Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Հեռուստամարաթոնի քաղաքական շերտը

Նոյեմբեր 28,2016 14:30

Աշխարհասփյուռ հայերը չեն կարողանում
հավաքել հավաքական հզորության կես տոկոսի չափ գումար

Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական ամենամյա հեռուստամարաթոն-դրամահավաքը: Այս տարի 19-րդն էր: Ողջ աշխարհում սփռված հայերը 12 ժամում հավաքեցին մոտ 15,5 միլիոն դոլար: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ այս գումարի մի մասը դեռ չկա, միայն խոստում է: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ հեռուստամարաթոնի վրա ծախսվել է մոտ մեկ միլիոն դոլար, եւ խոստումների մի մասը չի կատարվելու: Այլ խոսքով` այս 15,5 միլիոնից իրական փող է դառնալու 10-11 միլիոնը:
Արդեն 19-րդ անգամ անցկացվող հեռուստամարաթոնի վերջում ուղիղ եթերում քոչարի էր պարում ստուդիայում հավաքվածների մի մասը: Ուրախությունից: Բայց արժեր նախ որոշ հարցերի պատասխանել:

Հեռուստամարաթոնի լավագույն արդյունքը գրանցվել է 2008-ին` ավելի քան 35 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ խոստում: Մի երկու անգամ եղել է 20-25 միլիոն, հիմնականում` 10-15 միլիոն, 2005-ին անգամ 10 միլիոն չի հավաքվել` 7,7 միլիոն: Հեռուստամարաթոնների վիճակագրության մեջ հստակ քաղաքական տրամաբանություն է երեւում: 2008-ին Սերժ Սարգսյանն առաջին անգամ դարձավ ՀՀ նախագահ, ու հեռուստամարաթոն-դրամահավաքը գրանցեց վերը նշված ռեկորդը` ավելի քան 35 միլիոն դոլար: Հաջորդ տարի հավաքվեց դրա կեսից քիչ գումար` 15,8 միլիոն դոլար: 2013-ին Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ դարձավ ՀՀ նախագահ ու հեռուստամարաթոնի միջոցով հավաքվեց ավելի քան 22 միլիոն դոլար: Հաջորդ տարի գրեթե կեսը` 12,3 միլիոն դոլար:
Հեռուստամարաթոնից մեկ ամիս առաջ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ սփյուռքահայերը տեսնելով Երեւանի բրենդային խանութները եւ ճոխ ռեստորանները՝ դժվարությամբ են փող տալիս:

Սա առնվազն սխալ հայտարարություն է: Նախ բոլոր հեռուստամարաթոններից առաջ հիմնադրամը պաշտոնապես հայտարարում է դրամահավաքի նպատակը. 2010-ին՝ Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ գյուղերի համալիր զարգացման ծրագրեր, մասնավորապես՝ ջրամատակարարման ոլորտում, 2005-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում, 2012-ին` Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցում ու սիրիահայության հրատապ խնդիրների լուծում եւ այլն: Երեւանում հիմնադրամը ծրագրեր չի իրականացնում եւ լավ է անում: Բայց եթե սփյուռքահայը տեսնելով բրենդախեղդ Երեւանը՝ մարզի կամ Արցախի համար փող չի տալիս կամ դժվարությամբ է տալիս, նշանակում է՝ վստահ չի, որ փողը նպատակին կծառայի, մարզի համար տված փողը Երեւանում բրենդային խանութ չի դառնա: Կամ էլ տեսնում է բրենդային խանութը եւ եզրակացնում. Երեւանում փող կա, թող մարզերին բաժին հանեն, թող արդարաբար բաժանեն եղած փողը: Բրենդառատ մայրաքաղաքով պետությունում զարգացման, հոգատարության կարոտ կիսազարգացած մարզերի գոյությունը չի խոսում հմուտ կառավարման մասին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը գոյության 24-րդ տարում չի դարձել համայն հայության ուժերի ու կարողությունների համախմբման գործիք, ինչի համար ստեղծվել է 1992 թվականի մարտին: Իսկ սա նշանակում է, որ հիմնադրամի հանրային կապերի պատասխանատուները չեն փայլում արհեստավարժությամբ, չեն կարողանում հանրությանը ներկայացնել հիմնադրամի առաքելությունը:

Հիմնավոր կարծիք կա, որ աշխարհասփյուռ հայերի հավաքական ֆինանսական հզորությունը 40 միլիարդ ԱՄՆ դոլար է: Թող սա կրկնակի չափազանցված թիվ լինի, ու ընդունենք, որ իրականում 20 միլիարդ է, իսկ սրա 0,5` կես տոկոսը` 100 միլիոն դոլար: Մենք հաջողում ենք ազգովի հավաքել մեր կարողության 0,1 տոկոսից էլ քիչ գումար ու քոչարի ենք պարում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Սփյուռքահայերը ՀՀ-ի մասին կարծիք կազմում են Ձեր,,,Ժամանակ,,,,,Հայկական Ժամանակ,,,Հրապարակ,,,ՉԻ,,,,,Հետք,, և այլն պարբերականների հոդվածների հիման վրա,որտեղ ոչմի դրական հոդված չեն տեսնում,դրա համար էլ թերահավատ են:Այ,թեկուզ,,Առավոտ,, ,,Նյուս.ամ,, էլեկտրոնային պարբերականները՝բացում եմ կարդալու՝ամբողջությամբ վեր նշվածների հոդվածներն են,որոնք ոչինչ դրական,,էս երկրի,,մասին չեն գրում:Երիտասարդ բարեկամս բնակվում է Ֆրանսիայում,ավարտել է համալսարանը՝ուր դիմել է աշխատանքի ընդունվելու մերժվել է աշխատանքային փորձ չունենալու պատճատով՝ծանոթ երևույթ է չէ:Խորհուրդ տվեցի գալ Հայաստան աշխատանք գտնելու,պատասխանեց,որ սա ինչ երկիր է ,որ գամ այդտեղ բնակվեմ:Իսկ նա ծնվել և մինչև 10 տարի բնակվել է մեր երկրում:Ասացի որտեղից գիտես ինչպիսինն է մեր երկիրը,ասաց կարդում եմ ձեր պարբերականները….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930