Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը գործարար շրջանակներին լավատեսություն ներարկելու միտում ուներ». Թաթուլ Մանասերյան

Նոյեմբեր 28,2016 18:40

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով` այլ տնտեսական ցուցանիշներ էլ կային, որոնց կարող էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալ իր ելույթում, սակայն գուցե հնարավոր չէր դա անել մեկ ելույթում: Ըստ պարոն Մանասերյանի` Սերժ Սարգսյանի ուղերձներն ու շեշտադրումները բավական հստակ էին` հիմնված փաստերի վրա:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած իր ելույթում  տնտեսական հակամարգում գոյություն ունեցող իրավիճակը, հայտարարել էր. «Ցանկացած մասնագետ կպնդի, որ գների կայունությունն ապահովելու տեսանկյունից այս դժվարին տարիներին Հայաստանն այլ երկրների հետ համեմատության առումով փայլուն արդյունքներ է արձանագրել, և սա մեր կարևորագույն ձեռքբերումներից է»:

Այս առիթով պարոն Մանասերյանին հիշեցրինք բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունները գնաճի վերաբերյալ: Նա արձագանքեց. «Առաջին հերթին հիշենք, որ գների կայունության համար պատասխանատվությունը հիմնականում իր վրա է վերցրել ՀՀ կենտրոնական բանկը. դա ամրագրված է օրենքով և անգամ Սահմանադրությամբ: Միայն կենտրոնական բանկի ջանքերով շատ դժվար է պահպանել գների կայունություն, քանի որ գյուղմթերքների շուկայում և այլ ոլորտներում հնարավոր են վերավաճառումներ, որոնք արհեստական գնաճ կարող են ստեղծել: Կարծում եմ, որ գնաճի պատասխանատվությունը պետք է կիսեն պետական այլ կառույցներ ևս»:

Պարոն Մանասերյանը բացառիկ երևույթ է համարում այն, որ ՀՀ-ն իսկապես բացառիկ կայունություն է դրսևորել դրամավարկային քաղաքականության հարցում. «2015-ին հետխորհրդային բոլոր երկրներում նկատվեց ոչ միայն ինֆլյացիա, այլև գերինֆլյացիա: Աննախադեպ կայունություն դրսևորեց հայկական դրամը` շնորհիվ հավասարակշռված դրամավարկային քաղաքականսւթյան, որ ԿԲ-ն վարում էր»:

Մեր այն հարցին` այս ամենն արդյոք բավարա՞ր է «փայլուն» բնութագրումը տալու համար, ինչն արեց Սերժ Սարգսյանը, թե՞ չափազանցեցում կա, պարոն Մանասերյանը պատասխանեց. «Ինքներդ դատեք: Փաստ է այն, որ ընդհանրապես հայկական դրամի արժեզրկում  տեղի չի ունեցել: Կարող ենք ավելի զուսպ գնահատել, բայց փաստը դա է»:

Տնտեսագետը նշեց, որ անգամ Արժույթի միջազգային հիմնադրամն ու այլ կառույցներ ՀՀ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը որպես հետխորհրդային և զարգացող երկրների համար ուսանելի մոդել են համարում:

Սերժ Սարգսյանի մյուս պնդումը վերաբերում էր աղքատության ցուցանիշին: Նա վստահեցրեց, որ եթե նախկին մեթոդաբանությունը կիրառենք, ապա աղքատության ցուցանիշը մեր երկրում կնվազի: Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր. «Եթե պահպանեինք հին մեթոդոլոգիան, եթե համարեինք, որ նախկին նվազագույն շեմը հաղթահարելը բավարար է, ապա 2004 թվականի մեթոդոլոգիայով այսօր պիտի հայտարարեի, որ աղքատությունն իջել է մինչև 18.1 տոկոս»։

Այս առիթով Թաթուլ Մանասերյանը կարծիք հայտնեց, թե շատ ավելի կարևոր է աղքատությունը չափել ոչ միայն այն մեխանիզմներով ու մեթոդաբանությամբ, որը տարբեր կառույցներ ու փորձագետներ կարող են առաջարկել, այլ հստակ գնահատել եղած գնողունակության մակարդակը, որն ակնհայտորեն անկում է ապրել ՀՀ-ում` պայմանավորված  արտագաղթով, տնտեսական աճի դանդաղեցմամբ, տրանսֆերտներով, ինչը բավականին լուրջ տեսակարար կշիռ է կազմում ՀՀ տնտեսության մեջ, և սոցիալական առումով ազգաբնակչությունը շատ խոցելի է. «Մեթոդաբանություն կիրառելը չի օգնի, եթե արմատական բարեփոխումներ չիրականացնենք, եթե չափահովենք նվազագույն բազան, այն, ինչից ներքև աղքատություն, թշվառություն է: Նվազագույն աշխատավարձը չի ապահովում նվազագույն կենսաապահովման զամբյուղը. այստեղ օբյեկտիվ խնդիր ունենք»:

Թաթուլ Մանասերյանը հիշեցրեց, որ իր նախաձեռնությամբ դեռ 10 տարի առաջ ներկայացվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին ՀՀ օրենքը, որը, ցավոք, չի կիրառվում: Օրենքի կարևոր հիմնադրույթներից է այն, որ կենսաթոշակների ու նվազագույն աշխատավարձի հիմքում պիտի ընկնի նվազագույն կենսաապահովման զամբյուղի հաշվարկը: Թաթուլ Մանասերյանը հորդորում է, որ ներկայիս կառավարությունն ուշադրություն սևեռի օրենքի այս հիմնադրույթների վրա:

Սերժ Սարգսյանի հպարտության մյուս աղբյուրը այն է, որ ՀՀ-ն 2016-ի ընթացքում 9 անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ելույթում ամրագրված է. «Վերջերս արդեն տասներորդ անգամ իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2015 թվականի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի»:

Տնտեսագետը փաստեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարևոր գործիք է անուղղակիորեն կարգավորել ճգնաժամային գործընթացները: Նա պարզաբանեց. «Երբ փորձում է մեղմել ճգնաժամային գործընթացները, որպես կանոն` արժեզրկումից խուսափելու համար այդ փուլում երկիրը բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Երբ ճգնաժամից դուրս է գալիս երկիրը, հակառակ ազդակն է` ԿԲ-ն փորձում է գումարը մատչելի դարձնել ու դրանով աշխուժացնել տնտեսությունը: Դրա համար երկար փողեր են պետք` ավելի ցածր տոկոսադրույքով ավելի երկար վարկավորում: Այս տեսանկյունից կան կառույցներ, որոնք պարտավոր են դա ապահովել` օրինակ համահայկական բանկը, որը պարապուրդի է մատնվել ու բնավ իր վրա դրված պարտականությունը չի կատարում: Բանկի ղեկավարությանն այս առումով պետք է պատասխանատվության ենթարկել: 20 միլիոն դոլարից իջել են ռեսուրսները 15 միլիոնի: Նման դեպքը բացառիկ է ողջ աշխարհում, երբ զարգացման բանկը մսխում է գումարներ»:

Ամփոփելով՝ պարոն Մանասերյանը նշեց, թե իր տպավորությամբ Սերժ Սարգսյանն իր ելույթով լավատեսություն ներարկելու միտում ուներ հանրությանն ու գործարար շրջանակներին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930