Մշակույթի նոր նախարարի նշանակմամբ մշակույթի բիզնեսային գործառույթներն առաջին պլան շարժելը ահագին տիղմ հանեց ջրի երես։ Նախ, որ պետական միջոցներով տպագրվող գրքերն ընթերցողների մի նեղ շրջանակի է հասնում, ապա, որ հատկապես դպրոցական գրադարաններ չեն մտնում։ Ազգային ժողովի ամբիոնից «փորձագիտական» կարծիքներ են հնչում, թե տպագրվող գրքերի գերակշիռ մասը «մակուլատուրա» է, եւ որ դրանք մնում են գրադարակներում։ Բայց չէ՞ որ տարիներ շարունակ դուք եք հաստատել բյուջեն եւ մի՞թե տեղյակ չէիք, թե ինչի համար եք կոճակ սեղմում։ Չգիտեի՞ք, թե ինչ եք ասելու նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, թե՞ բարեփոխման հակված Արմեն Ամիրյանին եք թյուրիմացության դրդում։
Ինձ զարմացնում է զանազան «էքսպերտների» հանդգնությունն ու գավառամտությունը, թե արդի հայ գրողների գրքերի հրատարակմանը չպիտի աջակցի պետությունը, իրե՛նց պետությունը, դա իրե՛նց գումարներն են, եւ՝ հարձակում է սկսվում ընդդեմ ՀԳՄ-ի եւ ՀԳՄ հրատարակչության։ «Բարձր գրականության» ջատագով, ՀԳՄ անդամ եւ ժամանակին երիտասարդական բաժանմունքի ղեկավար, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը (այժմ՝ «Անտարեսի» գլխ. խմբագիր) վկայակոչում է, որ 15 տարում ՀԳՄ հրատարակչությունը ծախսել է 200 մլն դրամ եւ տպագրել է… հայ գրողների գրքեր։ Օ՜, ինչպիսի շռայլություն։ Բա ո՞ւմ գրքերն էր տպագրելու, ո՞ր ազգի։ Այ աշխարհաքաղաքացիք, ո՞ւմ դեմ եք խոսում։ 15 տարում մոտ 300 գիրք է լույս տեսել՝ ահելի ու ջահելի, հայի եւ օտար հեղինակների, կնոջ ու տղամարդու, լինի հայրենիքում բնակվող, թե սփյուռքում… Եվ՝ հայոց լեզվով։ Նաեւ քո սիրելի եւ ոչ սիրելի հեղինակների, որոնք գրական մրցանակների են արժանացել, Արքմենիկ։ Բա մեր բնաշխարհը ինչպե՞ս պաշտպանենք, որ Ուելբեք ու Միլլեր տարփողելով այլասերության սերմերը շաղ չտրվի մեր սուրբ երկրով մեկ։ Ո՞ւմ արժեքներն ենք քարոզում, եթե ընթացիկ հայ գրականություն չի տպագրվելու։ Ով չի կերակրում իր բանակին, կկերակրի ուրիշի բանակին,– հայտնի խոսք է։ Մշակութային ինքնասիրությունը մտավորականի բարոյանիշն է, այն էլ՝ հայ մտավորականի,– սա մոռացության չես մատնի։
Հիմա՝ երիտասարդ անվանյալ գրողների մասին։ Սա ի՞նչ կեղծ չափանիշ է, ինչո՞ւ են թունավորված միջին սերնդի հանդեպ, որն իր ուսերին տարավ մեծ փոփոխությունների բեռը եւ վկայում է այդ մասին՝ իր գրականությամբ։ Ոխակալությունը այս առումով չարագործություն է։ Մշակութային «շոուներն» ու բուն արժեքները չես խառնի. փրփուրը ջրի երեսին էլ մնում է։ Բայց չէ՞ որ ՀԳՄ փայփայանքով վերաբերվել ու վերաբերվում է պատանիներին։ Նրանցից մեկն էլ, մյուսն էլ, Արքմենիկ, ձեր սերունդն է, որոնց ճանապարհ բացեցին, կայացրին գրական մամուլը եւ հատկապես լուսահոգի Լեւոն Անանյանը, ով խմբագրել է ՀԳՄ հրատարակչության թողարկած գրքերի մի զգալի մասը։ Ինչո՞ւ չէիք դժգոհում այն ժամանակ եւ ինչո՞ւ գրաքննադատները անմասն են մնացել եւ մնում խոտան գրքերը գնահատելիս։
Ընդհանուր մթնոլորտում անտարբերությամբ տառապողները թող չհրճվեն եւ բարեփոխման ծրագրերը դեմագոգաբար չծառայեցնեն ավերմանը՝ ի շահ իրենց սեփական գրպանի։ Մոնոպոլային մոլուցքը կքանդի շատ հրատարակչություններ, որոնք նոր-նոր փորձում են ոտքի կանգնել եւ մի՞թե գրահրատարակչական փոփոխությունները ուղղված են դրանց դեմ։ Ողջամտությունը հուշում է, որ պահպանենք մթնոլորտը, եղած դրականը, ոչ թե այն պայթեցնենք ու քրքջանք մեր ձախողանքների վրա։
Ազատ մրցակցությունը նաեւ բարոյական օրենք է։
Իսկ բարոյակա՞ն է, երբ հայ գրողը գոյատեւելու անհավանական ճիգեր է գործադրում, արհամարհվում է ԶԼՄ-ների կողմից, իր գրքի ընթերցողներին դժվարությամբ է գտնում, որովհետեւ Երեւանից հեռու շատ գրադարաններ լքված տների են նման, որովհետեւ մնացել են մի քանի գրախանութներ, որովհետեւ ուսանողներն իրենց բուհերում կենդանի գրողի չեն հանդիպում, որովհետեւ օլիգարխիայի դավանած մշակույթը կապ չունի հայոց բուն մշակույթի հետ՝ երեկվա եւ այսօրվա։
Կարդացեք նաև
Մի նկատառում եւս։
Ընթացիկ հայ գրականությունը չի կարող գլուխգործոցների շարան լինել, բայցեւ պայման է հիանալի գրքերի ստեղծման։ Ընդդեմ այս ընթացքի տարվող քաղաքականությունը կապ չունի հայ մշակույթի դիմապատկերի հետ եւ զուտ մասնավոր շահ է հետապնդում։
Մի՛ խանգարեք մեր աշխատանքը։
ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ,
ՀԳՄ հրատարակչության տնօրեն
«Առավոտ»
26.11.2016
Դե Անտարեսին ձեռք է տալիս, որ նման որոշում են կայացրել, իսկ այդ գրականագետը հանուն իրենց բիզնեսի կարող է ամեն ինչ էլ ասել, այո, ճիշտ եք, Շանթ ջան, կեղծ չափանիշներ ունի, իսկ փոքր հրատարակչություններ ու շատ մարդիկ կկտրվեն առանց այն էլ քիչ գումարներից:
Շանթ Մկրտչյան, ճիշտ ես: Բայց մարդիկ կան, երեսներին թքում ես, ասում են անձրև է գալիս: Հանուն փողի իրոք ամեն ինչի պատրաստ են, ուղղակի զզվելի է: