Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 28-ին, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, շարունակվում էր «Էլեկտրիկ Երեւան» ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործի քննությունը:
Նիստի ընթացքում հարցաքննվեցին վկաներ: Վկա ոստիկան Սամվել Սարուխանյանը չէր ճանաչում գործով ո՛չ ամբաստանյալներին, ո՛չ էլ տուժողներին: Նա նշեց, որ լավ չի հիշում 2015 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցած դեպքերը: Նա դատարանին հայտնեց, որ այդ օրը բերման է ենթարկել քաղաքացու, սակայն պատճառները չի հիշում: Սամվել Սարուխանյանը նշեց, որ տվյալ քաղաքացուն՝ գործով տուժող, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանին, բերման է ենթարկել Վահագն Աղաջանյանը եւ ես մեկ ոստիկան, սակայն փոխանցել են իրեն եւ ոստիկան Լեւոն Սադաֆյանին, որպեսզի ուղեկցեն մինչեւ մեքենա:
Հարցին, թե տեղեկացրե՞լ են արդյոք, որ բերման ենթարկվողը լրագրող է, պատասխանեց՝ ոչ եւ հավելեց, որ ո՛չ լրագրողի վկայական, ո՛չ տեսախցիկ չի նկատել: Սամվել Սարուխանյանը 2015 թվականի հունիսի 23-ին ականատես չի եղել նաեւ, թե ինչպես են լրագրողի բերման ենթարկում, կամ վնասում նրա տեսախցիկը, եւ ինքն էլ նման հրաման չի ստացել: Վկան չէր հիշում, թե դեպքը երբ է տեղի ունեցել, թե դեպքից ինչքան առաջ է սկսել իր ծառայությունը՝ նշելով, որ այդ օրը խառնաշփոթ էր: Հարցին, թե Լեւոն Երանոսյանին տեսել է Ազատության հրապարակում, ասաց, որ իրեն ծանոթ չէ Երանոսյան ազգանունը, իսկ բացի Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից, այդ օրը որեւէ վերադասի չի տեսել:
Հիշեցնենք՝ Տաճատ Մհերի Նորատունկյանին,Արթուր Վաչագանի Այվազյանին, Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանին,Դավիթ Սամվելի Փերիխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով՝ 2015թ. հունիսի 23-ին Ազատության հրապարակում խոչընդոտել են «Ֆոտոլուր» լրատվական գործակալության ֆոտոլրագրող Հայկ Բադալյանի մասնագիտական օրինական գործունեությանը և ապօրինաբար նրան բերման ենթարկել՝ խոչընդոտելով վերջինիս աշխատանքը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Խաչատուր Եսայանի մասնագիտական օրինական գործունեությանը,ինչպես նաև Աշոտ Բոյաջյանի, լրագրող Արթուր Պապայանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ