ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ ակնհայտ է, այսօրվա մեր իրավիճակում քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր. «Միշտ իշխանության մեջ եղած ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցների՝ իրենց գաղափարները տարածելու առումով, իսկ այն, ինչ նախատեսում է օրենսդրությունը, չափազանց նվազագույն գումար է: Ե՞րբ ենք մենք անդրադառնալու այս խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված ուժերը, նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել, կարողանան ավելի հարմարավետ զգալ, գոնե նվազագույն պահանջները կարողանան հոգալ տարածքներում: Այն, ինչ ունենք, անբավարար է»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրավացի եք, պետական բյուջեում ֆինանսական միջոցների սղությունը առկա է»: Նա ասաց, որ նոր նախագծում անդրադառնում են պետական ֆինանսավորման չափին: Նախարարը նշեց, որ ՀԿ-ները առաջարկել են, որ կուսակցությունները ոչ թե մեխանիկորեն ստանան այն միջոցները, որ պետությունը տալիս է, այլ որոշակի չափանիշների բավարարեն, միայն այդ դեպքում լինի ֆինանսավորում, այն էլ՝ լինի տարբերակված. «Մոտեցումները տարբեր են, հնչել է նույնիսկ, որ կանխիկ նվիրատվությունները ֆինանսավորման աղբյուրների մեջ չպետք է լինեն, պիտի դուրս գան: Իրականում, եթե ունեք գործուն մոդել, բայց որը պետության ֆինանսական բեռը չի բարձրացնի համաչափորեն, կարող ենք քննարկել»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ օրենքում հստակ չափանիշներ կարող են դնել, թե որ ուժը պետք է ֆինանսավորվի պետության կողմից:
Աղվան Վարդանյանն առաջարկեց, որ այսպիսի մոտեցում լինի՝ ովքեր իշխանության մեջ են, նրանց համար այլ բանաձեւ լինի, ովքեր ընդդիմություն են՝ այլ: Գոնե այս մոտեցումը պետք է լինի ժամանակավոր. «Բայց որ մենք անկախ պետական միջոցների սղությունից պետք է այստեղ փոփոխություն անենք, որ գոնե համակարգը շարժվի, քաղաքական կոռուպցիան նվազի, քաղաքական կուսակցությունների վրա այլ ազդեցությունները նվազեն, մենք պարտավոր ենք սա անել՝ թեկուզ մի քիչ գոտիներս ձգելով»
Կարդացեք նաև
Նախարարը խոստացավ առաջարկը քննարկել եւ ասաց, որ տարբերակված մոտեցում հնարավոր է ցուցաբերեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ