Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա ոստիկան. Չեմ տեսել՝ լրագրողների տեսախցիկներ ջարդեն

Նոյեմբեր 28,2016 14:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 28-ին դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվում էր «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ: Վկա ոստիկան Լեւոն Սադաֆյանը ասաց, որ 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերի մանրամասները չի հիշում: Նա նշեց, որ զանգվածային անկարգություններ են եղել, իրենք հրահանգ են ստացել բացել փողոցը եւ բերման ենթարկել այն անձանց, որոնք խոչընդոտել են ոստիկանության ծառայությանը եւ զանգվածային անկարգության են մասնակցել: Ինքը բերման է ենթարկել մեկ անձի՝ գործով տուժող, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին: Վկան մանրամասնեց, որ ինքը եւ գործով վկա, ոստիկան Սամվել Սարուխանյանը տեսել են, թե ինչպես են Վահագն Աղաջանյանը եւ գործով ամբաստանյալ Կոստան Բուդաղյանը բռնել 1 հոգու, մոտեցել են եւ իրենց նախաձեռնությամբ ուղեկցել են ոստիկանության մեքենա. «Ձեռնաշղթա չի եղել, մենք մոտեցանք մտանք թեւերը եւ ուղեկցեցինք»:

Լեւոն Սադաֆյանը դատարանին հայտնեց, որ տուժողի վրա լրագրողի վկայական չի տեսել եւ չի հիշում արդյոք տեսախցիկ ունեցել է, թե ոչ: Հարցին, թե որն է պատճառը, որ Խաչատուր Եսայանին բերման են ենթարկել, վկան պատասխանեց, որ ամբոխի մեջ էր, զանգվածային անկարգության մասնակից, փախել էր Ազատության հրապարակ, եւ իրեն հրավիրել էին ոստիկանության բաժանմունք, որպեսզի անձը ճշտեն:

Պատասխանելով տուժողի ներկայացուցիչ Դավիթ Գյուրջյանի հարցին՝ վկան պատասխանեց, որ այդ օրը չի տեսել, որ լրագրողներին բերման ենթարկեն կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրեն: Մինչեւ վերջ Ազատության հրապարակում է եղել, բայց չի տեսել, որ լրագրողների տեսախցիկ ջարդեն: Դավիթ Գյուրջյանը հետաքրքրվեց, թե ինչ է նշանակում զանգվածային անկարգություն եզրը ըստ վկայի, Լեւոն Սադաֆյանը պատասխանեց, որ ցույցի ընթացքում քաղաքացիները փողոցն էին փակել, երթեւեկությանն էին խոչընդոտում, չէին ենթարկվում ոստիկանության օրինական պահանջին, աղբամաններն էին դրել փողոցի մեջտեղում, պլաստմասե շշեր էին նետում ոստիկանության ուղղությամբ:

Լեւոն Սադաֆյանը չգիտեր, թե ով էր ղեկավարում ոստիկանության՝ 2015 թվականի հունիսի 23-ի գործունեությունը: Նա Ազատության հրապարակում վերադասի չի տեսել, տեսել է միայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, այն էլ Բաղրամյան պողոտայում:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք՝ Տաճատ Մհերի Նորատունկյանին,Արթուր Վաչագանի Այվազյանին, Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանին,Դավիթ Սամվելի Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը, Արմենիա հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրինական գործունեությանը, ինչպես նաև Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապայանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930