Թբիլիսիի մերձակա «Վազիանի» ռազմակայանում՝ ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի Վարժանքների ու գնահատման համատեղ կենտրոնի (JTEC) տարածքում վերջերս կայացավ «ՆԱՏՕ-Վրաստան-2016» վարժանքները, որոնց բավական կոշտ արձագանքեց Մոսկվան: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՌԴ-ն նման ակտիվությունը դիտարկում է որպես լուրջ սպառնալիք տարածաշրջանի կայունության եւ խաղաղության համար։ Բացի այդ հայտարարությունում նշվեց, որ «զորավարժությունները բարդացնում են ռուս-վրացական հարաբերությունների առողջացման դրական գործընթացը»։
Այս առիթով, «Առավոտ»-ի հարցին ի պատասխան Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուն նկատեց. «Այն փաստը, որ Ռուսաստանը համարում է, որ 50 չզինված սպաներ գտնվում են այդ տարածքում եւ դա իր համար «սպառնալիք» է, ուրեմն, մենք բոլոր պետք է հպարտ լինենք, մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 40 կիլոմետր հեռավորությամբ իրենք ունեն 5 հազար զինված ուժեր, որոնք, եթե չեմ սխալվում, զինված են ականանետներով: Ռուսաստանի տեսանկյունից կապ չունի, թե ՆԱՏՕ-ն ինչ է անում, պարզապես դրա վերաբերյալ կա հիստերիա, եւ այդ վարժանքը, որից նրանք այդքան մտահոգվել էին, այդտեղ իրականում ընդամենը 200 հոգի էին, որոնք նստած էին համակարգիչների առջեւ: Խնդիրն այն է, որ այդ սպաները սովորում էին, թե ինչպես պետք է գործողություններ անել բազմազգ կենտրոնակայաններում, ի հակադրություն` ռուսական վարժանքների, որոնք տեղի են ունենում Աբխազիայում եւ Հարավային Կովկասում` ներգրավելով տասնյակ հազարավոր զինվորների, ինչպես նաեւ հրետանի եւ հրթիռային համակարգեր»:
Ապա Ուիլյամ Լահյուն հավելեց. «Օրինակ` ի՞նչ տարբերություն կլիներ, եթե Վրաստանն անդամակցեր ՆԱՏՕ-ին, ասենք թե` վաղը… Ոչինչ էլ չէր լինի, ոչ մի տարբերություն: Նույն վրացական բանակը նստած էր լինելու նույն տեղում: Միակ տարբերությունն այն կլիներ, որ նրանք կունենային ՆԱՏՕ-ի կանոնադրության հոդված 5-ի պաշտպանությունը, երաշխիքը, համաձայն որի, եթե Ռուսաստանը որոշեր Վրաստանի վրա հարձակվել, ապա մնացած 28 երկրները կգային պաշտպանելու Վրաստանին: Իրական բարդությունը ընկալման մեջ է, որ կա Եվրոպայի եւ Մոսկվայի միջեւ, թե` ինչ է իրականում ՆԱՏՕ-ն եւ ինչ է ազգային անվտանգության նրանց ընկալումը: Առանձին դաշնակից երկրների համար, մասնավորապես փոքր երկրների համար, ինչպես օրինակ բալթյան պետություններն են, այս երաշխիքը կարեւոր է այնքանով, որքանով, որ Ռուսաստանը չի կարող նրանց ստիպել, որպեսզի նրանք անեն այն, ինչ Ռուսաստանն է ուզում»:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք նոյեմբերի 29-ի տպագիր «Առավոտ»-ում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ