Այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադառնալով բանակի սպառազինությանն ասաց. «Սպառազինվելու համար պարտադիր չի մտնել սպառազինության մրցավազքի մեջ եւ 21-րդ դարում սպառազինության տեսականին այնպիսին է, որ կարող ես ընտրել ասիմետրիկ պատասխանի եւ խելացի պաշտպանության մոտեցումը` ընտրելով այն տեսակները, որոնք կարող են փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովել: Դա բնավ չի նշանակում, որ մենք չենք սպառազինվում, դա նշանակում է, որ յուրաքանչյուր ձեռքբերված զենք չի հակառակորդի, որ դու նույնից պետք է ունենաս»:
Նախարարի խոսքերով՝ կարեւոր է , որ բանակը լինի տնտեսության մաս, ոչ միայն սպառող, եւ ներազդի տնտեսության զարգացման վրա. «Արդեն իսկ բազմաթիվ գնումներ կատարվում են այդ նկատառումով»:
Պարոն Սարգսյանի խոսքերով՝ սպառազինության առումով պետք է զգույշ լինել, մեր երկրում նորարարության մասով կա մեծ ներուժ, որը ցույց տվեց «Արմհայթեք» ցուցահանդեսը, ՊՆ-ն այդ ուղղությամբ աշխատանք է տանում, զինված ուժերում արդեն օգտագործում են տեղական արտադրության սպառազինություն, բայց այն ամբողջությամբ փոխարինել հնարավոր չէ:
Նախարարը խոսելով 80-ականների զենքերի մասին,նշեց, որ դրա հիշատակումն արհեստական է.«Բազմիցս առիթ եղել է բացատրելու դրա էությունը, այն է` մենք ունենք բազմաթիվ զինատեսակներ, որ ներկրել ենք ԽՍՀՄ-ից եւ կան բազմաթիվ զինատեսակներ, իսկ սեպտեմբերի 21-ն ապացուցեց դա, որ 80-ական զենք ասելով՝ նկատի չունենք ամբողջ զինանոցը»:
Կարդացեք նաև
Արդյոք կուսակցական լինելը չի՞ կաշկանդելու զինված ուժերը, արդյոք ՀՀԿ-ի՝ նժդեհական գաղափարախոսությունը բանակ չի՞ ներմուծելու. Լրագրողի այս հարցին Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Բացարձակ չեմ կարծում, որ կա որեւէ հակասություն դրա մեջ, մեր օրենսդրությունը հստակ կանոնակարգում է, մեզ մոտ հստակ նշված են այն պաշտոնները, որտեղ օրենսդիրի կարծիքով քաղաքական գործունեությունը կարող է խանգարել գործառույթի լիարժեք իրականացմանը, ԶՈՒ-ում հնարավոր չէ ակտիվ կուսակցական գործունեությունը սպայական ծառայությանը զուգընթաց: Գիտեք՝ Պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, ես զինվորական կոչումով ավագ լեյտենանտ եմ, որն ունեմ իմ ծառայության տարիներից, երբ պահեստազորի սպա էի, հետեւաբար քաղաքական գործունեությունը ոչ միայն իմ գործառույթներին չի խանգարում, այլ հակառակը՝ օգնում է»: Ինչ վերևաբերում է ՀՀԿ-ի նժդեհական գաղափարախոսությանը, պարոն Սարգսյանն ասաց.«Ոչ միայն չեմ պատրաստվում բացառել նժդեհականությունը ԶՈՒ-ում, այլ այն ամենը, ինչ նժդեհականության մեջ կարող է օգտակար լինել ազգային կուռ բանակ կառուցելու համար, լիարժեք օգտագործելու եմ»:
Մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի ուսումնասիրության եւ քրեական գործ հարուցելու մասին ինչ քայլեր են արվում, այս հարցին ի պատասխան էլ պարոն նախարարն ասաց. «Դա շատ ավելի բարդ հանգամանք է` սկսած տեղազննությունից, մինչեւ փորձաքննությունների անցկացումը: Անհիմն շահարկումները չեն օգնում դեպքերի բացահայտման կամ պաշտպանության կազմակերպման համար: Աչքաչափով գնահատումներ անելը խորքային մոտեցում չէ: Քրեական գործերը միայն մասամբ կարող են հարուցվել Պաշտպանության նախարարության համակարգում, դրանք հիմնականում հարուցվում են քննչական կոմիտեում եւ այլ իրավապահ մարմիններում, որոնք պարբերաբար ներկայացնում են զեկույցներ եւ բարդություն չի լինի երբեւէ գնահատել, նախարարության գործառույթը չէ քրեական գործերի ընթացքին հետեւյալը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ