ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի հետ՝ քննարկելու քաղաքացիական ծառայության համակարգում երկու կառույցների հետագա համագործակցության հեռանկարները:
Դեսպան Ավակովը ծանոթացել է հայաստանյան պետական կառավարման համակարգի նկարագրին, այդ համակարգում քաղաքացիական ծառայության շրջանակին, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի գործառույթներին, տեղեկացել քաղաքացիական ծառայության կաղության, պրոֆեսիոնալիզմի ապահովման կառուցակարգերի մասին: Քննարկվել են տարիներ շարունակ ՀՀ ՔԾԽ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությանը, համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:
ՀՀ ՔԾԽ նախագահը դեսպանին ներկայացրել է ԵՄ-ի հետ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում սկսված Հայաստանի քաղաքացիական ծառայության բարեփոխումների նպատակները, ՀՀ կառավարության և ՀՀ ՔԾԽ-ի կողմից որդեգրվող՝ համակարգի զարգացման հայեցակարգային մոտեցումները:
Կարևորվել են հատկապես Հայաստանի քաղաքացիական ծառայության մեկնարկած բարեփոխումների հենքին քաղաքացիական ծառայողների մասնագիտական վերապատրաստումների, ինչպես նաև վերապատրաստման կարիքների բացահայտման գործող մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը, այդ գործընթացներին փորձագիտական և մեթոդական հնարավոր օժանդակության եղանակները:
Դեսպան Ավակովը և ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ բարեփոխումներին միտված համագործակցության կոնկրետ ծրագրեր նախանշելու և իրականացնելու նպատակով:
ՀՀ ՔԾԽ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցությունը մոտ տասնամյա պատմություն ունի: Դրա շրջանակում մշտադիտարկման են ենթարկվել քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման գործընթացները, կատարելագործվել և արդիականացվել են մրցութային հարցաշարերը, իրականացվել են քաղաքացիական ծառայողների՝ հակակոռուպցիոն կարողությունների զարգացմանը և քաղաքացիների սպասարկմանն ուղղված թիրախային վերապատրաստումներ:
Կարդացեք նաև
Գոռ Աբրահամյան
Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն
Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ