Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց նաեւ գործով վկա, նույն ինստիտուտի կուրսանտ Ավետիս Նահապետյանը: Նրա հարցաքննությունը, կիսատ մնաց ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողության վատացման պատճառով:
Հիշեցնենք, որ այսօր դատարանում վատացավ նաեւ գործով Սամվել Սերոբյանը, որը նույն ինստիտուտի կուրսանտներից է: Նա «շտապ օգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց:
Նահապետյանը պատմեց, որ սպանության նախորդ օրը օրապահ էր, այդ օրը արտառոց ոչինչ չի նկատել, բացի մի քանի դրվագներից: Ըստ նրա, ժամը երեքի սահմանում քնից արթնացել է ուժեղ ձայնից, այն ավելի շատ ճիչի էր նման: Բայց հերթապահն իրեն վստահեցրել է, որ ամեն ինչ կարգին է, ինքը նորից քնել է: Իսկ նախքան քնելը` երկրորդ հարկի աստիճաններին զինվորական համազգեստով, մուշտակի օձիքը բարձրացրած ու գլխարկով դեմքը ծածկած մեկին է տեսել, այնպես էր օձիքը բարձրացրել ու գլխարկը ներքեւ քաշել, որ դեմքը չէր երեւում, միայն աչքերն էին երեւում, որոնք իրեն շատ ուշադիր էին նայում: Համազգեստով այդ անձը տարածքն էր մաքրում: Այս վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում հակասություններ կային, մասնավորապես դեմքը օձիքով ու գլխարկով փակած անձի հետ կապված: Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը` նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ, բայց ինչպես նշեցինք, նիստը ընդհատվեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի ինքնազգացողության վատացման պատճառով:
Դատական նիստից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանից հետաքրքրվեցինք` պատահականություն, թե միտում է տեսնում, որ գրեթե ամեն նիստին կամ ամբաստանյալներից մեկը կամ գործով ներգրավված այլ անձ վատանում է, փաստաբանն ասաց` չի ցանկանում միտում տեսնել, քանի որ բժշկի ցուցումներ են լինում նման դեպքերում, ինչպես այսօր, երբ բժիշկներն իրենց հետ տարան դատարանում վատացած վկային: Մեր հաջորդ հարցին, թե գործով վկաները կաշկանդված են ցուցմունք տալիս` հաշվի առնելով, որ ամբաստանյալներն էլ են իրենց համակուրսեցիները եղել ու որոշները հեղինակավոր կապեր ունեն, Անի Թորոսյանը պատասխանեց. «Այո’, վկաների կաշկանդվածությունը տեսնում եմ, ամբաստանյալների ռեպլիկներն ու վարքագիծը կաշկանդում են»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը։ Նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ