Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը

Նոյեմբեր 26,2016 14:56

Այսօր ՀՀԿ 16-րդ  համագումարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալով՝ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն ասաց, որ նախագահը հստակ արձանագրել է՝ ՀՀԿ-ն վճռական  սատարելու է վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը. «Երկրորդը՝ հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը հաջողություններ արձանագրի 2017 թվականի պառլամենտական ընտրություններում, ապա մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը»:

Ըստ Նիկոյանի, նախագահը ուղերձ է հղել հանրությանը՝ Կարեն Կարապետյանը վեց ամսվա վարչապետ չէ. «Սրանով մենք ասում ենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի հարաբերությունները միտված են ապագային, եւ դա լինելու է շարունակական, հատկապես այն փաստից հետո, որ Կարեն Կարապետյանն այլեւս ՀՀԿ-ական է»:

Samvel Nikoyan

ՀՀԿ-ական, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ նույն ճեպազրույցին ասաց, որ նախագահ Սարգսյանի հայտարարությունը իրավական տեսանկյունից որեւէ խնդրահարույց կողմ չունի եւ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե 2017 թվականի ապրիլին սպասվելիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հնարավորություն ունենա հաջողությունների հասնել:

Այն հարցին, որ 2018-ից հետո իրավական տեսանկյունից սահմանափակում կա՞, որ դարձյալ Կարեն Կարապետյանը լինի վարչապետի թեկնածուն, Արփինե Հովհաննիսյանն ասաց՝ «Սահմանափակումների մասին չէ խոսքը: 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ենթադրյալ մեծամասնությանը հնարավորություն է ընձեռվում ձեւավորել կառավարություն եւ համապատասխանաբար վարչապետի իր թեկնածուին: 2018 թվականի ապրիլից հետո մենք Սահմանադրությամբ ունենալու ենք նոր իրողություններ՝ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտ, հետեւաբար պառլամենտական հանրապետության բոլոր դրսեւորումներն իրենց ողջ ներկապնակով: Իսկ սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում խորհրդարանական մեծամասնությունը ով էլ լինի, ինչպիսի ներկայացվածություն էլ ունենա, կրկին անգամ ձեւավորելու է իր կառավարությունը: Բայց դա այլեւս կապ չի ունենալու այն թեզի հետ, որն առաջ է քաշել հանրապետության նախագահը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930