Ռուսաստանի Կազան քաղաքում ապրող թոշակառու Ասգատ Գալիմզյանովն իր կյանքի ընթացքում 80 ավտոբուս է նվիրել մանկատներին և միլիոնների հասնող հանգանակություններ կատարել: Ինքը՝ բարերարը, ապրում է բարաքում և խոստովանում է, որ իր գլխավոր կոչումն է աշխարհը դարձնել ավելի լավը, իսկ մարդկանց՝ ավելի երջանիկ:
77-ամյա տղամարդուն անվանում են «միլիոնատերը ետնախորշերից», առաջին թաթար կապիտալիստ: Ասգատ Գալիմզյանովի մասին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ են գրվել. ոմանք նրան համարում են սուրբ, ոմանք՝ քաղաքային խելագար: Մի բան բոլորն են ընդունում. այդպիսի մարդկանց թիվն աշխարհում շատ չէ:
Միայն մոտավոր հաշվարկներով Գալիմզյանովը որբ երեխաների, ծերերի և հաշմանդամների վրա ծախսել է ավելի քան 600 հազար խորհրդային ռուբլի, տարբեր հաստատությունների է հանձնել ավելի քան 80 ավտոբուս, գնել և կարիքավորներին է բաժանել 100-ավոր հեռուստացույցներ, ինչպես նաև հագուստ և սնունդ:
«Շուկայի մոտ լքված այս բարաքը ես գնել եմ, տարածքը մշակել, իշխանություններից թույլտվություն եմ ստացել ցլերի գլխաքանակը հասցնել մինչև 300: Աշխատանքում ինձ օգնել են եղբայրս և որդիս: Յուրաքանչյուր աճեցված կենդանի ես հանձնում էի պետությանը և դրա դիմաց ստանում մի քանի հազար ռուբլի: Ընտանիքիս հետ մենք գումար գրեթե չենք ծախսել և գնել ենք հայրենական արտադրության ավտոբուսներ: Այդ ժամանակ դրանք այնքան թանկ չէին, որքան հիմա»,- պատմում է նա:
Կարդացեք նաև
Գալիմզյանովը խոստովանում է, որ բարի գործ անել սովորել է հորից:
«Նրան բոլորը հարգում էին գյուղում,- ասում է նա:- Եվ ինձ սովորեցրել էր ձեռք չտալ ուրիշի ունեցվածքին, աջակցել անօգնականներին: Այսօր ոմանք պարծենում են իրենց հարստությամբ, մյուսները չեն կարողանում գումար վաստակել: Իսկ փողը միշտ էլ գետնին ընկած է, անհրաժեշտ է պարզապես բարձրացնել այն. տնային կենդանի պահի՛ր, աշխատի՛ր, և ամեն ինչ կունենաս,- բացատրում է նա:- Իսկ ինձ ոսկի պետք չէ, ես դրան սովոր չեմ»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ