«Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումն ԱԺ-ում շարունակվում է: Էդմոն Մարուքյանը քննադատեց իշխանությանը՝ ասելով, որ ՏԻՄ-երը ամբողջությամբ գործում են 1 կուսակցության համար, սա՞ է բարեփոխումը. «Հավասար պայմանների մասին են խոսում: ՀՀԿ համագումարը ամբողջությամբ՝ ելույթներով, բանով լուսաբանվում է Հանրային հեռուստատեսությամբ: Որեւէ այլ քաղաքական ուժի համագումարները լուսաբանվո՞ւմ են, ոչ: Սա՞ է հավասար պայմանները: Չկան հավասար պայմաններ»:
Էդմոն Մարուքյանն ասաց, որ փոքր կուսակցությունները կմասնակցեն ընտրությունների, չեն մասնակցի, կֆիլտրվեն, կխոշորանան, կգնան՝ դա որեւէ մեկի գործը չէ, առավել եւս՝ պետության գործը չէ: Նա համաձայնեց Արփինե Հովհաննիսյանի հետ, որ պետք է լիբերալացման գնան. «Ո՞ւմ են խանգարում 79 կուսակցությունները, որոնք չեն գործում, դա՞ է պրոբլեմը Հայաստանի»:
Ըստ նրա, պրոբլեմը, օրինակ՝ այն է, որ գործարարները չեն կարողանում որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժի որեւէ կերպ աջակցել, որովհետեւ ծայրահեղ պրոբլեմներ կունենան. «Պրոբլեմն այն է, որ երբ գնում ենք մարզ, հանդիպումներ ենք անում, մեզանից հետո ինչ-որ մարդիկ, չեմ կարող ասել ովքեր, որ ծառայության ներկայացուցիչներ, գնում են եւ հարցնում՝ ի՞նչ էին ասում, ո՞ւր էին եկել: Չհասկացա, ՀՀ-ում քաղաքական գործունեությունը վերահսկվո՞ւմ է: Մե՞զ եք վերահսկում, վերահսկեք ավտոմատներով մարդկանց, ովքեր օրը ցերեկով ոստիկանական ՊՊԾ գունդ էին գրավում: Վերահսկեի՛ք: Սրճարանում տարածք ենք վարձում, մեզանից հետո գնում են հարցուփորձ են անում»:
Նա պատմեց, թե ինչպես չեն ուզում ընդդիմադիրներին տարածք տալ: Նա զգուշացրեց, թե ինչ վտանգավոր է ՀՀԿ-ի այս քաղաքականությունը, որ վերջում մնալու է ՀՀԿ-ն իր Հանրայինի հետ, իրար հետ համերգներ են ցույց տալու, ասելու են, թե ամեն ինչ ինչքան լավ է, իսկ մարդիկ չեն նկատում, թե ոնց է իրենց կյանքը ամեն օր լավանում:
Կարդացեք նաև
Էդմոն Մարուքյանը հորդորեց համեմատել ու տեսնել, թե ինչքան գույք է դիզել ՀՀԿ-ն տարածքային մարմիններում: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «ՀՀԿ-ն 25 տարվա ընթացքում է այդքան գույք ստեղծել, մի հատ դուք էլ 25 տարվա կուսակցություն եղեք, հետո կստեղծեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ