Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի մտածողության եւ ՀՀԿ-ի այսօրվա վիճակի մասին

Նոյեմբեր 28,2016 14:00

«Վարչապետն իր անդամագրումը ՀՀԿ-ին մեկնաբանեց շատ հետաքրքիր դիտարկումներով, որոնք, ես կարծում եմ, շատ բան են ասում նաեւ իր մտածողության եւ ՀՀԿ-ի այսօրվա վիճակի վերաբերյալ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցելու փաստին: Աղվան Վարդանյանը չի կիսում դիտարկումը, որ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամակցմամբ հօդս են ցնդում հանրության այն հատվածի սպասելիքները, որոնք վարչապետից բարեփոխումներ էին սպասում:

Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, ՀՀԿ-ին իր անդամակցությունը յոթ կետով հիմնավորեց: «Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան, ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, եւ այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարեւոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին եւ դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետեւյալը` անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, քաղաքական կյանքում, առավել եւս ՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից»,- իր խոսքում հայտարարեց վարչապետը` հավելելով, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ յուրաքանչյուր կառավարություն իր քաղաքական հենարանը պետք է ունենա:

«Խորհրդարանական կառավարման համակարգում, բնական է, կառավարությունը պետք է քաղաքական հենարան ունենա: Ուստի նորմալ եւ բնական եմ համարում Կարեն Կարապետյանի անդամակցումը ՀՀԿ-ին»,- ասում է Աղվան Վարդանյանը: Հարցին` Կարեն Կարապետյանն իր վարկանիշով կհաջողի՞ բարձրացնել նաեւ ՀՀԿ-ի վարկանիշը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ դա Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի խնդիրն է, եւ իրենց շատ քիչ է հետաքրքրում:

 

Ն. Գ.

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930