: Տապանաքարերը թեև պահպանվել էին, բայց այլևս հնարավոր չէր ընթերցել դրանց վրայի հայերեն գրությունները:
Երբ անցանք մի տան մոտով, մեր ուղեկիցը հայտնեց, որ այն հայկական տուն է եղել, որի հետագա տերն այնտեղ մեծ գանձ է գտել` մնացած հայերից…
Մելինե Անումյան
19-ը նոյեմբերի, 2016 թ., Արդանուջ/Ադաքալե
Հոդվածն ամբողջությամբ՝ Akunq.net-ում