Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը ֆեոդալ-գեներալներին արգելի մտնել մենաշնորհների մեջ, տնտեսությունը կզարգանա». Վահան Բադասյան

Նոյեմբեր 27,2016 15:45

ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Մարտական խաչի ասպետ» Վահան Բադասյանն այսօր կրկին հարցաքննվել է Ստեփանակերտի քննչական գլխավոր վարչությունում: «Քննչական գործողություններ են կատարել, ինչից հետո լրացուցիչ հարցեր էին առաջացել, ես էլ պատասխանել եմ դրանց: Շահագրգռված եմ, որ իմ տված հայտարարության շրջանակում քննություն կատարվի»,-Aravot.am-ին փոխանցեց Վահան Բադասյանը:

Հիշեցնենք՝ Վահան Բադասյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ:

Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ՝ ո՞րն է նշյալ ահազանգի համատեքստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անելիքը: «Խոսքը խոշոր չափի յուրացումների եւ խախտումների մասին է: Հարցը միայն ցորենին եւ ալյուրին չի վերաբերում, ՊՆ-ն մի քանի հարյուր անուն ապրանքների գնումներ է կատարում: Պատկերացրեք, որ բոլորի դեպքում մատակարարներն այդքան գումարներ շորթեն…Սա դառնում է կազմակերպված հանցագործություն՝ ի վնաս ՊՆ-ի: Իսկ ՊՆ-ին նման գումարների վնաս հասցնելը նշանակում է բանակի մարտունակության անկում եւ կորուստ»,-ասաց Վահան Բադասյանը:

Նա կարծում է, որ նշյալ խախտումները բացահայտելը եւ մեղավորներին պատժելը Կարեն Կարապետյանի կառավարության հանդեպ վստահության յուրօրինակ չափանիշ է, մանավանդ, որ Կարեն Կարապետյանը բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մասին. «Եթե դրամաշորթությունը կանխվեց, եթե Կարեն Կարապետյանը ֆեոդալ-գեներալներին արգելի մտնել մենաշնորհների մեջ եւ հանցավոր ճանապարհներով խախտել երկրի տնտեսական հավասարակշռությունը, տնտեսությունը կսկսի զարգանալ»:

Անդրադառնալով Վիգեն Սարգսյանին՝ Վահան Բադասյանը նշեց. «Նա էլ ասում է, որ բանակում ամեն ինչ լինելու է արդար եւ օրենքով: Հարցի լուծումը դա ցույց կտա: Կարծում եմ՝ Պաշտպանության նախարարը պարտավոր է հենց հիմա, քանի դեռ ուշ չէ, դեռ հունվարի մեկը չի եկել, փոխի ալյուրի մատակարարման պայմանագիրը եւ գումարները հետ վերադարձնի: Նա ազգ-բանակ գաղափարն է առաջադրում, բայց դա չի նշանակում, թե ազգը պետք է փող հավաքի բանակի համար: Լավ, ճիշտ բան է դա, բայց առաջին հերթին պետք է գողությունը կանխել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930