Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքից գումարներ բերելու խնդիր ունի վարչախումբը». Ալեք Ենիգոմշյան

Նոյեմբեր 28,2016 13:36

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը երկու դրդապատճառ է տեսնում, թե ինչու Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, որ սփյուռքի գործիչներին այսուհետ ավելի մեծ լիազորություններ կտրվեն:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ենիգոմշյանը նշեց, որ առաջին պատճառը սփյուռքից գումարներ բերելն է Հայաստան, երկրորդը՝ սփյուռքի՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ օրեցօր ավելի սթափ գիտակցության դեմն առնելը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 16-րդ համագումարում հնչած ելույթում  հայտարարել էր. «Մենք ունենք Հայաստանի զարգացմամբ մտահոգ սփյուռք, ունենք աշխարհում հաջողության հասած այնպիսի հայրենակիցներ, ում անձնական և ինստիտուցիոնալ հնարավորությունները Հայաստանում ինչ-որ բան առաջ տանելու հարցում շատ ավելին են, քան անգամ պետական մի քանի գերատեսչությունների կարողությունները միասին վերցրած։ Եվ այդ մարդիկ իսկապես մտահոգ են Հայաստանի զարգացմամբ։ Մենք փոխում ենք սլաքը, ասում ենք՝ այսուհետ մշակված ձևաչափերով միասին ենք աշխատելու, միասին ենք ամրագրելու նպատակադրումները, միասին ենք դեր ստանձնելու, միասին ենք իրականացնելու, և վերջում էլ միասին ենք ասելու ինչը ստացվեց և ինչը՝ ոչ»:

Ալեք Ենիգոմշյանը նկատեց, թե Սերժ Սարգսյանը նոր բան ապացուցելու կարիք չունի. այս տարիների ընթացքում, այդ թվում նաև 2008-ից առաջ, նա մշտապես ապացուցել է, որ կարող է խոստումներ տալ, բայց իր բոլոր ասածները արժեք չունեն:

Մանրամասնելով՝ պարոն Ենիգոմշյանը նշեց. «Այս վարչախումբը գտնվում է լուրջ ֆինանսական խնդիրների մեջ. փողի, գումարների ծորակները համարյա թե փակվել ու սեղմվել են, շատ քիչ գումար է մտնում Հայաստան: Այդ գումարները ծառայում էին այս վարչախմբին, անձնական անհատներին և համակարգը պահելուն: Իսկ հիմա համակարգը պահելու համար անհրաժեշտ գումար չունեն, դրա համար էլ Սերժ Սարգսյանը շոյում է սփյուռքին՝ խոստանալով սփյուռքի որոշ ներկայացուցիչներին խոսք ու դերակատարություն տալ, որպեսզի գումարներ բերի Հայաստան իրենց համակարգն ու վարչախումբը պահելու համար»:

Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը տեսնում է, որ սփյուռքն, այնուամենայնիվ, սթափ գիտակցում է ՀՀ-ում տիրող իրավիճակը, ու եթե նախորդ տասնամյակներին վարչախմբին հաջողվել էր սփյուռքին խաբել, այն պատրանքը ստեղծել, որ այստեղ հայկական պետությունն է և այն պիտի պաշտպանել, այժմ այդ փորձերն արդեն արդյունք չեն տալիս, և աստիճանաբար սփյուռքից ավելի շատ են լսվում ներկա վարչախմբին մերժող, պատասխանատվությունն ամբողջությամբ այս վարչախմբի վրա դնող ձայները:

Ամփոփելով՝ պարոն Ենիգոմշյանն ասաց. «Սերժ Սարգսյանի ոչ մի ասած ոչ մի նշանակություն չունի խոստումների ու գեղեցիկ խոսքերի առումով»:

Նշենք, որ ելույթի՝ սփյուռքին վերաբերող հատվածը Սերժ Սարգսյանն ավարտում է նախազգուշացումով. «Բայց մենք դժվար թե այնքան ժամանակ, անկեղծ ասեմ, նաև ցանկություն գտնենք, որ կարողանանք մեկ առ մեկ արձագանքել այն փոքրաթիվ անհատներին, ովքեր երբեք կամ առնվազն բավականաչափ երկար ժամանակահատված Հայաստանում չեն եղել, չգիտեն մեր իրականությունը, որոշ դեպքերում չեն մասնակցում անգամ իրենց համայնքային կյանքին, բայց դատավորի դեր են ստանձնել և աջ ու ձախ փնովում ու մեղադրանք են տարածում։ Վստահ եմ՝ սա անհեռանկար զբաղմունք է, որ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու է»:

Ալեք Ենիգոմշյանը հավաստեց, որ հենց այս նախադասություններն էլ մատնում են այն դրդապատճառները, որոնք Սերժ Սարգսյանին մղել են այսպիսի հայտարարությամբ հանդես գալ:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շուշան says:

    Կեցցես, կեցցես, հարգելի Ենիգոմշյան, հենց սա է, որ կա ճշմարտությունը, մեր իրականության մեջ,, խայտառակ պետություն ունենք, որ աշխարհը չունի․․ ով ա տեսել հայ ազգի մեջ այսքան հրեշներ, որ իր սեփական ժողովրդին ողջ-ողջ սպանդի վերածի․․ հայ ազգի վիճակը ցեղասպանություն է, որ կատարվում են իշխանությունների կողմից, հատկապես քրեաօլիգարխների անսահման անմարդկային արարքները․․․

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930