Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նման սխալ արվի, ժողովուրդը կպայթի և օր առաջ կհեռանա Հայաստանից  

Նոյեմբեր 27,2016 15:10

Օրեր առաջ, համացանցով ունկնդրեցի նորանշանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հարցազրույցը, որի ընթացքում համակարգին վերաբերվող այլ հարցերին զուգահեռ, ներկայացրեց նաև պոլիկլինիկական ծառայությունների հետ կապված իր մոտակա տեսլականը և ասաց, որ նպատակ ունի այդ բնագավառում ևս իրականացնել բարեփոխումներ, որը նա ձևակերպեց հետևյալ կերպ. բնակչությանը պոլիկլինիկական ծառայությունների մատուցումը այսուհետ կլինի վճարովի հիմունքներով և կառաջնորդվեն հետևյալ սխեմայով. ունևորներն այսուհետ կվճարեն այդ ծառայությունների մատուցման համար, իսկ չունևորների համար սպասարկումը կշարունակի մնալ անվճար: Ավելին, ունևորների համար նախկինում նախատեսված գումարները ևս կծառայեցվեն չունևորների սպասարկման ծառայությունների դաշտն ավելի ընդլայնելու համար:

Առաջին հայացքից թվում է, թե արդարացի և հրաշալի մոտեցում է, քանզի ողջ աշխարհում է այդպես. ունևորը վճարում է չունևորի փոխարեն: Սակայն, խորանալով առաջարկվող առանցքային փոփոխության մեջ, ի հայտ են գալիս մի շարք հարցեր, որոնցից միայն մեկ հիմնականի մասին եմ ուզում բարձրաձայնել: Ինչ չափորոշիչներով պետք է հստակ տարբերակել բնակչության ունևոր և չունևոր շերտերն իրարից: Առաջին բանը, որ զարնում է մտքիս, դա հետևյալն է. չափազանց հավանական է, որ այս նորամուծության արդյունքում, բոլոր ունևորները սպասարկվեն անվճար, իսկ բոլոր չունևորները՝ վճարովի: Սրա բացատրությունը ևս ակնհայտ է. քանզի ունևորներն են մեր երկրի ճարպիկները, ուստի նրանք էլ շատ արագ պոլիկլինիկաներ կներկայացնեն տեղեկանքների և բազմաթիվ այլ փաստաթղթերի տրցակներ, որոնցում լացելու աստիճանի նկարագրված կլինի նրանց սոսկալի աղքատ վիճակը, որի արդյունքում էլ նրանք կզբաղեցնեն անվճար մատուցվող ծառայությունների հիմնական շահառուների տեղերը, իսկ իրական աղքատները կընկնեն վճարովի ծառայությունների սանդղակի տակ:

Հավանաբար, տառապանքի փորձ ունեցող բոլոր քաղաքացիները համոզված են սրանում, քանզի բավական է հիշել ցուրտ ու մութ տարիներին վառելանյութի, սննդի և այլ պարագաներով չունևորներին մատակարարման ժամանակները: Ահա, թե նման բարեփոխումով՝ իր կամքից անկախ, ժողովրդին ուր կարող է տանել հարգարժան նախարարի նորամուծությունը: Իհարկե, արդարության դեմ չմեղանչելու համար և երկրի ներկայիս վիճակից ելնելով, պետք է խոստովանենք, որ նախարարի ասածի մեջ առողջ սերմեր կան, սակայն ակնհայտ է նաև, որ դրանք ընդամենը բարի կամքի  ցանկություններ են, որոնք միգուցե կարող են իրականություն դառնալ տասնյակ տարիներ հետո (եթե բարեփոխումների գործընթացը երկրում՝ խոսքից անցնի գործի, որի սկիզբը ցավոք չի երևում), այն էլ այն դեպքում միայն, երբ կունենանք գիտակից, զարգացած հասարակություն, որի պարագայում էլ նման մոտեցման կարիք արդեն չի զգացվի, քանզի հարուստներն իրենց նույնիսկ թույլ չեն տա օգտվել նման անվճար համակարգից, որովհետև վճարովի համակարգերը կլինեն անհամեմատ որակյալ:

Իհարկե, ճիշտ բաներ մտածելը, ասելը միշտ հեշտ է, դժվար է միայն դրանց կյանքի կոչելը: Այնպես, որ եթե մեր պաշտոնյաների մտքում լավ բարեփոխումներ են հղանում, դա շատ գովելի է, մնում է միայն, որ դրանց մասին բարձրաձայնելուց առաջ, նրանք անպայմանորեն զուգահեռաբար մտածեն և դրանց հետ մեկտեղ հիմնավորեն նաև դրանց պրակտիկ իրագործման մեթոդների, անհրաժեշտ գործիքների և հնարավոր հետևանքների մասին, այլապես, հոնքը դնելու փոխարեն, աչքն էլ կհանեն: Նման ստրատեգիական նշանակության խնդիրները, որոնք վերաբերվում են հարյուր հազարավոր մարդկանց առողջությանը՝ ճակատագրին, այն էլ այն դեպքում, երբ նրանց ճնշող մեծամասնությունն աղքատ և ծայրահեղ աղքատ է՝ աշխատանք, հացի ու դեղի փող չունեն ու անզորությունից պարտադրված, մի կերպ՝ հանելուկային հրաշքով դիմակայում են լինել-չլինելու այս մարտահրավերներին, նման փորձարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Այ ախպերներ ջան, էս երկրում այդ մարդկանց համար պոլիկլինիկական  ծառայություններից օգտվելը միակ ձրի գտածոն է, որից այդ խեղճ ու կրակ մարդիկ օգտվում են: Ուզում եք է՞դ էլ նրանց ձեռքից վերցնեք ու տաք հարուստներին: Լավ, մի՞թե ընդհանրապես խիղճ ու Աստված չունեք…

Եվս մեկ անգամ հուշում եմ, որ այս ժամանակներում նման բարեփոխում կոչվածը հրատապ է և այն հաստատ կդառնա չարեփոխում ու էլ ավելի կխճճի հասարակության առանց այն էլ խճճված վիճակը ու ժողովուրդը օր առաջ հաստատ կփորձի լքել երկիրը, քանզի նրանց արդեն պահող բան չկա, բացի իրենց գերեզմաններից, իսկ նման առաջարկի հեղինակները կստանան Տիրոջ ամենախիստ պատիժը…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930