Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քրդերը՝ հայ-թուրքական հաշտեցման գործընթացում. repairfuture.net

Նոյեմբեր 28,2016 17:10

repairfuture.net. Բիլգին Այաթան այս հոդվածում պնդում է, որ Հայոց ցեղասպանության ու քրդերի և ալեւիների դեմ բռնաճնշումների հետ առնչվող խնդիրները պետք է դիտարկել համալիր կերպով և ոչ թե առանձին-առանձին: Ի տարբերություն շատ դիտորդների, որոնք Հայոց ցեղասպանությունը քննարկում են որպես անցյալի խնդիր, իսկ քրդական հակամարտությունը` որպես ներկայի խնդիր (հետեւաբար պետական հանցագործությունների «տարբերակում» և «տարանջատում» մտցնելով), նա համարում է, որ «անհասկանալի է հայկական և քրդական հիմնահարցերի իրարից անջատ քննարկումը»։ Նա այդպիսով մի այլ տեսլական է առաջարկում հայերի, քրդերի, ալեւիների և Թուրքիայի այլ խմբերի դեմ կիրառվող պետական բռնաճնշումների նկատմամբ: Նա բացատրում է նաեւ, թե ինչու քաղաքացիական հասարակության Հայոց ցեղասպանության հետ կապված գործողությունների հռետորաբանությունն ու բովանդակությունը այնքան տարբեր են քուրդ և թուրք ակտիվիստների մոտ:

Հայոց ցեղասպանության և թուրքական պետության կողմից դրա իրականացման շարունակական ժխտումից մեկ դար անց, Թուրքիայի քաղաքացիական հասարակության քննարկումներում և գիտական շրջանակներում ի հայտ է եկել զգալի և աննախադեպ հետաքրքրություն հայ ժողովրդի անցյալի ու ներկայի հանդեպ, որն ուղեկցվում էր հաշտեցման տարատեսակ նախաձեռնություններով թե՛ պետական, և թե՛ հասարակական մակարդակով: Փորձագետների կարծիքով՝ Թուրքիայի ճնշված անցյալի հետ այս աճող ընդհարումը խթանող պատճառներից են՝ ԵՄ-ում իր իսկ թեկնածության առաջադրման, 2000-ականների սկզբներին ժողովրդավարական բարեփոխումների փաստը և 2007թ.-ին հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության պատճառով թուրք հասարակության լիբերալ սեգմենտների միջև առաջացած հարվածային ալիքը: Իմ խորին համոզմամբ այս անհեռատես վերլուծությունը, որն ամբողջությամբ անտեսում է քրդական շարժման կողմից անցած դարի 80-ականներից թուրքական ժխտողականությանն ուղղված կերպարանափոխվող մարտահրավերը, արտացոլում է ներկա քննարկումների առանցքային սոփեստությունը՝ կապված Թուրքիայի` իր իսկ անցյալի առնչության հետ. փոխկապակցված պետական հանցագործությունների մասնատում և տարանջատում: Ժամանակակից Թուրքիայում հաշտեցման հարցով բանավեճերի առավել տարօրինակ հատկանիշներից մեկը հաշտեցման տարատեսակ գործընթացների համակեցությունն է, որոնք իրարից միանգամայն անջատ են ի հայտ գալիս: Ինչպես Հայոց ցեղասպանության պարագայում, պետական պաշտոնական դատողությամբ  ճնշված այլ թեմաներ ևս, ինչպես օրինակ քրդերի ու ալևիների դեմ բռնությունը, հետզհետե ավելի շատ են վիճարկվել ու քննարկվել, սակայն նրանց մեջ ոչ մի կապ չի ստեղծվել: Սա, հատկապես, զարմանալի է, հաշվի առնելով, որ ցեղասպանության հետ առնչվող որոշ պետական գործողություններ, ինչպես օրինակ տեղահանումը և հայրենազրկումը, ոչ միայն շարունակվեցին հանրապետական ժամանակաշրջանում, այլև բռնի միաձուլման հետ մեկտեղ դարձան ազգաստեղծման առանցքային տարրեր Թուրքիայում: 1923թ.-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո, նման գործողություններ իրականացվել են քրդերի և ալևիների հանդեպ, մինչդեռ մնացյալ հայ և հույն բնակչության ջարդերը և վերջիններիս տեղահանումը պարբերաբար շարունակվել են մինչև 1950-ականների վերջը: Մինչև 1991թ.-ը քրդական ինքնության առկայությունը պաշտոնապես հերքվում էր, իսկ քրդերենի օգտագործումը` արգելվում: Հաշվի առնելով, որ քրդերը կազմում էին Թուրքիայի բնակչության մոտ 20 տոկոսը, ողջ պետական ապարատը, սկսած ռազմական համակարգից մինչև կրթական համակարգը, պետք է գործադրվեր` քրդական մշակույթն ու ինքնությունը ճնշելու համար:

1978թ.-ին Partiya Karkeren Kurdistan-ի (Քրդական Բանվորական Կուսակցության կամ ՔԲԿ) կազմավորմամբ և վերջինիս կողմից այս ճնշման դեմ զինված պայքարով, քրդական հակամարտությունը, ինչպես այն կոչվում է այսօր, 1978թ.-ից ի վեր գերիշխել է Թուրքիայի քաղաքական օրակարգում` խորապես խարխլելով երկրի ժխտողական քաղաքականությունը:  Քրդական պայքարը ստիպեց պետությանը վերանայել իր քաղաքականությունը, երբ 1991թ.-ին նախագահ Սուլեյման Դեմիրելը պաշտոնապես ընդունեց, որ քրդերը գոյություն ունեն և դա կարևոր մի իրադարձություն էր ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ: Չնայած նրան, որ նման հայտարարությունից հետո քրդերի հանդեպ ճնշումը միայն էլ ավելի ուժգնացավ, իսկ պետական անվտանգության ուժերը շարունակեցին տեղահանել 1-ից 3 միլիոն քուրդ և իրականացնել մարդու իրավունքների այլ ծանր խախտումներ, արվածն արդեն արված էր: Միատարր թուրքական ազգ-պետության առասպելի վրա հիմնված պետական գաղափարախոսությունն անդառնալիորեն խարխլվել էր` հնարավորություն տալով հետագայում վիճարկելու ազգային առասպելները և սովորույթները: Չնայած, որ քրդական շարժման կողմից պաշտոնական հերքմանն ուղղված հաջողված մարտահրավերը պաշտոնական պատմությունը կասկածի մեջ դնելու հարցում աճող հետաքրքրության միակ բացատրությունը չէ, սակայն բավականին շփոթեցնող է այն, որ քաղաքացիական հասարակության լիբերալ սեգմենտների կողմից ազգային ինքնությանն ու պատմությանը վերաբերող ընթացիկ բազմակարծիք վերսկսված բանակցություններում քրդական և հայկական հարցերին վերաբերում են իրարից անկախ: Իմ խորին համոզմամբ դա պայմանավորված է գիտնականների և քաղաքացիական հասարակության կողմից Հայոց ցեղասպանությանը որպես անցյալի, իսկ քրդական հակամարտությանը` որպես ներկայի խնդրի վերաբերելու միտումով: Այդպիսի մասնատումը անհասկանալի է դարձնում մի շատ բարդ, բայց կարևոր հարց, այն է` Թուրքիայի պետական դատողության մեջ և գործելաոճում ընդհատման և շարունակականության հարցը: Չնայած հայերի, քրդերի, ալևիների և այլ հետապնդվող խմբերի դեմ պետական մակարդակով իրականացվող բռնությունների ժամանակագրությունը, չափը և իրագործման ձևերը տարբերվում են, այնուամենայնիվ այս խմբերը ենթարկվում են Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությանը: Թեև Հայոց ցեղասպանության և քրդական ինքնության պաշտոնական ժխտումը ընդունվել է միջազգային մակարդակով, սակայն ալևիների դեմ զանգվածային բռնությունը, ինչպես օրինակ 1938թ.-ին իրականացված Դերսիմի ցեղասպանությունը, միայն վերջերս է արժանացել Թուրքիայի ուշադրությանը: Ոչ թուրք և ոչ սուննի բնակչության դեմ իրականացրած ժխտողական քաղաքականությունը բոլոր ճնշված խմբերում հանգեցրել է ճանաչման, արդարության և ինստիտուցիոնալ հավասարության պահանջների, սակայն այն հարցը, թե ինչպես դիմակայել և հաշտեցնել նրանց, ի հայտ է գալիս զուգահեռ, բայց իրարից անջատ քննարկումներում: Առաջարկում եմ, որ տարատեսակ այս հարցերի ֆրագմենտացիան կազմի ընթացիկ հաշտեցման քննարկումների կենտրոնական թույլ կողմը: Ես նաև առաջարկում եմ, որ այս ֆրագմենտացիան լինի ո՛չ պատահական, ո՛չ էլ կամայական, այլ ազգայնական գաղափարախոսության մի շարունակություն, որի կողմնակիցները հաջողությամբ ներկայացրել են թուրքական ազգայնականությունը և դրա բռնությունը ավելի շուտ որպես հայկական և քրդական «խնդիրների» պատասխան քան թե պատճառ:

Փոքրամասնություններին որպես առանձին խնդիրներ նկարագրելը ժամանակի ընթացքում դարձել է այնքան կարգավորված, որ նույնիսկ ներկայիս քննադատական մոտեցումները թուրք մտավորականների կամ պոստազգայնական գիտնականների շրջանում արտացոլում են դա: Պատճառներից մեկը, թե ինչու է դա համապատասխանում իրականությանն, այն է, որ «խնդիրներին» նման մասնատված վերաբերմունք ցուցաբերելը արդյունավետորեն նպաստում է առկա ուժային անհամաչափություններին, որոնք առաջացել են Թուրքիայում ցեղասպանության, տեղահանումների, հայրենազրկման և ժխտողականության արդյունքում: Այն միավորում է թուրք մտավորականներին և երկխոսողներին որպես հիմնական դերակատարներ հաշտեցման գործընթացում և, միաժամանակ, նպաստում իրավազուրկ խմբերում, ենթակա պաշտոններում և առկա դիրքերում առկա մտավորականների թվի նվազեցմանը: Թուրք-հայկական հաշտեցման գործընթացում քրդերի բացառումը ցայտուն կերպով պարզաբանում է այս կետը: Չնայած նրան, որ քուրդ մտավորականները, ակտիվիստները և կազմակերպությունները տարատեսակ ձևերով անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը նախքան թուրքական հանրային բանավեճում փոփոխության արձանագրումը, նրանց ներդրումները հազիվ թե ընդունվեն կամ ընդգրկվեն քաղաքացիական հասարակության բանավեճերում կամ գիտական վերլուծության մեջ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս: 2 Այս ավանդի անտեսումը նախանշում է ոչ միայն թերի վերլուծություն, այլև, ինչն առավել կարևոր է, բաց թողնված առիթ անդրադառնալու հաշտեցմանն ուղղված այլընտրանքային մոտեցումների: Ի տարբերություն Թուրքիայում առկա քաղաքացիական հասարակության հայտնի նախաձեռնությունների, որոնք սովորաբար ցեղասպանության հետ կապված վկայակոչվում են ներքին փոփոխությունների համատեքստում (ինչպես օրինակ, 2005թ.-ին Բիլգի համալսարանում օսմանյան հայերին նվիրված կոնֆերանսը, 2008թ.-ին Ներողության քարոզարշավը, 2010 թ.-ից ապրիլի 24-ին նվիրված հիշատակման միջոցառում Թաքսիմ հրապարակում), քուրդ դերակատարները պրոակտիվորեն անդրադառնում են հայ դերակատարների այն պահանջներին, որոնք ակնհայտորեն բացակայում են հայ-թուրքական հաշտեցման գործընթացում, ինչպես օրինակ հողատարածքի փոխհատուցման պահանջը, ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և արդարադատության վրա հիմնված հաշտեցման այլ ասպեկտներ: Թուրք մտավորականները, ովքեր ակնհայտորեն առաջ են մղում հայ-թուրքական հաշտեցումը, շրջանցել են փոխհատուցման և արդարության հարցը որպես գործընթացը խոչընդոտողների` քննադատելով հայկական սփյուռքում տեղակայված կազմակերպություններին՝ նման պահանջներ ներկայացնելու համար: 3 Դիրքավորվելով որպես միջնորդներ կամ երկխոսողներ թուրքական պետության և հասարակության միջև, թուրք հասարակական մտավորականները հաշտեցման գործընթացներում ստանձնել են խորամանկ դեր` փորձելով օգնել պետությանը և հասարակությանը դուրս գալ այն փակուղուց, որին հանգեցրել էր բռի ժխտողականությունը: Քրդերի և հայերի պահանջներին պրոակտիվորեն աջակցելու փոխարեն, Թուրքիայի հասարակական մտավորականները քարշ էին գալիս պաշտոնական դիսկուրսի ետևից այն մտահոգությամբ, որ ազգը հնարավորինս նվազագույն կողմանկի վնասներ կրի` գերակայելով արդարության, ճանաչման և ճշմարտության որոնմանը:

Դրան հակառակ, Հայոց ցեղասպանությանը դիմակայելու քուրդ մտավորականների ու կազմակերպությունների ջանքերը չեն առնչվում այն հարցի հետ, թե ինչին է պատրաստ կամ անպատրաստ թուրք հասարակությունը: Նրանց հաշտեցման նախաձեռնությունները խիստ ձևավորված են բռնությամբ ու անարդարությամբ, որոնց նրանք ենթարկվել են պետության կողմից: Կայսրությունից հանրապետություն անցման ընթացքում քրդերի դիրքորոշումը կապված պետական իշխանության հետ փոխվել է: Հենց որ նախկին Օսմանյան կայսրության հավատարիմ հպատակները ակտիվորեն մասնակցեցին հայերի սպանություններին և հայրենազրկմանը, քրդերը դարձան հանրապետության նոր ներքին թշնամիներ՝ նրանց ոճրագործներից վերածելով զոհերի: Ժխտողականության և ճնշումների դեմ նրանց պայքարի ընթացքում քրդական շարժումը Թուրքիայում նպաստեց քաղաքականության ազատագրական տեսլականով քրդական հասարակության վերափոխմանը` հիմնվելով արդարության, բազմակարծության և արմատական ժողովրդավարության բարձր զգացման վրա: Թե ինչպես են քուրդ դերակատարները դիրքավորում իրենց քրդերի` ցեղասպանության մեջ հանցակցության առնչությամբ փորձարկում է այս քաղաքական տեսլականի արժանահավատությունը և կենսունակությունը: Սա է պատճառը, որ քուրդ դերակատարների քաղաքացիական հասարակության գործողությունների լեզուն և բովանդակությունը կապված Հայոց ցեղասպանության հետ այնքան վճռականորեն է տարբերվում շատ ավելի ակնառու թուրք գործընկերների գործողություններից: Քուրդ մտավորական Բերզան Բոթիի կողմից 2008թ.-ի մայիսին հողատարածքի վերադարձը շատ կարևոր օրինակ է, որը ցույց է տալիս քրդական հաշտեցման ջանքերի տարբերվող բովանդակություն ու լեզու: Բոթին քուրդ գրող է Սղերդ նահանգից, ով նախքան 1991թ.-ին բանտից ազատ արձակվելը, 11 տարի անցկացրել է Դիարբեքիրի խայտառակ բանտում` որպես քաղաքական բանտարկյալ: Իր գյուղի պատմությամբ և հայոց ցեղասպանությամբ հետաքրքրվելու ընթացքում, նա պարզել է, որ իր ընտանիքին պատկանող հողը ժամանակին պատկանել է ասորիներին: Նրա նախնիները առգրավվել են հողատարածքը 1915թ.-ի ցեղասպանության ժամանակ: 2007թ.-ին Բոթին առցանց քրդական ամսագրի իր սյունակում հրապարակավ հայտարարել է, որ նա վերադարձնելու է հողը իր օրինական տերերին: Այն բանից հետո, երբ նա պարզեց, որ նրանք բոլորը սպանվել են ցեղասպանության ժամանակ, նա որոշեց փոխանցել գույքային գործերը Նիդեռլանդներում գտնվող Սեյֆո կենտրոնին: Այս կենտրոնը ասորական կազմակերպություն է, որը ասորիների ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավներ է կազմակերպում ողջ աշխարհում: Բոթին կապ էր հաստատել կազմակերպության հետ, իսկ հողատարածքի հանձնումը ավարտվել է 2008թ.-ի հոկտեմբերին:

2009թ.-ի մայիսին պաշտոնական հանձնումը տեղի է ունեցավ Շվեդիայի խորհրդարանում Բոթիի և տարբեր ասորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: 5 Առաջին անգամ Թուրքիայում Ցեղասպանության կոնտեքստում հողի վերադարձման և փոխհատուցման հետ կապված հարցերին անդրադարձան որպես ներողության մի մաս և այն ձևով, որը բառերից վեր էր: Բոթիի արարքը պատմական օրինակ ծառայեց, թե ինչի կարող էր հանգեցնել ներողության և արդարության վրա հիմնված հաշտեցումը Հայոց ցեղասպանության հետ կապված հարցում: Ինչևէ, չնայած նրան, որ այդ արարքը աննախադեպ էր, այն անտեսվեց թուրքական ԶԼՄ-ների և հասարակության կողմից: Ի հակադրություն դրան, մի քանի ամիս անց թուրք մտավորականների կողմից նախաձեռնած ներողության քարոզարշավի մեկնարկը իսկապես արժանացավ համազգային և միջազգային ուշադրության, թեև այն խիստ քննադատվեց իր սահմանափակ շրջանակի, ձևակերպումների և զոհերին անդրադարձ կատարելու ձախողման համար: 6 Փաստորեն ներողության քարոզարշավի տեքստը չի էլ պարունակել «ցեղասպանություն» բառը, իսկ փոխարենն օգտագործվել է b¨uy¨uk felaket տերմինը, որը թարգմանաբար նշանակում է Մեծ աղետ՝ դրանով իսկ խուսափելով հանցագործության ճանաչումից: Սա հանգեցրեց նրան, որ մի խումբ քուրդ մտավորականներ հրապարակեցին քննադատական մի հայտարարագիր հետևյալ խորագրով. «Դա ոչ թե Աղետ, այլ Ցեղասպանություն է. սա մի ամբողջ հարց է հոգու խորքում››: 7 Կապելով Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայում քրդական ինքնության ժխտման հետ՝ հռչակագրում ներողության քարոզարշավին մեղադրանք էր ներկայացվել «ցեղասպանություն» բառը աշխարհով մեկ անելու համար, ճիշտ այնպես, ինչպես թուրք մտավորականները վաղուց անքննադատորեն որդեգրել են պետության տերմինաբանությունը քրդերի մասին խոսելիս՝ շրջանցելով «քուրդ» տերմինը: Մինչդեռ, 1990-ականների վերջից ի վեր, մինչև վերջերս Թուրքիայից ոչ մի առաջադեմ թուրք մտավորական կամ գիտնական չի խուսափել «քուրդ» տերմինը իրենց հոդվածներում օգտագործելուց և մինչև վերջերս ու շատ դեպքերում մինչ օրս, այս մտավորականների և գիտնականների մեծ մասը խուսափել կամ հրաժարվել է օգտագործել ‹‹Հայոց ցեղասպանություն» եզրույթը: 8 Սակայն ինչպես երևում է քուրդ մտավորականների հայտարարագրում, այսպիսի անհետևողականությունը և քաղաքական մանևրը դժվար է մատուցվում, երբ նրանք, ովքեր հակառակվում են Հայոց ցեղասպանության ժխտմանը, հաշվի են առնում քրդերի ժխտումը և չեն մասնատում երկու խնդիրները ժամանակագրական առումով: Եվ միայն տերմինաբանությունը չէ, որ վտանգված է այստեղ, այլև մտավորականների և քաղաքացիական հասարակության դիրքորոշումը՝ կապված արդարության և հատուցման պահանջների հետ: Մեկ այլ, հաճախ անտեսվող նախաձեռնություն, որն առաջարկում է այլընտրանքային մոտեցում հաշտեցմանն ուղղված պետական գործելակերպին, Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգումն է 2009 թ.-ին: Քրդական քաղաքապետարանի և Հայոց պատրիարքարանի կողմից համատեղ իրականացված այս նախագիծը կտրուկ հակադրության մեջ է մտնում Թուրքիայի կառավարության կողմից 2007 թ.-ին Աղթամար եկեղեցու վերականգնման հետ, որն երևում է հետևյալ համեմատության մեջ:

Կառուցված 1515-18թթ.-ին`Սուրբ Կիրակոս եկեղեցին եղել է Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին մինչև 1915թ.-ը: Ցեղասպանության ժամանակ, Դիարբեքիրի ամբողջ քրիստոնյա բնակչությունը սպանվել էր, արտաքսվել կամ ենթարկվել բռնի իսլամացման, իսկ նրանց պաշտամունքային վայրերը` ոչնչացվել: Հանրապետական Թուրքիայի ժամանակահատվածում` մասնավորապես 1960-ականներին և հետո, Դիարբեքիրը դարձավ քրդական ակտիվության կենտրոն և այն հաճախ կոչվել է որպես Քուրդիստանի գաղտնի մայրաքաղաք` դրանով ջնջելով այն փաստը, որ գրեթե նրա բնակչության կեսը ժամանակին հայ են եղել: 2004 թ.-ին, սակայն, երկու վաղեմի քուրդ ակտիվիստների` Օսման Բայդեմիրի եւ Աբդուլլահ Դեմիրբասի ընտրվելը Դիարբեքիրի քաղաքապետերի պաշտոնում և Սուր քաղաքապետարանում համապատասխանաբար տեղական մակարդակով նախաձեռնել է մի շարք քայլեր ` Դիարբեքիրում հայկական անցյալը և ներկան վերակենդանացնելու ուղղությամբ: Բոլոր գործող փողոցային և ողջույնի նշանների հայերեն թարգմանությունը ապահովելուց զատ, նրանք նախաձեռնեցին Սուրբ Կիրակոս եկեղեցու վերականգնման նախագիծը: Ավելին, նրանք վերադարձրեցին եկեղեցու գործերը, ինչպես նաև այլ հաստատությունների գործերը, որոնք հայտնաբերվել են վերականգնողական աշխատանքների ընթացքում և որոնք ժամանակին պատկանել են հայերին`Հայոց պատրիարքարանին: 2011թ.-ին եկեղեցին վերաբացվել է քաղաքապետ Բայդեմիրի և հայ արքեպիսկոպոս Աթեսյանի կողմից: Այդ ժամանակվանից ի վեր եկեղեցին ծառայել է ոչ միայն որպես պաշտամունքի, այլև հայկական մշակույթի վերածննդի վայր:

Ի հակադրություն վերոնշյալի, կառավարության կողմից Վանա լճի վրա Աղթամար եկեղեցու վերականգնման գործընթացը առաջացրեց մեծ հակասություն և ընդդիմություն հայկական կազմակերպությունների և հայ մտավորականների, այդ թվում՝ հանգուցյալ Հրանտ Դինքի կողմից: Արդեն իր առաջին հայտարարության մեջ այն մասին, որ կառավարությունը մտադիր է վերականգնել հայկական եկեղեցին, վարչապետ Էրդողանը ներկայացրեց այն որպես «ցեղասպանության միջազգային պահանջներին» հակազդելու ջանք՝ վերածելով այն ցեղասպանության ժխտումը պահպանելու մի գործիքի: 9 2006 թ.-ին մշակույթի նախարարը, ում հովանու ներքո իրականացվել են վերականգնողական աշխատանքները, հայտարարեց, որ եկեղեցին վերաբացվելու է 2007թ.-ի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության միջազգային հիշատակման օրը: Ի պատասխան արտերկրում հայկական կազմակերպությունների ընդդիմության, մշակույթի նախարարությունը առաջարկեց ապրիլի 11-ը որպես նոր ամսաթիվ, բայց հին հայկական օրացույցում այս ամսաթիվը համապատասխանել է ապրիլի 24-ին: Ցեղասպանության ճանաչմանը հակազդելու նպատակով եկեղեցու վերանորոգումը «ցուցափեղկի» վերածելու կառավարության պահանջը դրդել է հայ լրագրող Հրանտ Դինքին, որպեսզի վերջինս եկեղեցու վերականգնման գործընթացը նկարագրի որպես «կատակերգություն»: 2007թ.-ի հունվարին Դինքը սպանվեց թուրք ազգայնականների կողմից այն բանից հետո, երբ նրան արդեն թիրախավորել էին թուրքական ԶԼՄ-ներում եկեղեցու նախագծի հետ որևէ կապ չունեցող պատճառներով: Եկեղեցու բացումը, այնուամենայնիվ, հետաձգվել է 2007 թ.-ի սեպտեմբեր ամիս: Երբ այն վերջապես վերաբացվեց, այն վերաբացվեց ոչ թե որպես եկեղեցի, այլ որպես թանգարան, որտեղ պատարագի անցկացումը թույլատրվում էր միայն տարին մեկ անգամ: Եկեղեցու իսկական անվանումը Սուրբ Խաչ էր, որը վերափոխվել էր Աղթամարի (թուրքերեն թարգմանությամբ`«սպիտակ երակ»), այսպիսով շարունակելով հայկական անունները թուրքացնելու պետական գործելաոճը: Ոչ իրավական փաստաթղթերը, ոչ էլ որևէ այլ գույք չի վերադարձվել Պատրիարքարանին: Բոթիի` անձնապես ներողություն հայցելու արարքը, հողատարածքի վերադարձման և Դիարբեքիրի քաղաքապետարանի գործողությունների միջոցով, ապահովել է միայն քուրդ դերակատարների կողմից ակնթարթային հաշտեցմանն ուղղված այլընտրանքային ջանքեր: Ավելորդ է ասել, որ նրանք չեն ներկայացնում բոլոր քուրդ մտավորականների, ակտիվիստների կամ քուրդ քաղաքացիական հասարակության դիրքորոշումը: Ցեղասպանության մեջ քրդերի մասնակցության ժխտումը քրդերի իսկ կողմից և այն, թե ինչ է ենթադրում այդ դերը ներկայի համար նույնպես գոյություն ունի, հատկապես, երբ այն առնչվում է հողի և փոխհատուցման խնդիրների հետ:

Սակայն նրանք օգնում են բացահայտել, թե ինչն է, որ բացակայում է թուրք-հայկական հաշտեցման գործընթացի քննարկման մեջ: Թուրք մտավորականների դատողության պաշտոնական կարծիքի հետ համընկնումը տեսանելի է դառնում, երբ այն համեմատականության մեջ է դրվում քուրդ դերակատարների՝ հաշտեցման ուղղված ջանքերի հետ, ովքեր չեն բացառում արդարության, փոխհատուցման և ցեղասպանության պաշտոնական ճանաչման խնդիրները: Հաշվի առնելով քրդերի վերջին ժամանակաշրջանի պատմությունը, զարմանալի չէ, որ նրանց` հաշտեցմանն ուղված ջանքերի լեզուն և բովանդակությունն առաջնորդվում են արդարադատության վրա հիմնված հաշտեցմամբ: Մարդասպաններից զոհերի նրանց փոխակերպումը, հակադարձելով Մահմուդ Մամդանի արտահայտությունը, ոչ միայն ճանապարհներ բացեց ինքնահարցման համար, այլև համակցեց քրդերի` արդարությանն ուղղված որոնումների հավաստիությունը իրենց ունակությանը ապահովելու այն հայերին և ցեղասպանության այլ զոհերին: Ինչևէ զարմանալին այն է, որ թուրք-հայկական հաշտեցման գործընթացում թե՛ հայ, թե՛ թուրք դերակատարները, ինչպես նաև այս գործընթացի հետ առնչվող փորձագետները, մոռացության են տալիս քրդերի՝ հաշտեցմանն ուղղված ջանքերի այլընտրանքային հեռանկարները: Այս առումով ես խորապես համոզված եմ, որ նման անիրազեկվածությունը Թուրքիայում ներկայիս հաշտեցման դիսկուրսում համապարփակ մոտեցման բացակայության պատճառով է: Նշանավորվելով փոխկապակցված պետական հանցագործությունների մասնատմամբ և անջատմամբ թե՛ հանրային մտավորական քննարկումներում, թե՛ գիտության մեջ, հաշտեցման ջանքերը մնում են թակարդված առճակատման ու ժխտման երկդիմի իրավիճակի մեջ: Այն նաև մնում է թակարդված երկակի կուրության մեջ այն սահմանափակումների առումով, որ ներկան առաջ է քաշում թե անցյալի, թե ապագայի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930