Այսօր DDD մարզա-առողջարարական համալիրում մեկնարկեց լողի ավանդական պատանեկան մրցաշարը, որը հայտնի է «Ուրախ դելֆին» անունով:
Այն կազմակերպել են Լողի հայկական դաշնությունը եւ «DDD» մարզա-առողջարարական համալիրը, որը լողուղյակները տրամադրել է պատանի լողորդներին: Մասնակցում են Երեւանի՝ բոլոր, Գյումրիի եւ Վանաձորի ակումբները, ինչպես նաեւ մեկ թիմ՝ Վրաստանից: Ընդհանուր առմամբ՝ շուրջ 120 հոգի: Պատանի լողորդները պայքարում են երեք տարիքային խմբերում, որոնցից յուրաքանչյուրի ավարտին մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգեւատրվում են մեդալներով եւ համապատասխան կարգի դիպլոմներով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցապայքարն ընթանում է իր անվանը համահունչ՝ շատ ուրախ եւ աշխույժ: «Այսպիսի մրցումները հատկապես մանկահասակ երեխաների շրջանում լող մարզաձեւը տարածելու կարեւոր խթան է: Արդյունքում արդեն ունենք խոստումնալից ու հեռանկարային մարզիկներ, որոնց հետ պետք է լրջորեն աշխատել, որպեսզի միջազգային լողուղյակներում հաջողություններ արձանագրվեն», – ասաց մասնագետը: Հարցին, թե նմանատիպ մրցումներում մասնակիցների աճ նկատվո՞ւմ է, պարոն Գաբրիելյանը պատասխանեց. «Մրցումների մասնակիցների քանակը գրեթե միշտ անփոփոխ է, որովհետեւ թիմերը ունեն որոշակիորեն սահմանված թվակազմ: Աճը կախված է թիմերի քանակից: Կարեւորն այն է, որ տարին՝ տարվա վրա, գրանցվող արդյունքներն են բարելավվում: Իսկ ինչ վերաբերվում է մասսայականությանն ընդհանրապես, աճ, միանշանակ՝ կա»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ