Վարդան Արամյանը կարծում է,
որ արտաբյուջետային միջոցները լավ էլ վերահսկվում են
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը անցյալ տարի հունիսին ԱԺ-ում բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ թեժ վեճ ունեցավ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ: Բանը հասավ նրան, որ Գագիկ Խաչատրյանը Այվազյանին նետեց. «Պետք ա՝ խորանանք»: Վեճի թեման արտաբյուջետային հաշիվներն էին: Այվազյանին հետաքրքրում էր, թե ինչու են շենքերի կառուցման համար արտաբյուջեից ծախսում, արտաբյուջեն ինչո՞ւ է առանձին բերվում ԱԺ, նա մտավախություն ուներ, որ այդ գումարները լավ չեն վերահսկվում, թող մտնեն բյուջե, բյուջեից ծախսվեն, չէ՞ որ մենք ծրագրային բյուջետավորմանն ենք անցնում: Գագիկ Խաչատրյանը վստահեցնում էր, թե վախենալու բան չունի, եթե պետք է, որ արտաբյուջեն էլ ԱԺ-ն հաստատի, թող հաստատի:
Բայց փաստացիորեն մինչ օրս որեւէ բան չարեց այդ ուղղությամբ:
Օրերս ԱԺ-ում 2017-ի բյուջեի քննարկման ժամանակ Վարդան Այվազյանը կրկին արտաբյուջեների հարցը բարձրացրեց՝ այս անգամ նոր նախարար Վարդան Արամյանի մոտ:
Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց պարոն Արամյանի հետ: Մեր հարցին՝ այդտեղ ի՞նչ խնդիր կա, որ չի մտնում բյուջե, որպեսզի վերահսկողությունն ավելի մեծ լինի, Վարդան Արամյանը պատասխանեց. «Երբ որ խոսում են, որ դա բյուջետային հսկողությունից դուրս է, իրականում հսկողությունից դուրս չէ: Որովհետեւ ինքը ծրագրավորվում եւ ծախսվում է նույն կանոններով, ինչ ընդհանուր բյուջետային միջոցները: Երբ որ մենք ներկայացնում ենք բյուջեի կատարողականները, այնտեղ սովորաբար կա արտաբյուջեների արտացոլանքը: Երբ գնում է արտաբյուջետային միջոցները ինչ-որ մի ծախսով, դրանով կատարվում են գնումներ, ամբողջությամբ ընկնում է «Գնումների մասին» օրենքի մեջ, մրցույթ պետք է անեն եւ այլն, այսինքն՝ ստուգողական մեխանիզմներն ամբողջությամբ այնտեղ են: Մենք պետք է ճիշտ մտածենք, թե արտաբյուջեները բյուջեի մեջ մտցնելով՝ ի՞նչ հարց ենք ցանկանում լուծել: Արտաբյուջեների հիմնական գաղափարախոսությունը սովորաբար այն է, որ կան միջոցներ, որ ամրացված են ե՛ւ եկամուտների, ե՛ւ ծախսերի տեսանկյունից որեւէ գերատեսչությանը»:
Կարդացեք նաև
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ»
26.11.2016