Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանին հիշեցնում են, որ 1995-ից ՀՀ-ում շուրջօրյա էլեկտրամատակարարում կա՝ ՀՀՇ-ի շնորհիվ (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2016 13:02

«ՀՀԿ-ն իր պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերում ծերունական զառամախտի ախտանշանները: Սերժ Սարգսյանը ասում է բաներ, որոնք բնորոշ էին КПСС-ին՝ 70-80-ականներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանի ելույթը մեկնաբանելիս հիշեց կոմունիստներին:

Նրա խոսքերով՝ «Երբ կոմունիստները գրում էին, որ այսքան աճ պետք է լինի, աճը չէր լինում, բայց գրում էին, որ այսքան աճ կա: Եվ իրենք հավատում էին դրան: Բարձր ղեկավարները՝ Բրեժնեւից սկսած, Խրուշչովով ավարտած՝ հավատում էին այդ արդյունքներին, որովհետեւ իրենք բացարձակապես կտրված էին իրականությունից: Հիմա Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն այնքան են կտրվել իրականությունից, որ միգուցե հավատում են այդ թվերին: Դուք բոլորդ գիտեք՝ ինչ է կատարվում ռեալ կյանքում: Երբ նույն գործարար ակտիվության ինդեքսը, որը ժամանակին Տիգրան Սարգսյանը մտցրել էր, հատուկ էր մտցրել, որ այդ ինդեքսը մի քիչ ավելի բարձր ցույց տա, քան տնտեսական աճի ինդեքսը, հիմա այդ ինդեքսն առաջին անգամ հասել է զրոյի: Այսինքն, կատարյալ անկում է, եւ կատարյալ անկման վիճակում այսպես հաղթական զեկույցներով հանդես գալը, բնականաբար, մենակ մի խնդիր է հետապնդում, որ միամիտ զանգվածի մոտ ստեղծեն տպավորություն, թե մեծ հաջողություններով եւ հաղթանակներով գնում են դեպի ընտրություններով»:

Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել էր շուրջօրյա էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ծառազարդ փողոցների մասին՝ ասելով, որ աչքներս, այսպես ասած, սովորում է լավին եւ լավը չենք նկատում: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ շուրջօրյա էլեկտրամատակարարումը ՀՀ-ում գործում է 1995-ից. «1995-ից հետո նոր Սերժ Սարգսյանը նկատել է, որ Հայաստանում գործում է շուրջօրյա էլեկտրամատակարարում: Ատոմակայանը 95-ին վերագործարկեցինք, անմիջապես եղավ շուրջօրյա էլեկտրամատակարարում»:

Թե ինչու է իր ելույթում նախագահը խոսում դրա մասին՝ Լեւոն Զուրաբյանի մեկնաբանությամբ՝ «եթե ուրիշ դրական բան չկա, ինչի՞ մասին խոսի»:

Սերժ Սարգսյանը նաեւ իր ելույթում նշեց, որ աղքատությունը դինամիկ երեւույթ է, եւ եկամուտները, բարեկեցությունը մեծանում է, կարիքներն էլ հետն են մեծանում: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Դրա ենթատեքստը հետեւյալն է, որ մենք կյանքը աստիճանաբար լավացնում ենք, բայց մարդկանց ընկալումն է հետ ընկնում: Մարդիկ գնալով ավելի մեծ ախորժակ ունեն, ավելի մեծ սպասում, ակնկալիք, դրա համար էլ այս սոցիալական դժգոհությունն է շուրջբոլորը»:

Այն, որ ՀՀԿ-ականները փոխվել են, այլեւս չեն ծաղրում ընդդիմախոսներին, ավելի քաղաքավարի են, Լեւոն Զուրաբյանը չի հավատում. «Տեսնենք այդ վերաբերմունքն ինչքան երկար կտեւի»:

Նա ասաց, որ ընտրությունների գործընթացը կթեժանա՝ ՀՀԿ-ականների բառապաշարն էլ կվերադառնա, նրանց դեմքերն էլ կվերադառնան. «ՀՀԿ-ի իրական դեմքը դեռ բազմաթիվ առիթներ կունենաք տեսնելու: Շատ չկարոտեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930