Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարման համակարգի նոր փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման»

Նոյեմբեր 28,2016 15:23

2016թ. նոյեմբերի 8-ին հրապարակված Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը համահունչ է օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին։ Հայեցակարգի մասին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը օգոստոսի 29-ին հրապարակեց իր տեսակետը, որի մեջ մասնավորապես նշվել է. «Հայեցակարգում ներկայացված առաջարկները ստեղծում են գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, որի համար խորհրդարան- օրենսդիրն ունի միայն ձեւական բնույթ եւ լիազորություն»։

ՀՅԴ Արցախի կառույցը շեշտում էր, թե «Կառավարման համակարգի նոր փոփոխությունները պետք է գործեն ի նպաստ իրավական, ժողովրդավարական, ինքնիշխան պետության նոր փուլի կայացման եւ ընկալելի եւ ընդունելի լինեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործին աջակցող գործընթացների եւ միջազգային կառույցների համար»:

Հրապարակված Սահմանադրության նախագիծը, ցավոք, չի համապատասխանում այդ հրամայականներին։

ՀՅԴ Արցախի կառույցը համոզված է, որ «Իրականում, պետության կառավարման համակարգի մասին հայեցակարգի բարձրացրած մտահոգությունների լուծման ամենաարդյունավետ տարբերակը համամասնական ընտրակարգով խորհրդարանական համակարգն է»։ Իսկ հրապարակված Սահմանադրության նախագիծը ստեղծում է գերկենտրոնացված նախագահական – գործադիր իշխանություն, պետական կառավարման միջազգային փորձում նախադեպը չունեցող համակարգ։

Այդուհանդերձ, ՀՅԴ Արցախի կառույցը, նպատակ ունենալով երկիրը օժտել կառավարման այնպիսի համակարգով, որ համապատասխան կլինի պետության առջև ծառացած մարտահրավերներին, պատրաստ է ակտիվ մասնակցել Սահմանադրական բարեփոխումների քննարկման բոլոր հանգրվաններին։ ՀՅԴ Արցախի կառույցն արդեն արձագանքել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ ներկայացված Սահմանադրության նախագիծը քննարկելու առաջարկին եւ հանձնաժողովին է ներկայացրել իր գրավոր տեսակետները:

ՀՅ Դաշնակցության կողմից ներկայացված առաջարկների հիմնական բաժինը վերաբերում է երկրի կառավարման համակարգում Ազգային Ժողովի դերակատարության և ժողովրդավարական ինստիտուտների դերի բարձրացմանը: Սահմանադրության նախագծի «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» բաժնում, ըստ Դաշնակցության՝ պետք է հստակ ամրագրվի ԼՂՀ տարածքը: ՀՅԴ համար անընդունելի է նախագահի և ԱԺ միաժամանակյա ընտրությունները (հոդված 90 և 109), ինչը մեր կարծիքով չի համապատասխանում անգամ դասական նախագահական կառավարման համակարգում ընդունված ձևաչափերին:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն հուսով է, որ Սահմանադրական բարեփոխումների քննարկումները կարդյունավորվեն և Արցախում գործող քաղաքական ուժերը կկարողանան առաջնորդվել այնպիսի միասնական մոտեցումներով, որոնք ավելի կամրապնդեն երկրի զարգացման ուղին ու անվտանգությունը:

 
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտե
28 նոյեմբեր, 2016թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930