Aravot.am-ին հասած տեղեկություններով, առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն պատրաստվում է Շիրակի մարզի վարկանիշային ցուցակում ընդգրկել նաև երկու խոշոր կառույցների ղեկավարների՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր «Ղարս» մասնաճյուղի ղեկավար Գագիկ Ֆարզադյանին ու «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանին։
Նշենք, որ հստակ շեշտադրվում է նաև այն հանգամանքը, որ վերջիններիս ընդգրկելու են որպես կուսակցությանը ձայն բերողներ, այսինքն` անցնելու դեպքում էլ նպատակադրված չեն նրանց խորհրդարան ուղարկել որպես պատգամավորներ։
Ի դեպ, երկու կառույցների ղեկավարներն էլ ՀՀԿ-ական են, մասնակցել են երկու օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին։
Մենք փորձեցինք այս լուրերն անձամբ ճշտել նրանցից, մեզ հաջողվեց զրուցել միայն Գագիկ Ֆարզադյանի հետ, Սերգեյ Ամիրբեկյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Պարոն Ֆարզադյանից հետաքրքրվեցինք, թե իրեն նման առաջարկ եղե՞լ է կամ ինքը ցանկություն հայտնե՞լ է լինել ՀՀԿ վարկանիշային ցուցակում, որին ի պատասխան նա ասաց․«Բացարձակ, ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ իմ անունը ևս շրջանառվում է»։
Կարդացեք նաև
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում էլ, որտեղ դեռ քննարկվում է հավանական թեկնածուների անունները, ոչ հերքեցին, ոչ հաստատեցին մեր այս տեղեկությունները՝ նշելով, որ իրենք 15 վարկանիշային թեկնածու են առաջադրելու Շիրակի մարզում։ Իհարկե, նրանցից լավագույն դեպքում խորհրդարան կգնան 3-4-ը։
Հետաքրքիրն այն է, որ Շիրակի մարզում ցածր վարկանիշ ունեցող իշխող կուսակցությունը մի կողմից փորձում է իր հեղինակությունը բարձրացնել հարգանք վայելող անձանց հաշվին, օրինակ՝ պատրաստվում է վարկանիշային ցուցակում առաջադրել Շիրակի նախկին մարզպետ, գեներալ Ֆելիքս Ցոլակյանի թեկնածությունը, մյուս կողմից չի բացառում հին մեթոդների օգտագործումը, ձայն բերողների առկայությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ցավոք ճիշտ է հաշվարկած, որովհետև չասենք գեներալի, դա ածանցյալ է, այլ լավ ընկերոջ ու հրաշալի մարդու համար հոգիդ էլ չես խնայի, ուր մնաց այս ապուշ քաղաքական դաշտում կուսակցական պատկանելությամբ առաջնորդվես: Վերջ ի վերջո մարդն է գեղեցկացնում պաշտոնը, ինչը մեր ընկերը որպես աքսիոմա ապացուցեց:
Ֆարզադյանը լավ կանի իր անօրինականությունները շտկի, քան դեպուտատական մտքեր ունենա, դրա կառուցած օբյեկտը տեսել եք? որտեղից էդքան փող էլցանցի տնօրենին?