Ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը շահարկման է ենթարկել Նիդերլանդներում ՅՈՒԿՕՍ-ի գործով դատավարությունը: Այս մասին գրում է հոլանդական NRC Handelsblad պարբերականը, որի տրամադրության տակ հայտնվել են ռուսական նավթային ընկերության նամակագրությունը և թղթաբանությունը:
Ըստ պարբերականի՝ հենց «Ռոսնեֆտն» է կանգնած 2010թ. հոկտեմբերին կայացված վճռի ետևում, որով Հայաստանի Գերագույն դատարանը ռուսական կազմակերպությունը ճանաչեց ՅՈՒԿՕՍ-ի հայկական «դուստր» ընկերության սեփականատեր: Այդ որոշման վրա էլ Հոլանդիայի դատարանը 2011թ. մայիսին նույնպիսի վճիռ կայացրեց:
Պարբերականը գրում է, որ շահարկումներում «Ռոսնեֆտին» աջակցություն է ցուցաբերել ամերիկյան Baker Botts իրավաբանական ընտրությունը, հայ և ռուս պաշտոնյաներ, այդ թվում փաստաբան Էդուարդ Մուրադյանը, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակիցներ: Baker Botts-ի և Մուրադյանի օգնությամբ «Ռոսնեֆտը» կարողացել է գնել Հայաստանի դատարանի ներկայացուցիչներին:
Ընդ որում, վկայություններ առ այն, որ «Ռոսնեֆտը» ճնշում է գործադրել դատարանի վրա, ՅՈՒԿՕՍ-ի փաստաբանները ներկայացրել էին դեռ 2014թ. լսումների ժամանակ. մեկ տարի անց այդ վկայություններն Ամստերդամի դատարանում ճանաչվեցին որպես հանցանշաններ: Դրանից հետո «Ռոսնեֆտը» հետ կանչեց իր հայցը ՅՈՒԿՕՍ-ի հայկական ստորաբաժանման դեմ, իսկ վերջինիս՝ 337 մլն դոլարի չափով ակտիվները բաշխվեցին ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերի միջև:
Կարդացեք նաև
«Ռոսնեֆտից» NRC Handelsblad-ին մեկնաբանել են, որ Հայաստանի դատարանի որոշումները հիմնավորված են եղել և ընդունվել են օրենքին համապատասխան: Baker Botts-ից հերքել են, որ ընկերությունը որևէ կերպ ազդեցություն է ունեցել հայկական արդարադատության վրա, և հրաժարվել են հետագա մեկնաբանությունից՝ հղում անելով գաղտնիությանը: Փաստաբան Մուրադյանը նույնպես հերքել է իր հասցեին մեղադրանքները: ՅՈՒԿՕՍ-ում նշել են, որ իրավիճակը վկայում է՝ Ռուսաստանը դատարանների վրա ճնշումներ գործադրելու փորձերում պատրաստ է հեռու գնալ:
Հիշեցնենք, 2007թ. ՅՈՒԿՕՍ-ը սնանկ ճանաչվեց և լուծարվեց, իսկ նրա հիմնական ակտիվներն անցան «Ռոսնեֆտին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ