Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերքառատը արտերկրում հարուստ համագյուղացի չունի, որ ճանապարհը սարքի, հույսը կառավարությունն է

Նոյեմբեր 26,2016 15:30

Բերքառատի ճանապարհը 41 տարի չի նորոգվել

Մեր երկրում ընտրությունից ընտրություն այս կամ այն ճանապարհը վերանորոգելու խոստումներ են տալիս, ընտրվելուց հետո ասում՝ դրա համար մեծ գումարներ են պետք: Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղով շատ թեկնածուներ են անցել, ուռճացված խոստումներ տվել, սակայն բերքառատցին այդպես էլ մինչ օրս երթեւեկում է 41 տարի առաջ կառուցված ու ոչ մի անգամ չվերանորոգված ճանապարհով: Բերքառատի ճանապարհը գյուղացիների համար ռազմավարական նշանակություն ունի. գյուղը, բերքառատցիների խոսքերով, գտնվում է ծովի մակերեւույթից 1860-1880մ բարձրության վրա, եւ ձյուն գալուն պես՝ գյուղի կապը գրեթե կտրվում է շրջակա գյուղերի, հատկապես մարզկենտրոնի եւ մյուս քաղաքների հետ: Անմխիթար ճանապարհն էլ ավելի է բարդացնում գյուղի բնակիչների վիճակը:

Գյուղի բնակիչ, աշխատանքի վետերան Ռաֆիկ Բարսեղյանի խոսքով՝ նշված ճանապարհը, որի երկարությունը 3 կիլոմետր 24 մետր է գյուղից մինչեւ հատվելը միջքաղաքային Արթիկ-Ապարան ճանապարհին, ասֆալտապատվել է դեռ 1975 թվականին. «Արդեն անցել է շուրջ 41 տարի, ճանապարհը քայքայվել, քանդվել է, փոսորակներ են առաջացել, եւ դարձել է մի անմխիթար, անանցանելի հոգս ու նստել գյուղացիների հոգու վրա: Գյուղից մինչեւ կենտրոնական ճանապարհ հասնելը տեւում է 40-50 րոպե, մեքենաները ստանում են տեխնիկական անսարքություններ, դառնում խափան, որոնք ձմեռային սեզոնում քարշակներով են բերում գյուղ: Իսկ անապահով մարդիկ չեն կարողանում վերականգնել տալ իրենց մեքենաները: Տարին մեկ անգամ գյուղապետարանի կողմից իբր առաջացած լճակների մեջ բահով ավազ են ցանում՝ գյուղացիներին ապացուցելու, որ արդեն ճանապարհը անցանելի է: Մեկ-երկու շաբաթ հետո, երբ անձրեւներ են տեղում, տրանսպորտի միջոցների շարժվելիս այդ ավազը խառնվելով անձրեւաջրերին՝ դուրս է ցայտում, ու դարձյալ լինում է նույն անսարք ճանապարհը»:

Գյուղի բնակիչները դիմում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ինչպես իրենք են նշում` «գյուղը ծանր, նահապետական վիճակից դուրս հանելու» խնդրանքով:
Ռաֆիկ Բարսեղյանի ներկայացմամբ՝ հարցը մեկ անգամ 2015 թվականին հանրապետության նախագահի նստավայրում քննարկվել է եւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին հանձնարարվել մասնավորապես` Արագած լեռան հյուսիսային ստորոտում գտնվող գյուղերի ճանապարհներն ասֆալտապատել: Այս լուրը լսելուն պես՝ բերքառատցիները ուրախացել են եւ ՀՀ նախագահին նամակ գրել, որպեսզի տվյալ ծրագիրը Բերքառատ գյուղը չշրջանցի՝ հատկապես, որ այս գյուղն էլ Արագածի հյուսիսային ստորոտում է:

Նախագահականից 19.01.2016 թվականին թիվ 20-0152 փաստաթղթով գյուղացիների նամակին դրական պատասխան է եղել, որը հասցեագրված է եղել նաեւ Արագածոտնի մարզպետարանին: Սակայն, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Ռաֆիկ Բարսեղյանն է ասում, մարզպետը փոխվել է, հանձնարարականը` մոռացվել: Այս տարի նշանակված մարզպետ Գաբրիել Գյոզալյանը բերքառատցիների խնդրանքն անտեսել է:
«Մի միկրոավտոբուս կա, որը գալիս է Հնաբերդ գյուղից ժողովրդին տեղափոխելու գյուղից դուրս, ձյուն գալու դեպքում ճանապարհը փակվում է եւ չի կարողանում մտնել գյուղ: Հարգարժան վարչապետ, որոնք գտնվում են 5-10 կմ հեռավորության վրա` Հնաբերդ, Ծաղկահովիտ, Գեղադիր, Նորաշեն, Ռյա-Թազա, ասֆալտապատված են, իսկ ի՞նչ անի Բերքառատի անճարակ գյուղացին, մեր ազատ-անկախ երկրում գոնե չունի մի փոքր ճանապարհ»,-վարչապետին հարցնում է Ռաֆիկ Բարսեղյանը: Նրա հավաստմամբ՝ Բերքառատի ճանապարհի հարցը դեռեւս 2007 թվականին է կառավարության ծրագրում եղել: Սակայն, չգիտես ինչու, կյանքի չի կոչվել ու չինովնիկների մեղքով մոռացության մատնվել:

Բերքառատի բնակիչներն ասում են, որ արտերկրում մեծահարուստ համագյուղացի չունեն, որը կվերանորոգեր գյուղի ռազմավարական նշանակության ճանապարհը, ուստի հույսը միայն հայրենի կառավարությունն է:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930