Խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում այսօր մեկնարկեց ձյուդոյի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի եւ Արցախի առանց բացառության բոլոր ուժեղագույն ձյուդոյիստները, ընդհանուր առմամբ՝ 112 մարզիկ (6 քաշային կարգ՝ տղամարդիկ, 4 քաշային կարգ՝ կանայք):
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանի խոսքերով, այստեղ որոշվելու է ապագա հավաքականի կազմը, որտեղ էլ հետագայում պարզվելու է, թե արդյո՞ք կան մարզիկներ, որոնք կնախապատրաստվեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:
«Հիմնական ուշադրություն դարձնելու ենք երիտասարդներին, քանի որ մեծահասակներում խնդիրներ շատ կան. հիմնականում՝ ֆինանսական: Պայքարն անցնում է հետաքրքիր եւ, կարծում եմ, որ հաղթողների անունները օբյեկտիվ կորոշվեն: Ձեւավորվելուց հետո հավաքականը դեկտեմբերի 10-ից ընդհանուր ֆիզպատրաստության ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր», – ասաց Դ. Խիթարյանը: Հարցին, թե եկող մրցաշրջանում ո՞րն է լինելու առաջին լուրջ մեկնարկը, նա պատասխանեց. «Մարտ ամսին՝ Եվրոպայի գավաթում: Գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանն արդեն լիովին ձեռնամուխ է եղել 2017 թվականի համար հաստատված օրացուցային պլանը կատարելուն: Այս տարի ֆեդերացիան մի փոքր փոխել է ռազմավարությունը:
Տոկիոյի քառամյա շրջափուլի առաջին տարում մեր ձյուդոյիստները ավելի շատ կմասնակցեն համեմատաբար ցածր, բայց իրենց համար՝ ուժեղ, վարկանիշային մրցաշարերի՝ հիմնականում եվրոպական բաց առաջնությունների, քանի որ այսօր դեռ չունենք Հովհաննես Դավթյանի, Արմեն Նազարյանի մակարդակի մարզիկներ, որ հաջող մասնակցեն «Գրանդ Շլեմ» եւ «Գրանդ Պրի» մրցաշարերին:
Կարդացեք նաև
Իսկ այդ մրցաշարերը բավականին ծախսատար են: Մենք կտեսնենք, թե նախատեսված մրցումներում կունենա՞նք կայուն արդյունքներ ցույց տվողներ: Պարտադիր չէ, որ հաղթեն կամ մրցանակային տեղեր զբաղեցնեն: Տա Աստված, որ այդպիսի մի քանի երիտասարդներ ի հայտ գան, որոնք արդեն 2018 թվականից հանդես կգան ավելի բարձրակարգ առաջնություններում եւ մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ