Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցությունը տեւական ժամանակ է՝ քաղաքական կոնսուլտացիաների մեջ է տարբեր ուժերի հետ։ Դրանք, սակայն, ինչպես նշեց կուսակցության վարչության անդամ Ստեփան Մարգարյանը, լուրջ բանակցություններ չեն, ընդամենը սուրճի սեղանի շուրջ ընթացող զրույցներ։
– Իսկ ինչո՞վ է պայմանավորված լայն կոնսոլիդացիայի միտումը՝ դուք նորաստեղծ կուսակցություն եք, գուցե վարկանիշի, անցողիկ շեմ ապահովելու խնդի՞ր ունեք։
– Այո, մենք գտնում ենք դա ճիշտ։ Բայց ոչ, բացարձակ, նման խնդիր չկա, մենք գտնում ենք, որ միայն լայն համախմբմամբ գնալու դեպքում ընտրողը կհասկանա խնդիրը։ Մենք կարծում ենք, որ գնալ ընտրության՝ հաղթահարելու ինչ-որ բան, անիմաստ է։ Ընտրողին պետք է առաջարկել ծրագիր երկրի ապագայի վերաբերյալ։ 15 ծրագիր, 15 կուսակցություն՝ Վանաձորում եւ Գյումրիում ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ դա ընկալելի չէ, եւ շատ դժվար է ընտրողին կողմնորոշվելը, եւ ընտրողը չի հասկանում՝ ինչի համար են դրանք։ Նման պարագայում ընտրությունները դառնում են անձնավորված։
– Քանի որ ձեր կուսակցության անունը կապվում է Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, շատ ուժերի դա կաշկանդում է ձեզ հետ լիարժեք համագործակցության առումով։
Կարդացեք նաև
– Ես Ձեզ ասեմ, երբ որ մենք խոսում ենք քաղաքական ուժերի հետ կամ այնպիսի անհատների հետ, որոնք որ որոշակի քաղաքական ճանապարհ ունեն անցած, դրանց մեծ մասն այդպիսի բան երբեք չի դնում, որովհետեւ նրանք գիտեն, որ չկա այդպիսի բան։ Այսինքն՝ այդ ասողները, քանի որ ուղղորդված մի տեղից են ասում, որ կապված է, բան է, դա կուլիսային չի լինում, չէ՞։ Եթե կուլիսային չէ, ուրեմն որեւէ կերպ պետք է երեւա։ Որեւէ մեկը տեսե՞լ է դա։ Չկա այդպիսի բան, ես ավելորդ եմ համարում նույնիսկ խոսելը։
Հ.Գ. Մեր աղբյուրները նշում են, որ «Համախմբման» կոնսուլտացիաներն այս պահին Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսի», նախագահի մշտական թեկնածու Արամ Հարությունյանի «Ազգային համաձայնության», այսինքն, ըստ էության, պրոքոչարյանական ուժերի հետ են:
Վահե Մակարյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում