Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Ռոստոմյան. «Արցախցին օժտված է բնության տված ուժով»

Նոյեմբեր 26,2016 13:17

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցչական պատվիրակությունը մեկնեց Լեռնային Ղարաբաղ

«Առավոտի» խնդրանքով նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց այցի նպատակները:

-Պարոն Ռոստոմյան: Առաջին անգամ չէ, որ աշխատանքային այցով մեկնում եք ԼՂՀ: Այս անգամ ծրագրերի ի՞նչ փաթեթ եք տանում Արցախ:

-Գնում ենք ավելի գործնական ու ընդգրկուն ծրագրերով: Պատվիրակության կազմն էլ ավելի ներկայացուցչական է. նախարարության մասսայական սպորտի, մանկապատանեկան սպորտի եւ մարզական կազմակերպությունների, սպորտի բարձրագույն նվաճումների վարչությունների պետեր, ներկայացուցիչ՝ երիտասարդական քաղաքականության վարչությունից: Նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մարզական ավելի խորացված ծրագրերի մասին ԼՂՀ ղեկավարությանը տեղեկացնելն է: Քննարկելու ենք ոլորտային բազմաթիվ հարցեր եւ փորձելու ենք դրանց իրականացման գործում օգտակար լինել Արցախի մեր հայրենակիցներին:

-Որքան տեղյակ եմ, «դատարկ ձեռքով» չեք մեկնում:

-Տանում ենք ծանրամարտի անհրաժեշտ մարզագույք, այդ թվում՝ կամրջակ, ծանրաձող, ձյուդոյի եւ թաեքվոնդոյի տատամիներ, այլ մարզաձեւերով զբաղվելու համար գույք եւ այլն: Արցախցին օժտված է բնության տված ուժով: Վստահ եմ, որ քրտնաջան աշխատելու եւ ճիշտ մարզվելու դեպքում մոտ ապագայում այնտեղի մարզիկների ու երիտասարդների բազմաթիվ նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք ոչ միայն սպորտում:

-Ծրագրերն ավելի արդյունավետ են կյանքի կոչվում, երբ դրանցով շահագրգռված են ու զբաղվում են առաջին դեմքերը: ԼՂՀ-ում ո՞ւմ հետ եք հանդիպելու:

-Հանդիպումներն ու քննարկումներն ընթանալու են ԼՂՀ նախագահի եւ վարչապետի մակարդակով: Արցախի իշխանությունները նույնպես անչափ կարեւորում են սպորտի եւ երիտասարդության հարցերի ոլորտներում հայաստանյան փորձի ուսումնասիրությունը եւ իրենց մոտ դրա ներդրման անհրաժեշտությունը: Տեղի պատասխանատուների հետ միասին այցելելու ենք մարզադպրոցներ եւ հանրակրթական դպրոցներ: Բազմիցս կրկնել եմ, որ հասարակության ֆիզիկական դաստիարակության գործում մեծ է հանրակրթական դպրոցների դերը, որն ավարտելուց հետո են պատանիները մտնում հասուն կյանք: Հանրակրթական դպրոցներին է վերապահված առողջ, կոփված ու մարտունակ սերունդ աճեցնելու առաքելությունը:

-Ներկայացրիք, թե ծրագրերի ինչ փաթեթներ եք տանում Արցախ: Իսկ այնտեղից նոր գաղափարներ «բերել» ակնկալո՞ւմ եք:

-Հարցի պատասխանը կտամ վերադառնալուց հետո:

-Արցախ եւ ետադարձ ճանապարհն անցնելու է Սյունիքով…

-Հարցի ենթատեքստը հասկացա: Հարմար առիթ է ընձեռվում նաեւ Հայաստանի հարավային մարզերն այցելելու: Վերադարձին կանգառ ենք անելու Կապանում եւ Քաջարանում: Շրջելու ենք մարզադպրոցներում եւ հանրակրթական դպրոցներում՝ ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման խնդիրները, դասաժամերի արդյունավետությունը, աշակերտների հաճախելիությունը ուսումնասիրելու: Ձեր հետ նախորդ հարցազրույցներից մեկում տեղեկացրել եմ, որ իմ եւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի համատեղ հրամանով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման հետ կապված խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքներն ամփոփելուց հետո ձեռնամուխ է լինելու նաեւ դրանց լուծմանը: Սյունիքում կատարվելիք մեր ուսումնասիրություններն այդ հարցում օգտակար կլինեն:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

26.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930