Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կյանքի հիմնական օրենքը

Նոյեմբեր 27,2016 12:00

Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին բոլորը խորհուրդներ են տալիս: Ընդ որում՝ բոլորն էլ միանգամայն բարի նպատակով են խորհուրդներ տալիս: Չնայած վարչապետին խորհուրդներ տվողները տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության եւ, որ ամենաէականն է, միանգամայն տարբեր սոցիալական խմբերի մարդիկ են, այդուհանդերձ, նրանց տված խորհուրդները չափազանց նման են իրար: Ամենատարածված խորհուրդը, որ նոր վարչապետին տվել են առաջին նախագահից սկսած բոլորը, կոռուպցիան արմատախիլ անելու խորհուրդն է: Հաջորդ կետով խորհրդատուները վարչապետին խորհուրդ են տալիս անզիջում պայքար մղել օլիգարխների դեմ. այս ուղղության խորհրդատուները հիմնականում բաժանվում են երեք խմբի:

Առաջին խմբի խորհրդատուները խորհուրդ են տալիս քարշ տալ օլիգարխներին հարկային դաշտ:

Երկրորդ խմբի խորհրդատուներն ավելի խիստ են. նրանք խորհուրդ են տալիս օլիգարխներին կուլակաթափ անել եւ ստացված եկամուտները փոխանցել պետբյուջե: Խորհրդատուների երրորդ խումբն առավել անողոք է. նրանք խորհուրդ են տալիս օլիգարխներից շատերին զոլավոր շորեր հագցնել եւ տեղափոխել ճաղերի հետեւ:

Առայժմ վարչապետն ուշադիր լսում է բոլորին, գլխով նույնիսկ հավանության նշաններ է անում, սակայն չի ասում, թե ումից ու ոնց պիտի սկսի: Սկսելը Լիսկայից սկսեց, հետո անցավ Գագիկ Խաչատրյանին ու մյուսներին, սակայն չար լեզուներն ասում են, որ դեռեւս բյուջեն չի լցվել, եւ առաջին նախագահն էլ դեֆոլտի մասին է չարագուշակ ենթադրություններ անում: Եթե առաջինի ենթադրությունն իրականություն դառնա, դա կհամարենք երեք նախագահների միացյալ նվերը Հայաստանի Երրորդ Հանրապետությանը:

Դեֆոլտի պահով ավելի չեմ ծավալվում ոչ միայն այն պատճառով, որ դեֆոլտից առանձնապես շատ չեմ հասկանում, այլեւ այն պատճառով, որ վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարության օրոք մեզանում ընդունված է լավ ու լավատեսական բաներից խոսել, ընդ որում՝ ոչ միայն օդի մեջ հենց էնպես խոսել, այլեւ նպատակային օգտակար խորհուրդներ տալ հենց իրեն՝ վարչապետին:
Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ մենք մեր նախորդ վարչապետներին ու բարձրաստիճաններին այսքան օգտակար խորհուրդներ չէինք տալիս:

Նախորդներին չէի՞նք հավատում ու վստահում: Էս նորը կրա՞կն է ընկել, որ իրեն հավատում ու վստահում ենք: Մեր այսքան բազմաթիվ ու բազմազան խորհուրդները ե՞րբ պիտի հասցնի կյանքի կոչել եւ իրագործել: Վեց ամսո՞ւմ: Միգուցե մի քանի ամիս էլ մեր կողմի՞ց ավելացնենք: Եթե պահանջներ ենք ներկայացնում, պիտի ժամանակ ու հնարավորություն էլ տանք: Խիղճն էլ է լավ բան: Բայց, ասում են, վեց ամսվա վարչապետ է: Ով է ասո՞ւմ: Նոր Սահմանադրությունն է ասում: Նոր Սահմանադրությունը մեզ էնպես է խճճել, որ չենք պատկերացնում՝ ինչը ոնց պիտի լինի: Ավելի ճիշտ՝ ոչ թե նոր Սահմանադրությունն է մեզ խճճել, այլ մենք ենք նոր Սահմանադրությունը խճճում: Իբր քիչ խճճված էր, մի բան էլ մեր կողմից ենք խճճում: Բոլորս: Նաեւ նրանք, ովքեր պիտի բացատրելով ու մեկնաբանելով այնպես անեին, որ չխճճվեինք:

Երեւի իրենք էլ չեն հասկանում: Կամ էլ հասկանում են, բայց չհասկանալու են տալիս: Ինչքան հասկանում եմ՝ նախընտրական շրջանում մեր պատգամավորացուներն իրենց միտքն ու էներգիան պիտի ուղղեն նոր Սահմանադրությունը բացատրելու ու մեկնաբանելու ուղղությամբ: Ով լավ բացատրեց, նրան էլ կընտրենք: Էս մի դժվարությունն էլ կհաղթահարենք: Առաջին անգամը չի, որ Սահմանադրություն ենք փոխում: Այսուհանդերձ, առաջին անգամն է, որ մենք՝ շարքային քաղաքացիներս, էսքան սուր ենք զգում Սահմանադրության իմացության անհրաժեշտությունը, որովհետեւ առաջին անգամն է, որ էսքան սուր ենք զգում Սահմանադրության անհրաժեշտությունը: Գիտեինք, որ Սահմանադրությունը մեր կյանքի հիմնական օրենքն է. գիտեինք, որ այն մեծատառով է գրվում, եւ մեծատառով էլ գրում էինք՝ չնայած էությանն ու բովանդակությանը գրեթե ծանոթ չէինք: Ասում եմ՝ «գրեթե», չնայած կարող եմ ասել՝ բոլորովին ծանոթ չէինք եւ, որ ամենակարեւորն է, մտադիր էլ չէինք ծանոթանալ, որովհետեւ առանց Սահմանադրության մանրամասների մեջ խորանալու էլ գիտեինք, որ, ըստ մեր Սահմանադրության, մեր երկրի թիվ մեկ դեմքը հանդիսանում ու համարվում է հանրապետության նախագահը, ումից կախում ունեն բոլորն ու ամեն ինչ:

Չնայած նոր Սահմանադրության էությունն ու բովանդակությունը մեզ որեւէ մեկը մարդավարի ու պարզ ձեւով չի բացատրել, մենք արդեն գիտենք, որ նոր Սահմանադրության պայմաններում Հայաստանի առաջին դեմքը ոչ թե հանրապետության նախագահն է հանդիսանալու, այլ հանրապետության վարչապետը: Բայց դա՝ վեց ամսից: Ավելի ճիշտ՝ տասնութ թվականից հետո: Իսկ ավելի ճիշտ՝ կյանքը ցույց կտա՝ վեց ամսի՞ց, թե՞ տասնութ թվականից հետո: Նայած թե վեց ամսից ոնց հարմար կլինի հանրապետականներին ու գործող նախագահին, ով, փաստորեն, մեր երրորդ Սահմանադրության հիմնական ու գլխավոր հեղինակն է:
Իսկ համահեղինակները շատ են: Կարեն Կարապետյանի մասին ասում են, որ ընդամենը վեց ամիս է վարչապետ մնալու, բայց Կարեն Կարապետյանի տրամադրությանն ու ինքնավստահությանը նայելով՝ հեչ չես ասի, որ վեց ամսվա վարչապետ է: Բայց կյանքը ցույց է տվել, որ ասելով չի: Վազգեն Մանուկյանի մասին ոչ ոք չէր ասում, որ ընդամենը մի քանի ամսվա վարչապետ է, բայց ՀՀ առաջին վարչապետն ընդամենը մի քանի ամիս վարչապետություն արեց: Առաջին նախագահի հետ լեզու չգտան: Հովիկ Աբրահամյանի վարչապետությունն էլ առանձնապես երկար չտեւեց ու հանկարծակի ավարտ ունեցավ, չնայած թվում էր, թե երկար ժամանակով է եկել: Այնպես որ՝ ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե ինչքան կտեւի Կարեն Կարապետյանի վեց ամիսը: Այդ մասին նոր Սահմանադրությունն առայժմ խորիմաստ լռում է:

 

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930