ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, որը ներկա է ՀՀԿ համագումարին, լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել իր մասնակցությունը օֆշորային աղմկահարույց բացահայտումների շուրջ զարգացումներին: Պողոսյանն ասաց, որ այս պահին քննություն է ընթանում եւ հատուկ քննչական ծառայությունը առաջիկայում կհրապարակի քննության արդյունքները:
Միհրան Պողոսյանը դրական պատասխան տվեց լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է գալիք խորհրդարանական ընտրություններում վարկանիշային քվեարկության կարգով առաջադրել իր թեկնածությունը:
Իսկ թե ինչով է զբաղվում ներկայումս ԴԱՀԿ նախկին ղեկավարը, այս հարցին էլ Պողոսյանը պատասխանեց.«Հանգստանում եմ, հանգստանում եմ, տաս տարի աշխատելուց հետո ծանր, եւ դուք ականատես եք եղել… Ես հանգստանում եմ, եւ վայելում եմ կյանքը, որովհետեւ ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաեւ հանգստանալ»:
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ գործարարների ահազանգերի` Միհրան Պողոսյանը, որը բանանի շուկայում մենաշնորհ ունի, խոչընդոտում է այլ գործարարներին բանան ներկրել, վերջերս էլ եւս նման մի դեպք է գրանցվել, Պողոսյանը հերքեց, որ ինքն ընդհանրապես կապ ունի բանանի ներկրման հետ. «Ես 20 տարի առաջ հիմնեցի «Քեթրին գրուպը», տեսնո՞ւմ եք ինչ հաջողակ էր, որ մինչև հիմա խոսում են: Ճիշտ հասցեատիրոջը դիմեք` «Քեթրին գրուպին»: Կարծեմ ևս չորս ընկերություն բանան է ներկրում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ