ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի կարծիքով` վտանգավորը ոչ թե պարոն Ալիեւի հայտարարությունն է, այլ այն, որ մենք առ այսօր Արցախի տարածքի այս կամ այն հատվածի մասին խոսելիս հոժարակամ օգտագործում ենք ադրբեջանական տեղանունները:
«Առավոտը» Արման Մելիքյանին հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայկական կողմին սպառնում է նոր «Լելե Թեփե»-ներով: Մեր հարցին` սա վտանգավոր չէ՞ նոր պատերազմի բռնկման տեսանկյունից, թե՞ սա հերթական ադրբեջանական ինքնահաստատումն է ներքին լսարանի համար, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հայկական կողմի` Արցախի տարածքի այս կամ այն հատվածի մասին խոսելիս հոժարակամ ադրբեջանական տեղանունների օգտագործումը վտանգավոր է հատկապես այն պատճառով, որ անգամ այս մակարդակում ընդգծվում է հայկական կողմերի՝ ինչ-որ անորոշ բանի դիմաց տարածք հանձնելու պատրաստակամությունը, քանի որ արդեն այդ թմբի թուրքական անվանման կիրառումը խոսում է այն մասին, որ պաշտոնապես մենք այն ուրիշի սեփականություն ենք ճանաչում»:
Պարոն Մելիքյանը վստահ է, որ Լելե-Թեփեի բարձունքն իր հայկական անվանումն ունի, իսկ եթե ոչ, ապա գոնե ռազմական քարտեզներում նշված է մի որեւէ համարի տակ:
Ըստ Արման Մելիքյանի` պատերազմի վերսկսման վտանգն, անշուշտ, գոյություն ունի եւ կպահպանվի ու կաճի այնքան ժամանակ, մինչեւ հայկական կողմերը կարգավորման գործընթացում նոր, մեր արմատական շահերն ու իրական քաղաքական հետեւանքներ ապահովող քայլեր չձեռնարկեն:
Մեկ օր առաջ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Համբուրգում դեկտեմբերի 8-9-ին կայանալիք հանդիպման մասին հստակություն այս պահին չկա: Հետաքրքրվեցինք, թե պարոն Մելիքյանն ի՞նչ է կարծում՝ նման հանդիպում տեղի կունենա՞, եւ այս իրավիճակում որքանո՞վ այն արդյունավետ կլինի: ԼՂՀ նախկին արտգործնախարարը պատասխանեց. «Այդ մարդիկ միմյանց հետ իրականում խոսելու բան չունեն, եւ եթե անգամ հանդիպեն էլ, ապա նրանց հանդիպումը ընդամենը կխորացնի այս պահին բանակցային գործընթացում առկա ճգնաժամը»:
Կարդացեք նաև
Մեր այն հիշեցմանը, թե ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում է, որ հայկական կողմը ցանկություն չունի նման հանդիպման կազմակերպման, եւ հենց հայկական կողմի պատճառով էլ ձգձգվում է հակամարտության կարգավորումը, Արման Մելիքյանը պատասխանեց. «Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման տարբերակի շուրջ վարվող բանակցային գործընթացի պսակը դարձավ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը: Ապրիլյան պատերազմի քաղաքական հետեւանքն այն եղավ, որ հին օրակարգով բանակցությունների շարունակությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերականգնվի ապրիլին խախտված տարածքային ու քաղաքական ստատուս քվոն: Ադրբեջանն ակնհայտորեն դեմ է դրան, իսկ ադրբեջանական պայմաններով բանակցային սեղանի մոտ պաշտոնական Երեւանի վերադարձն էլ ընդունելի չի կարող լինել հայկական շահերի համատեքստում»: Այս իրավիճակում, ըստ Արման Մելիքյանի, միայն նոր օրակարգի ձեւավորումը կարող է փակուղուց դուրս գալու հնարավորություն ընձեռել:
Հետաքրքրվեցինք` Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունը հետ չի՞ մղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մտավախություն չկա՞, որ նոր համանախագահներն ամեն ինչ կսկսեն նորից, եւ մի որոշ ժամանակ հակամարտության կարգավորման առումով նոր զարգացումների սպասելն անիմաստ կլինի: Այս առիթով մեր զրուցակիցն ասաց. «2007 թվականի դեկտեմբերից սկսած՝ համանախագահների նախորդ կազմերը համառորեն առաջ էին մղում Մադրիդյան սկզբունքների հիման վրա առաջարկվող կարգավորման տարբերակը, եւ, փաստորեն, համարյա մեկ տասնամյակ տեւած նրանց աշխատանքի պսակը դարձավ ապրիլյան պատերազմը: Անիմաստ է զարգացումների սպասել հենց գոյություն ունեցող բանակցային օրակարգի շրջանակներում: Դրան հակառակ՝ նոր բանակցային օրակարգը, որի ձեւավորման գործում հայկական կողմերը պարտավոր են իրենց ծանրակշիռ ներդրումը կատարել, կարող է սայլը տեղից շարժել եւ մեր ժողովուրդների համար արժանապատիվ խաղաղություն հաստատելու հույսերն իրատեսական դարձնել»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
25.11.2016