Կամ՝ տխուր իրականությունից զվարճալի պատմություն
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը հաճախ զանգահարում է կամ այցելում «Առավոտի» խմբագրություն՝ հրատարակչական ոլորտում կատարվող միջոցառումների առիթով: Վերջերս նրա այցն այդ իմաստով բացառություն էր. հրատարակիչը ներկայացրեց եղբոր հետ պատահածը, նախապես հավաստիացնելով, թե ընտանիքը բողոք չունի ոչ ոստիկանության եւ ոչ էլ առողջապահության ոլորտի դեմ: Մեր զրուցակցի խոսքերով՝ «վերջերս եղբորս հետ կատարվածը եթե ոչ ֆիլմի լիարժեք սցենար է, ապա դրա հիման վրա սցենարիստները կարող են մի զվարճալի պատմություն հորինել»: Հետո էլ կատակով նշեց, թե ինքը այդ «սցենարի» համար ոչ մի լումա չի պահանջում:
Ներկայացնում ենք մեր զրուցակցի պատմածը առանց լրագրողական միջամտության եւ բառային խմբագրումների: Տեքստում առկա են ժարգոն, կենցաղային արտահայտություններ, ինչով հարուստ են հայաստանյան որոշ TV-ներով հեռարձակվող սիթքոմներն ու կինոդահլիճներում ցուցադրվող կոմեդիայի ժանրի հայկական ֆիլմերը:
Մասիվի
«Օսվենցիմը»
Մի քանի օր առաջ եղբայրս՝ Արթուրը, մեքենայով վթարվել էր։ Մի «Ֆորդ» եկել-հարվածել էր։ Կանչել էին ԱՊՊԱ։ Եկել էին ճանապարհային ոստիկանները։ Ասում են՝ «Ֆորդի» վարորդը այնպիսի վերաբերմունք էր ցույց տվել ոստիկաններին, որ նրանք որոշել էին, թե եղբայրս էր մեղավոր։ Սահմանադրությունը վերականգնել էր քննիչը, ասելով, որ մեղավորին կորոշի դատարանը։ Եղբայրս վատացել էր, սկսել էր հետ տալ։ Մյուս եղբայրս՝ Արտակը, գալիս տեսնում է, որ Արթուրը հետ է տալիս, իսկ ոստիկանները իրար հետ զրուցում են, բացում է մուննաթի տոպրակը՝ թե բա մարդ է վատացել, իսկ դուք օգնություն չեք ցուցաբերում։ Արթուրի ուշքը գնում է՝ տանում են
Կարդացեք նաև
հիվանդանոց։ Մտցնում են բոքս։ Մի երկու ժամից ոստիկանների հետ հարցերը ավարտելուց հետո հիվանդանոց է գալիս Արտակը, տեսնում եղբորս գցել են պատգարակից ցած։ Երեք մահճակալ միացրել են իրար, եւ երեւի հանրապետության ծնելիության պլանը կատարելու նպատակով, այդ երեք մահճակալին պառկացնում են հինգ հոգու։ Հարցնում է բարձրաձայն, թե ով է ձեզանից տեսել, որ Արթուրին գցել են ցած, մի քսան հոգի պալատում լռում են, հավանաբար մտածելով, որ ասենք՝ մեզ էլ կգցեն, այս անգամ պատուհանից, չէ՞ որ աչքը տեսածից է վախենում։
Արտակը վայնասունը դնում է եւ պահանջում, որ օգնություն ցուցաբերեն, տեսնում է մեկը չկա, որ թքած չունենա: Ասում է՝ տանում եմ այլ հիվանդանոց։
Միանգամից բոլորը աշխուժանում են, թե բա՝ կգնաս մուծումները կանես, նոր կթողնենք, որ տանես։ Երեւի ռենտգեն- մենգեն էին արել, դե մեկ էլ ցած գցելու փողը… Էլ ինչ պիտի ուզեն որ: Հա, երեւի, ծոցի հարեւանների սիրելու վարձը։
Ասում են բարձրացի 4-րդ հարկ՝ Աիդայի սենյակում մուծի։ Բարձրանում է, տեսնում երեք կին հաց են ուտում, ասում է՝ եղբայրս վատ է, պիտի տանեմ այլ հիվանդանոց, որ ստուգեն, ձերոնք ոչինչ չեն անում, ասել են գամ մուծեմ, որ թողնեն տանեմ։ Ասում են՝ դուռը փակի, հիմա հաց ենք ուտում։ Ժողովուրդ, խնդրում եմ, եղբայրս վատ է, ուղեղի ցնցում է ստացել, կարող է ներքին արնահոսություն ունեցած լինի, տանեմ: Եկեք վճարեմ, կվիտանցիան տվեք, տանեմ այլ տեղ։ Էս կնանիք ախրաննիկ են կանչում, եղբորս տանում են։ Արտակը զանգում է ոստիկանություն։ Գալիս են ոստիկանները, մի քանի հոգու հետ զրուցում, մոտենում են ախրաննիկները, թե՝ բա գնանք գլխավորի մոտ։ Ոստիկանները, ինչպես միշտ, սկսում են միջնորդություն անել, թե՝ բա կարող ա բարիշեք, երեւի կամրջաշինարարի նախկին մասնագիտությունից է այդ միջնորդության արհեստավարժ ձիրքը։ Գալիս է Արտյոմ անունով մի հաստ, երեւի «բժշկական քաղմասի» պետը ու որոշումներ կայացնում, հասկացնում է, որ տիրապետում է գողականին։ Արթուրի քաշը երեւի 120 կիլոգրամ է։ Արթուրին տանում են «կատե» անելու։ Բժիշկը 48 կիլոգրամանոց բուժքրոջը ասում է դիր սեղանին, երեւի եղբորս նկատի ունի, ու «կատե» արա։ Արտակը դիմում է բժշկին, ասում՝ այս կինը ոնց դնի մենակ, արի ես ու դու դնենք։ Թարս նայում է ու գնում։
Զանգում եմ մի քանի տեղ, ծանոթ եմ ճարում, որ եղբորս այդ համակենտրոնացման հիվանդանոցից բաց թողնեն։ Բոլոր տանջանքների համար մուծումներն անելուց հետո Արթուրին բաց են թողնում տուն։ Մոռացա ասեմ, որ մեքենան էլ տարել են պլաշադկա։ Կոնցլագերը շարունակվում է։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
26.11.2016