Օրերս Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար գյուղում շուքով բացվեց հանդիսությունների սրահ: Գյուղի կենտրոնում գտնվող նախկին ճաշարանի շենքը հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմի տարիներին ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է, վնասվել: Շենքը Ռուսաստանում բնակվող ոսկեպարցիների կողմից գնվել է, նորոգվել, ձեռք են բերվել նոր սեղաններ, աթոռներ, սպասք, սրահի խոհանոցային մասն առանձնացվել է եւ այլն:
Ոսկեպարցիները հայտնեցին, որ 350 տեղանոց սրահը կծառայի սահմանամերձ գյուղի ուրախության եւ տխրության արարողությունների համար: Ցավոք, վերջին շրջանում Ոսկեպարում եւ Նոյեմբերյանի սահմանագոտու այլ գյուղերում ուրախության առիթներից ավելի շատ են մահվան դեպքերը: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կյանքից հեռանում են ոչ միայն տարեցներ,այլ նաեւ՝ միջին տարիքի մարդիկ, երիտասարդներ: Պատճառը մշտապես առկա պատերազմական վիճակից գոյացած սթրեսները եւ այլ հիվանդություններն են, բժշկական ապահովագրության բացակայությունը:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները սովորություն չունեն իրենց առողջությունը պարբերաբար ստուգելու, հիվանդանոց են գնում այն ժամանակ, երբ հիվանդությունները շատ խորացած են լինում: Սահմանագոտում ապրող, սոցիալապես անապահով մարդիկ գիտեն, որ Հայաստանում բուժվելը թանկ հաճույք է, առողջական խնդիրներ ունենալու դեպքում անգամ խուսափում են բժշկի դիմելուց: Սահմանամերձ տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ անցկացվող առողջապահական բարեգործական տարբեր ակցիաները լավ գործ են, սակայն առողջության հիմնահարցը չեն լուծում:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ