Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ, Երեւան քաղաքի բնակիչ 1975թ. ծնված Գարեգին Բաղդասարյանը հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի տնտեսական ջոկի հրամանատար-ճաշարանի պետ, լիազորված լինելով մասնակցելու մթերքների բաշխմանը, կաթսաներում ստացված մթերքների դարսմանը եւ ճաշարանում տնտեսված մթերքների հաշվառմանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, նույն զորամասի զինավանի ճաշարանից փորձել է հափշտակել իրեն վստահված, պաշտպանության նախարարության կարիքների համար նախատեսված սննդամթերքից: Նա 2016թ. ապրիլ-մայիս ամիսներին տնտեսման եղանակով յուրացնելու նպատակով ավելացրած 35 հազար 186 դրամի սննդամթերքը 2016թ. մայիսի 20-ին, ժամը 10 -ի սահմաններում ճաշարանից տեղափոխել եւ իր բնակարան տանելու նպատակով տեղավորել է իր կողմից օգտագործվող «Օպել Աստրա« ավտոմեքենայի սրահում, սակայն ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից անակնկալ ստուգայցով եւ ավտոմեքենայի զննությամբ նշված սննդամթերքը հայտնաբերվել է:
Գ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում Գ. Բաղդասարյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, միջնորդությունը բավարարվել է:
Ըստ « Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ հոկտեմբերի 24-ին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Բաղդասարյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել 500 հազար դրամ տուգանքի, իրեղեն ապացույց ճանաչված 8.7 կգ խոզի միսը, 2.550 կգ կարագը, 0.095 կգ ռեհանը, 5.9 կգ խտացրած կաթը, 0.510 կգ կետչուպը, 90 հատ հավկիթը թողնել զորամասի տնօրինմանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ