Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ մոլորված ու վիրավոր կռունկ

Նոյեմբեր 28,2016 13:00

88-ի աշխհարհացունց երկրաշարժն ի՜նչ արժեքներ խլեց մեզանից:
Հաճախակի մտածելով այն օրերի մարդկային անասելի տառապանքների ու զրկանքների մասին, սիրտս մղկտում է անհուն մի ցավից ու ափսոսանքից…

…Իմ տան փլատակների տակ ես չգտա 11-ամյա աղջնակիս նոտատետրերից եւ ոչ մեկը: Մինչ զբաղված էի ընտանիքիս վեց անդամներից ահավոր վնասվածքներով փրկված որդուս եւ կնոջս ապաքինումով, փրկարարներն արդեն ամբողջովին մաքրել, տեղափոխել էին մեր շենքի մնացորդները: Նրանցից մեկն ինձ հանձնեց աղջկաս՝ հրաշքով փրկված ջութակը, որի լարերին մինչեւ օրս նայելիս, զգում եմ նրա աննման նվագի հնչյուններն ու հորդառատ զգացմունքների անկասելի ընթացքը: Ինձ զարմացնում ու ապշեցնում էր, թե փոքրիկ այդ արարածի մեջ ինչպես կարող էր տեղավորվել զգացմունքների հսկայական համաստեղություն, որոնք ոչ սկիզբ ունեին, ոչ էլ ավարտ:

…Հիշո՜ւմ եմ հեռավոր Բրյանսկ ուղարկած նրա նամակները… «Հայրիկ ջան, ամիսների կարոտիդ բանալին բացում է սրտիս դռներն ու հորդացած կարոտդ սեղմում է կոկորդս: Անափ, անեզր կարոտդ դառնացել է, թանձրացել ու լցվել է էությանս մեջ՝ սրտիս, հոգուս, արյանս մեջ: Նաեւ աչքերիս մեջ, որ ծանրացած կոպերիս արցունքներ դարձած հորդում են, ընկնում թփերին ու ծակում են նրանց: Դառնությունից…»:

Աշխարհի քնքշությունը քեզանից էր սկսվում, Սիրանուշ: Երկրային քնքշանքից մի կաթիլ ու ինձ համար դու մի մեծ աշխարհ դարձած քնքշություն:

eram

…Աշնան գալուստն առաջինը կռունկներն են նախազգում: Նրանք չվում են, երբ նրանց բնակատեղերում աշունը դեռ հասցրած չի լինում դեղնակարմիր ներկել նշենին: Նույն պահին լեռներում, կանաչը չմրսած, պարզկան հասցնում է թրատել սիզախոտերի փափկասուն զանգվածը: Կռունկների խառներամից երբեմն հետ է ընկնում մի կռունկ: Վիրավորվա՞ծ, թե՝ խռոված, թեւակոտո՞ր, թե՝ մոլորված, հայտնի չէ: Թեւերով անօգնական ճեղքելով երկինքը ու աղիողորմ կռինչով թրատելով օդը, դեսուդեն է գցում իրեն՝ աշխարհի անտարբերությունից ցավագար ու վրդովված: Լեռներում մոլորված կռունկը երկար չի ապրում: Հանգչում է անսպասելի սառնությունից: Նաեւ՝ մենությունից:
…88-ի նոյեմբերի կեսերին Սպիտակի կենտրոնում գտնվող իմ բնակարանի պատշգամբի բաց պատուհանից փչում էր դեռեւս ոչ այնքան սառնաշունչ քամին: Աշնան կապուտակ ցրտի նախազգացումն արդեն մտել էր մեր երակների ու ոսկորների մեջ: Սակայն, զարմանալիորեն տաք երանգներ ու գույներ ուներ այդ տարվա աշունը: Սիրանուշն ունկնդրում էր Վիվալդիի չքնաղագեղ «Տարվա եղանակների» իր սիրած ֆա մինոր «Ձմեռ» չորրորդ կոնցերտը: Ու մենք էլ, նրա պես հափշտակված, զգում էինք հեռվից մոտեցող սառնաշունչ ձմեռվա բքաբեր ու տագնապալի գալուստը: Հանկարծ բաց պատուհանից ներս թափանցեց այն նվագի պես անձկալից ու սրտակոտոր մի ճիչ: Մեղեդուն միանալով, ճիչն ամենքիս մեջ արթնացրեց քնած կարեկցանքն ու բնազդորեն մղվեցինք պատուհանի կողմը: Ամենքից արագ՝ Սիրանուշը:

-Մոլորված կռունկ է,- տագնապահար ճչաց նա,- կորցրել է երամը…

Նրա աչքերը խոշորացել էին, դեմքը՝ փշաքաղվել: Շփոթված ձայնից զգում էինք, որ կռունկի տագնապահար սրտին համահունչ տրոփում էր նաեւ նրա սիրտը: Անհասկանալի շարժումներով վազվզում էր սենյակից սենյակ, կարծես փրկության եզրեր էր որոնում: Իսկ մոլորված կռունկը շարունակում էր թեւածել մեր տան մոտակայքում, հետզհետե թանձրացող մթության մեջ տարածելով սրտակեղեք կռնչոցը: Սիրանուշը նորից մոտեցավ պատուհանին, թավ խավարի մեջ ջանալով գտնել նրան: Չգտավ… Հեռացավ, մինչեւ հոգու խորք թափանցող հայացքը մերթ մեզ, մերթ անհուն մթությանն ուղղելով:

-Ափսո՜ս, թեւեր չունեմ, որ թռչեմ-գնամ, օգնեմ խեղճին գտնելու երամը… Ու լռեց: Ծանր էր այդ լռությունն ու, կարծես՝ հավիտենական: Բայց եւ լիքն էր ու հագեցած: Լիքն էր, իր տաղանդավոր մտքի պես ու բարությամբ լցված մատաղ սրտի նման: Անկենդան լռությունը, նրա համոզմամբ, անսիրտ-անհոգի ապրելու նման էր:

Սիրանուշի թրթռուն սիրտը լցված էր հուզականությամբ ու զարմանալի նախազգացմամբ:
Դեկտեմբերի սկզբներին ես կարդում էի աշնան մասին նրա գրած շարադրությունը, որն ինձ էր տվել մի քանի օր առաջ, ոգեւորված, ուրախությունից փայլող աչքերով: Կարդում էի ու հիանում բնությունը նկարագրելու նրա հասուն երեւակայությամբ: Հանկարծ դեպի ինձ վազեց աչքերի վախեցած խեղճությամբ ու …սարսափահար.
…-Հայրիկ, մենք բոլորս պիտի մեռնե՞նք… Հետո նայեց իմ խաղաղ դեմքին ու երեւի ինքն էլ հանդարտվեց.

-Հիմար բան է մահը… Ու հեռացավ, արցունքոտ աչքերը զարմանքի ու ափսոսանքի քողով պարուրած:

…Երկրաշարժից երեք օր անց ես խելագարի պես վազում էի Էջմիածին՝ բարեկամիս տուն, ուր տարել էին անզուգական Սիրանուշի դին: Ես չբացեցի սպիտակ սավանով ծածկված նրա դեմքը: Ես չէի ցանկանում նրա աչքերը փակ տեսնել, շուրթերը՝ մահվան ցավից սպիտակած: Ուզում էի նրան հիշել ուրախության պահերի նման՝ աչքերը մարգարտափայլ, դեմքն անհոգ երջանկությունից փայլող, սիրտը ոգեւորության կրակով բռնկված: Ես այդպես էլ չբացեցի նրա դեմքը, բայց տեսա,… որ սեւուկ աչքերն այն իրիկվա նման սարսափած էին, զարմացած, շփոթված ու ափսոսանքով լիքը…

…Երկրաշարժից հետո ես նոր տուն կառուցեցի: Հերոսուհի կինս, ողնաշարի կոտրվածքներն ու բազմաթիվ վերքերը հաղթահարելով, իմ բզկտված ընտանիքին մի արու զավակ պարգեւեց՝ Վահրամին: Խոշոր ու գեղեցիկ աչքերով, սիրունատես ու տղաներին չսազող քնքշությամբ: Ավագ որդիս՝ Սարգիսը, երկրաշարժի ժամանակ ստացած տասնյակ կոտրվածքներն անտեսելով, կամավոր մեկնեց հայկական բանակ, որից հետո ընդունվեց Երեւանի տնտեսագիտական համալսարան:

Սակայն…

…Գարնանը, երբ սկսվում է կռունկների վերադարձը, իմ նորակառույց տան պատուհանները միշտ բաց ենք թողնում: Այս էլ քանի՞ գարուններ սպասում ենք քո վերադարձին, իմ մոլորված ու վիրավոր կռունկ:

Հավատա՛, Սիրանուշ, որ ապրում ենք այդ հավատով…

 
ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բաբկեն says:

    Սպարտակ Մաթոսյանին երկար ժամանակ է,որ ճանաչում եմ։Այսպատմությունը առաջինը չէ,հուսամ,որ վերջինը չի լինի,Մաթոսյանը ինչ որ գրում է,ում մասին էլ գրում է,հոգի է դնում,ինչը ոչ բոլորն են կարողանում։Ապրես Սպարտակ ջան,քո բնավորությանը հատուկ եղիր մրշտ կենսախինդ,ապրիր առողջ և երկար։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930