Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական խաբկանք. քվոտային համակարգը չի լուծում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը

Նոյեմբեր 27,2016 18:05

Արցախյան պատերազմի օրերին Կապան քաղաքի վրա ադրբեջանական օդուժի արձակած հերթական ռումբերից մեկը խլել է Մերի Մեժլումյանի ձեռքերն ու ոտնաթաթերից մեկը: Վերջույթները կորցնելու առաջին տարիներին դժվար էր պատկերացնել, որ Մերին իր կամքի ու համառության շնորհիվ շարունակելու է ապրել լիարժեք կյանքով` ստիպելով շրջապատին իրեն ընդունել այնպիսին ինչպիսին կա, գտնել աշխատանք և հասնել նպատակներին: Սակայն եթե լիներ պետական աջակցություն, Մերին ավելի հեշտությամբ կհաղթահարեր խնդիրները:

Նա տնտեսագետի մասնագիտություն է ստացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում: Տարիների ընթացքում սովորել է գրել ոտքի մատներով եւ բերանով: Սակայն դա ավելի հեշտ էր անել, քան անտեսել կամ խուսափել շրջապատի հայացքներից:

meri-mejlumyan-jpg1

«Որ մարդիկ նայում էին, վատ էի զգում, չէի հասկանում, թե խի են էդպես նայում: Չնայած ինձ Կապանում սաղ գիտեն, բայց էլի նայում են: Հարյուր տարի էլ անցնի՝ մարդիկ էլի նայում են»:

Մերին միայն վերջերս է հրաժարվել արհեստական ձեռքերից եւ սկսել կարճաթեւ հագուստ կրել:

«Պրոտեզները ծանր են, համ էլ շոգերին չեմ կարող երկարաթեւ հագնել, անհարմար է: Ես հաղթահարել եմ էդ խնդիրները, երբ մարդիկ նայում են, ասում եմ՝ ես էլ այսպիսի մարդ եմ, ի՞նչ անենք: Մեծերը շատ ուշադրություն չեն դարձնում, բայց երեխաները հետաքրքրասեր են, հարցնում են՝ ձեռքերդ ո՞ւր են, ասում եմ՝ տանը, դարակի մեջ եմ դրել: Ձերը չի հանվում, իմը՝ հանվում է»,- ծիծաղելով պատմում է Մերին:

Ներկայումս աշխատում է Լեռնահարստացման կոմբինատի տեղեկատվական կենտրոնում, մարդկանց տեղեկատվություն է տրամադրում, օգնում է, որ աշխատանքի հայտեր լրացնեն:

«Մի օր կոմբինատի նախկին տնօրեն Հրաչ Ջաբրայանը եկավ մեր տուն ինձ տեսնելու: Հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել: Հայրս ասաց՝ լավ կլիներ, որ աշխատեի: Ջաբրայանն էլ առաջարկեց աշխատել: Ու արդեն չորս տարի է, այս գործին եմ»:

Ամեն օր տասնյակ կապանցիներ այցելում են տեղեկատվական կենտրոն: Մերին անհատական զրույցներ է անցկացնում բոլորի հետ, ապա բերանով վերցնում է սեղանին դրված թղթերից մեկը եւ տալիս այցելուներին, որպեսզի լրացնեն: Գրասենյակում մեկ այլ աշխատակից էլ է ներկա, սակայն Մերին նրա օգնության կարիքը չի զգում, ամեն ինչ ինքնուրույն է անում:

meri-mejlumyan

Երիտասարդ աղջիկն իրեն նաեւ փորձել է այլ ոլորտներում. հանդես է եկել որպես ֆոտոմոդել եւ դերասան-տիկնիկավար՝ «Տիկնիկ» մանկական թատրոնում: Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք եւս ներգրավվել են թատրոնի աշխատանքներում եւ ներկայացումներ են բեմադրել երեխաների համար: Ընկերները տիկնիկի ձողը գոտու եւ պարանի միջոցով ամրացրել են Մերիի մարմնին, որպեսզի նա կարողանա առանց ձեռքերի խաղացնի այն:

«Կյանքդ լրիվ փոխվում է, երբ շրջապատ ես մտնում, քո սիրած գործով ես զբաղվում»,- ասում է Մերին:

Կապանում ապրող հաշմանդամություն ունեցող մեկ այլ աղջկա՝ Աննա Վարդազարյանի համար էլ կյանքը նոր իմաստ է ստացել, երբ նա առաջին անգամ մուտք է գործել «Հաս Արտ» ստուդիա: Լսողական ու խոսակցական խնդիրներ ունեցող 19-ամյա Աննային մայրն ամիսներ առաջ բերել է ստուդիա, որպեսզի աղջիկը կարել սովորի:

«Աննան արտակարգ ընդունակ է, շատ արագ ամեն ինչ սովորեց: Ես նկատեցի, որ նա ավելի շատ գործել է սիրում եւ կարից բացի, նաեւ գործել սովորեցրեցի նրան: Այժմ նա կարող է ինքնուրույն աշխատել»,- ասում է «Հաս Արտ» ստուդիայի ղեկավար Հասմիկ Աթայանը: Աննայի մայրը դստեր համար կարի մեքենա է գնել, որպեսզի նա կարողանա պատվերներ ընդունել եւ տնից աշխատել:

anna-vardazaryan-jpg1

«Արդեն ամեն ինչ էլ կարողանում եմ գործել, մաքրամե ու գոբելեն էլ եմ անում»,- ասում է Աննան:

Համառության եւ կարծրատիպերի դեմ գնալու շնորհիվ Մերիին եւ Աննային հաջողվել է լուծել իրենց զբաղվածության խնդիրը, սակայն հաշմանդամություն ունեցող անձանցից շատերի համար աշխատանք գտնելը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ:

Գործատուների հաշմանդամներին աշխատանքով ապահովելու մասին օրենսդրական վերջին փոփոխություններից հետո թեև թվում էր, թե վերջապես ինչ որ չափով լուծում կստանա այս հարցը, սակայն հաշմանդամություն ունեցող անձանց գերակշիռ մասը, դեռ շարունակում է գործազուրկ մնալ:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության «Աշխատանքի շուկան ՀՀ-ում 2015» հետազոտության համաձայն, Հայաստանում ապրում է գործունակ տարիքում գտնվող հաշմանդամություն ունեցող 129.300 մարդ, որոնց մեծամասնությունը՝ 94.200-ը (72.8%), տնտեսապես ոչ ակտիվ են:

Հաշմանդամություն ունեցող անձանցից ընդամենը 29․400-ն (22.7%) է զբաղված, իսկ 5700-ը (4.5%) փնտրում է աշխատանք եւ պատրաստ է անցնել աշխատանքի:

Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանվածությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը դեռեւս 2005 թվականին ընդունել է 2006-2015 թթ. ազգային ռազմավարություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկայում ներգրավվածությունը խթանելու համար ՀՀ կառավարությունը տրամադրում է տվյալ աշխատակիցների աշխատավարձի մասնակի փոխհատուցում եւ հարկային արտոնություններ:

«Գործատուների խրախուսման այս ջանքերը գովեստի են արժանի, սակայն, ցավոք, բավարար ու համարժեք չեն»,- արձանագրված է «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ եւ խոչընդոտներ» զեկույցում (2013 թ.):

Նշենք, որ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը պարտավորեցնում է հարյուր և ավելի աշխատողներ ունեցող պետական կազմակերպություններին աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող անձանց՝ կազմակերպության աշխատողների ընդհանուր թվաքանակի առնվազն 3%-ի չափով: Իսկ ոչ պետական կազմակերպությունների համար` առնվազն 1%-ի չափով:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ  նախագահ Զարուհի Բաթոյանի գնահատմամբ՝ քվոտային համակարգի ներդրումը իրականում չի լուծում հաշմանդամություն ունեցողների զբաղվածության խնդիրը:

«Աշխատաշուկայում ինտեգրվելու համար յուրաքանչյուր անձ պետք է նախ եւ առաջ մրցունակ լինի, ստանա համապատասխան կրթություն: Հաշմանդամություն ունեցող անձը չունի այդ կրթությունը ստանալու հնարավորություն, որովհետեւ ֆիզիկական, տրանսպորտային եւ ծրագրային անմատչելիությունը, վերաբերմունքային խտրականությունը թույլ չեն տալիս, որ նա մյուսների հետ հավասար կրթություն ստանա, թե’ միջին մասնագիտական, թե’ բարձրագույն հաստատություններում»:

Բաթոյանի խոսքով՝ եթե կրթական ոլորտում բարեփոխումներ չեն արվում, միայն քվոտային համակարգ ներդնելով, անհնար է իրական փոփոխությունների հասնելը:

«Ես մինչ օրս չեմ տեսել այդ բարեփոխումները: Իսկ քվոտային համակարգը գալիս է խնդիրը լուծելու մյուս ծայրից, որը, իմ կարծիքով, սխալ է»:

«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ-ի նախագահը քվոտային համակարգի ներդրումը որակում է որպես պետական խաբկանք:

«Քվոտան խնդրի լուծում չէ: Համակարգային մոտեցում չկա, պետական կամք չկա, պետությունը իբրև թե ցույց է տալիս կամքի առկայություն: Բայց այս պահին մենք ունենք բոլոր ապացույցները, որոնք ցույց են տալիս, որ պետական կառույցներում քվոտայով սահմանված թվաքանակով մարդիկ արդեն իսկ աշխատում էին: Այսինքն, պետությունը գիտակցված գնացել է այդ անարդյունավետ միջոցի: Սա խաբկանք է»,- ասում է Բաթոյանը:

zara-batoyan

Նա նշում է, որ շատ պետական կառույցներում հաշմանդամություն ունեցող անձինք վաղուց էին աշխատում եւ նրանց թիվը նույնիսկ կրկնակի գերազանցում է քվոտային համակարգի պահանջին:

«Այդ մարդիկ նոր չեն ընդունվել աշխատանքի, այսինքն, քվոտային համակարգը չի նպաստել, որպեսզի նրանք գտնեն աշխատանք: Այլ հարց է, թե ինչ հաշմանդամություն ունեն այդ մարդիկ: Եթե նպատակն էր խթանել տեղաշարժման, տեսողության, մտավոր, հոգեկան հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը, ապա մենք դա չենք արել այս քվոտայով, որովհետեւ այն մարդիկ, որոնք անտեսանելի հաշմանդամություն ունեն, իրենք էլ աշխատելու իրավունք ունեն եւ վաղուց աշխատում են եւ ըստ էության լրացնում են այդ քվոտայի պահանջը»:

Զարուհի Բաթոյանը դարձյալ հիշեցնում է, որ հաշմանդամություն ունեցող անձանցից շատերը տնից աշխատավայր հասնելու խնդիր ունեն, իսկ աշխատավայրերը, եւ առաջին հերթին պետական կառույցները, լիարժեքորեն հարմարեցված չեն նրանց կարիքներին:

Վերջերս մշակվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ քվոտային համակարգի ներդրումից մեկ տարի հետո այդ պահանջը տարածվելու է նաեւ հարյուրից պակաս աշխատողներ ունեցող կազմակերպությունների վրա: Օրենքի նախագիծը դեռեւս չի ներկայացվել Ազգային Ժողով: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից` նախագիծն ուղարկվել է այլ գերատեսչություններ՝ կարծիքներ եւ առաջարկներ ստանալու նպատակով:

Արման ՂԱՐԻԲՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email:

[email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930