Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական առակների համամարդկային արժեքները

Նոյեմբեր 26,2016 13:00

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ չինական «Իմաստության արկղիկը» առակների եւ Սերգո Երիցյանի ուղեգրությունների «Չինական ճեպանկարներ» գրքերի շնորհանդեսը։ Շնորհանդեսին ներկա էին Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը, ներկայացուցիչներ արտաքին գործերի նախարարությունից, այլ գերատեսչություններից, գրողներ, արվեստագետներ, ուսուցիչներ, աշակերտներ եւ նրանց ծնողները:

«Գրքում ներկայացված 38 առակները 2000 տարվա պատմություն ունեն եւ այդքան ժամանակ իրենց մեջ պահպանել են չին ժողովրդի իմաստնությունը, ոգին, էությունը, փիլիսոփայությունը, համամարդկային արժեքները,- ասաց Սերգո Երիցյանը, ով նաեւ կազմել եւ խմբագրել է «Իմաստության արկղիկ» առակների ժողովածուն,- հիմա այդ ամենին հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի դպրոցների աշակերտները, նախադպրոցական հիմնարկների սաները, գրադարանների այցելուները։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռում է Հայաստանում Չինաստանի դեսպանատունը՝ նվիրելով այս գրքերը»։

7-2-2

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-չինական խորհրդարանական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը կարեւոր իրադարձություն համարելով այս գրքերի հրատարակությունը, կարեւորեց երկու երկրների՝ միմյանց ճանաչելու, դարերից եկող բարեկամությունն արժանապատիվ կերպով շարունակելու անհրաժեշտությունը։
«Մենք բարեկամ երկրներ ենք եւ շարունակում ենք այն փոխհարաբերությունները, որ սկսվել են հին ժամանակներից, երբ մետաքսի ճանապարհը հայ վաճառականներին տանում էր Չինաստան, իսկ չինացիներին բերում Հայաստան,- ասաց Հերմինե Նաղդալյանը,- հիմա դա նոր շարունակություն ունի, որի մի մասնիկն էլ նման գրքերի հրատարակությունն է»։

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ չինական գրականությունը, այդ թվում եւ առակները, միշտ ընդունված են եղել աշխարհի բոլոր ժողովուրդների կողմից, որովհետեւ դրանք ձեւավորել են համամարդկային արժեհամակարգ, նաեւ պատգամներ։ «38 առակ, 38 մտորում ու ասելիք, նույնքան էլ խորին խորհուրդ, որոնց կարիքը մարդը միշտ ունի, անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանում է ապրում։ Պատահական չէ, որ առակների հերոսներն աշխարհն ուզում են տեսնել բարի, ջերմ, ազնիվ ու մարդկային»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Ամիրյանը։

Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունն իր ելույթում ասաց, որ նման միջմշակութային կապերը՝ նաեւ նման գրքերի տեսքով, հույժ անհրաժեշտություն են եւ միայն կարելի է ողջունել չինական գրական ժառանգության այս հրատարակությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սկսած գործը։
Շնորհանդեսը շարունակեցին մայրաքաղաքի թիվ 135 Գագիկ Ստեփանյանի անվան դպրոցի սաները, իրենց իսկ բեմադրությամբ ներկայացնելով նմուշներ չինական առակներից:

Առակների նկարչական ձեւավորումը կատարել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը։ Գրքերի հրատարակությունը կատարել է «Էդիթ-Պրինտ» հրատարակչությունը:

ԿԱՐԻՆԵ ՏԻՏԱՆՅԱՆ
Լուսանկարները՝
ՍԱՄՎԵԼ ԵՂՈՅԱՆԻ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930