Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ՀՀ քաղաքացիները չեն դիմում պոլիկլինիկաներ (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2016 21:26

«Մեր առաջարկներից մեկն է` առողջապահական իրավունքների հաշտարարի ինստիտուտի ստեղծումը, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ իրավունքներ ունեն և ինչպես կարող են դրանք պաշտպանել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանն`անդրադառնալով «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» զեկույցին:

Հիշեցնենք, հետազոտությունն անցկացրել են Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակը: Ըստ այդմ, ՀՀ բնակչությունը քիչ է դիմում պոլիկլինիկաներ, թեև տարեցտարի պետությունն ավելացնում է մեկ բնակչի առողջության առաջնային պահպանմանն ուղղվող ծախսերը: 2016 թվականին, օրինակ, պետական բյուջեից այս նպատակով ուղղվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Դա կազմում է առողջապահության պետական ծախսերի շուրջ 12,7 տոկոսը: Մարդիկ, ըստ Մարգարիտա Հակոբյանի, իրազեկված չեն, թե ի՞նչ ծառայություններ են իրենց մատուցվելու, լա՞վն են դրանք, թե`վատը, ինչպիսի՞ դեղորայք եւ ի՞նչ քանակությամբ է իրենց տրամադրվելու, այդ պատճառով է պոլիկլինիկաներ դիմելիության մակարդակը շատ ցածր է:

«Երկուստեք պետք է աշխատանք տարվի՝ և բուժհաստատությունների, և առողջապահության նախարարության կամ կազմակերպությունների կողմից, որպեսզի հանրամատչելի լինի, թե ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել մարդիկ, ինչ որակյալ ծառայություններ կան, ի՞նչ իրավունքներ ունեն թե՛ քաղաքացիները, թե՛ բժիշկները»,- ասաց մեր զրուցակիցը:

Ըստ հետազոտության,  պոլիկլինիկաներից չեն օգտվում ոչ շատ աղքատ, ոչ էլ հարուստ խավը: Սա տիկին Հակոբյանը պայմանավորում է հիմնականում ծառայություների որակի նկատմամբ վստահության բացակայությամբ. մարդիկ միանգամից դիմում են հիվանդանոց` շրջանցելով առաջնային օղակը, ակնկալելով, որ հիվանդանոցում ավելի բարձր որակի ծառայություններ կստանա. «Սա դարձյալ իրազեկվածության ցածր մակարդակի հետևանք է»:

Զեկույցի հեղինակները մեկ առաջարկ էլ ունեն` պոլիկլինիկաների կողմից տրամադրվելիք դեղորայքը չպետք է գնեն հենց բուժհաստատությունները: «Ակնհայտ է, որ նման առաջարկությունը ի հայտ է եկել որոշակի ռիսկայնության արդյունքում, հետևաբար մենք առաջարկում ենք, որպեսզի դեղորայքի ձեռք բերման գործընթացն իրականացնի երրորդ կողմը, որն ավելի անկողմնակալ կլինի ու ավելի վստահելի»:

Անդրադառնալով հետազոտությանը, մասնավորաբար այն արդյունքին, որ քաղաքացիները խուսափում են օգտվել պոլիկլինիկաներից, առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն էլ նշեց, որ նման խնդիր իսկապես գոյություն ու այն լուծելու համար հարկավոր է ընդհանուր ռազմավարություն մշակել, որին նպաստում են քաղաքացիական հասարակության հետ քննարկումները. «Հիմա լուծման ճանապարհների որոնման փուլում ենք և կարծում եմ, որ շատ շուտ մենք կարձագանքենք: Նախարարությունը վիճակագրությունն ամփոփում է տարեվերջին և, կարծում եմ, այս հետազոտության արդյունքում ի հայտ եկած թվերն ու մեր թվերը իրարից փոքր-ինչ տարբերվելու են, ինչը դեռ պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է այդպես լինում: Ամեն դեպքում ես վստահեցնում եմ, որ բոլոր թվերը կուսումնասիրվեն և ըստ այդմ շտկումներ կարվեն 2017 թվականի պետական բյուջեի մեջ»:

Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Ալեսանդրո Զանոտտան էլ նշեց, որ հետազոտության հիմքում վիճակագրություն է, իսկ դա կարևոր է կառավարության հետ աշխատելու դեպքում. դա օգնում է փաստարկված ներկայացնել առաջարկությունները. «Այսպիսի փաստերի վրա հիմնված աշխատանքն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է տանի կառավարության հետ, իսկ կառավարությունն, իր հերթին, պետք է ականջալուր լինի այն առաջարկություններին, որոնք տվյալ փաստերի վրա հասարակական կազմակերպությունները ներկայացնում են: Եվ վերջապես Եվրամիությունը մի բան է ցանկանում՝ ավելի լավ սոցիալական միջավայր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930