Այսօր ՀՀԿ 16-րդ համագումարի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն՝ իր՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնում ընտրվելու կապակցությամբ ասաց, որ իր համար մեծ պատիվ է, որ կուսակցությանն անդամագրվելուց անմիջապես հետո ստացել է իր վաղեմի գործընկերների, իսկ հիմա նաեւ համակուսակցական գործընկերների վստահության քվեն եւ ընդգրկվել Գործադիր մարմնում:
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ կուսակցական գործունեությունը ստանում է նոր շատ ավելի խորքային իմաստ եւ կուսակցությունների ամրապնդումը դառնում է քաղաքական մշակույթի ձեւավորման կարեւոր տրամաբանական բաղադրիչ մասը. «Ինձ համար այսօրվա ամենակարեւոր խորհուրդներից մեկն այն էր, որ ես լսեցի բացարձակ միակարծություն բոլոր ելույթներում, հատկապես ՀՀ կուսակցության նախագահի խոսքն առ այն, որ պաշտպանությունը դառնում է առանցքային խնդիրներից մեկը»:
Ըստ պարոն Սարգսյանի, մեծ աշխատանք կա անելու, ինքը տրամադրված է շատ վճռորոշ այդ աշխատանքը տեղ հասցնելու, նաեւ ազգ-բանակը դառնում է աշխատանքի առանցքային ուղղություն, եկել է աջակցելու այն աշխատանքում, որ արվել է երկար տարիներ:
Ինչո՞ւ հենց հիմա Վիգեն Սարգսյանը որոշեց դառնալ կուսակցական, այս հարցին ի պատասխան նախարարն ասաց, որ մինչ այս էլ զբաղեցրել է հանրապետության բարձրագույն հայեցողական պաշտոնը, սերտ փոխգործակցություն է ունեցել իշխող կուսակցության հետ:
Կարդացեք նաև
Վիգեն Սարգսյանի խոսքերով՝ «Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է եւ անտրամաբանական կլիներ չհստակեցնել իր հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Շատ ավելի կարեւոր հանգամանք է սահմանադրական բարեփոխումների արդյունքում ձեւավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ եւ կուսակցական պատկանելությամբ ընդգծել դրա կարեւորությունը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ