Կայացավ հանրապետության ջրագնդակի առաջնությունը, որը կազմակերպել էր Ջրագնդակի հայկական դաշնությունը: Մասնակցեց չորս թիմ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում հաղթեց «Վիկտորիան»: Նրան հաջորդեցին «Արմադան», «Սպիտակ» լողավազանի թիմը եւ «Արմադա-2»-ը:
Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը մրցանակակիրներին հանձնեց գավաթներ, իսկ մասնակից բոլոր թիմերին՝ շնորհակալագրեր:
Առաջնության ավարտին դաշնությունը ցուցադրական-ընկերական հանդիպում կազմակերպեց մասնակից թիմերից ընտրված խորհրդանշական եւ վետերան ջրագնդորդների հավաքականների միջեւ, որն ավարտվեց երիտասարդների հաղթանակով՝ 14:10:
Կարդացեք նաև
Ռուբեն Հակոբյանն ընդհանուր առմամբ բավարարված է առաջնության ընթացքից: «Հաշվի առնելով, որ Ջրագնդակի հայկական դաշնությունը 2016 թվականին չէր ֆինանսավորվել, այն անցկացրինք մեր ուժերով: Ես այս փուլում ավելի կարեւորում եմ մարզաձեւի պահպանումը եւ թիմերի մասնակցությունը: Հատկապես պատանիներն ու երիտասարդները մարզվում են, բայց միշտ չէ, որ մրցակցային փորձ ձեռք բերելու հնարավորություն ունենում են», – ասաց նախագահը:
Aravot.am-ի հետ զրույցում շոշափվեցին ջրագնդակի ներկայիս վիճակին եւ ապագային առնչվող օրախնդիր հարցեր, որոնց կարող եք ծանոթանալ «Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 30-ի համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ