Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելում են, նվաստացնում, հետո՝ ծեծում

Նոյեմբեր 26,2016 12:30

Միանշանակ չի կարելի ասել, որ աճել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը, բայց ասել, որ հիմա կանայք ավելի իրազեկված են, պատրաստ` բարձրաձայնելու իրենց խնդիրը եւ օգնություն խնդրել` միանշանակ այդպես է: Այսպես «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց «Կանանց իրավունքների» կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը:

Հոգեբանի խոսքերով` իրականում տարբերակում պետք է լինի ընտանեկան բռնության եւ կոնֆլիկտի միջեւ, քանի որ բռնությունը պարբերական բնույթ ունի եւ որի դեպքում առկա է բռնարար անձը. «Բռնությունը սկզբնական շրջանում լինում է ոչ այդքան արտահայտված, որը ժամանակի, տարիների ընթացքում ավելի է խորանում»:

Ըստ հոգեբանի, պատճառները շատ կարող են լինել, բայց նպատակը, իրականում, դիմացինի վրա վերահսկողություն հաստատելն է ուժի միջոցով. «Հայտնի է, որ սովորաբար այն անձինք են բռնություն գործադրում, որոնք ինքնահաստատված չեն ընտանիքում, հասարակությունում եւ ընտանեկան հարաբերությունները թույլ են տալիս նրան ինքնահաստատվելու եւ իշխանություն ունենալու տվյալ անձի հանդեպ, որը կարող է լինել կինը կամ երեխան»:

Այն կարծիքը, թե հաճախակի տարբեր առիթներով խիստ եւ որոշ բաներ կնոջը արգելող ամուսինը կարող է հետագա բռնարար դառնալ, հոգեբանը փաստեց, որ ոչինչ միանշանակ չէ, բայց այդ պարագայում տվյալ անձը հակված է բռնարար դառնալուն. «Ի վերջո, բռնությունը միանգամից չի սկսվում ֆիզիկականից, այլ առաջանում է հոգեբանականից, որտեղ լինում են նաեւ արգելքները: Ցանկացած գործողություն, որը ստիպում է կնոջը վարվել իր կամքին հակառակ` ընդունելով դիմացինի կամքը` բռնություն է: Ցանկացած արգելանք եւս հոգեբանական բռնության ձեւ է, բայց արդյոք այդ արգելանքներից հետո կզարգանան սպառնալիքները, նվաստացումները, ֆիզիկական եւ սեռական բռնությունը, միանշանակ խոսել չի կարելի: Եթե խոսում եք բռնության մասին, ապա պետք է նշել, որ այն պետք է ունենա վնաս»:

Աիդա Առաքելյանը փաստեց, որ սովորաբար բռնարարը վարքի իր դրսեւորումներում բերում է նրան, որ կնոջ մոտ իջնում է ինքնագնահատականը: Այդ ժամանակ, ըստ հոգեբանի, ավելի հեշտ է կնոջը վերահսկել, որը կարող են սկսել սովորական վիրավորանքների, նսեմացումների, արժեզրկումների միջոցով. «Ցանկացած գործողություն, որ կարող է կինը անել` ամուսինը սկսում է արժեզրկել եւ ժամանակի ընթացքում կինն էլ սկսում է հավատալ, որ իսկապես չի կարողանում այդ, կամ ինչ- որ մի այլ բան լավ անել»:
Բռնության ենթարկվող կանանց վարքագիծը իրենց երեխաների նկատմամբ, մասնագետի խոսքերով, եւս հնարավոր է փոխվել. «Բռնության ականատեսը եւս բռնության զոհ է համարվում եւ անպայման չէ, որ իրենց նկատմամբ բռնություն գործադրեն, հոգեբանական ազդեցությունը եւս նույն ուժգնության է լինում»:

Հոգեբանը նշեց, որ հաճախ ագրեսիայի շրջափուլ է լինում, այսինքն ամուսինը զոհ է ընտրում իր կնոջը, կինը իր հերթին ենթագիտակցաբար ընտրում է ավելի թույլ օղակի եւ այդ ագրեսիվությունը կարող է լիցքաթափել երեխաների վրա. ավագ երեխան` կրտսերի, կամ՝ ընտանի կենդանու: Սա մի տեսանկյունից, մյուս կողմից, մասնագետը նշեց, որ բնականաբար այդ ագրեսիան չի կորչում երեխաներից եւ նրանք հասարակության մեջ լիիրավ անդամ չեն դառնում կամ հետագայում օգտագործում են իրենց ստեղծած ընտանիքում` որպես դաստիարակման մոդել:

Հոգեբանը նշեց, որ իրենց կենտրոն դիմած կանանց մեծամասնությունը, լինում է, որ նորից միանում են իրենց ամուսիններին եւ ցավոք գրանցվում են կրկնվող բռնության դեպքեր. «Քանի որ ինչքան էլ կնոջ հետ հոգեբանական աշխատանք տարվի, ամուսինը եւս պետք է հոգեբանական աջակցություն ունենա, որպեսզի միասին հաղթահարեն այդ ամենը: Բայց այս տարվա մեջ 1 զույգ ենք ունեցել, որտեղ համաձայնվել են եւ երկուսով ուղղորդվել են ընտանեկան հոգեբանի ծառայությունից օգտվելու: Դիմացինի կյանքի համար պատասխանատվություն վերցնելը բավականին լուրջ բան է եւ պահանջում է որոշակի հոգեկան անձնային զարգացում»:

Մասնագետը նշեց, որ էական տարբերություն չկա նաեւ մարզերի եւ Երեւանի միջեւ, որտեղ կարելի է նշել աղքատության, կրթվածության գործոնը. «Մարզայինի համար ունենք ավելի շատ լոկալ մենթալիտետի խնդիր: Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության քանակը ավելի շատ է, քան մյուս մարզերում»: Հարմարվողականության եւ հանդուրժողականության մակարդակը, ըստ հոգեբանի, այլ մարզերում եւս ավելի բարձր է. «Մարզերում տեղեկատվությունը ավելի է մեծանում, եթե օրինակ, փոքր գյուղ է եւ բռնության դեպք է լինում, ապա գյուղի բոլոր ընտանիքները իմանում են, եթե առավել եւս բարձրաձայնվում է, ոստիկանությունն է միջամտում: Շատ հաճախ սա էլ մարզերում կարող է խնդիր դառնալ, որ կինը չի բարձրաձայնում խնդրի մասին, իսկ քաղաքներում այլ է»: Իսկ արդեն ամոթի զգացումը, թե ի՞նչ կասեն հարազատները, հասարակությունը, ըստ հոգեբանի, առկա է ե՛ւ քաղաքներում, ե՛ւ գյուղերում:

Հոգեբանը նշեց, որ անկախ նրանից, թե ինչ ելք է ունենում իրենց կենտրոն դիմած կնոջ ընտանիքում՝ միանում են ամուսնու հետ, թե բաժանվում, կապը պահպանվում է եւ հատուկ ուշադրություն են դարձնում նաեւ այդ ընտանիքի երեխաներին:
Այս տարվա վիճակագրությունը ներկայացնելով, Աիդա Առաքելյանն ասաց, որ հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը ունեցել են 3 հազարից ավելի զանգ, որտեղ առանձնանում են 992 առաջնային զանգեր, երբ կինը առաջին անգամ է զանգում եւ երկրորդային զանգեր: Բաշխելով օրերի՝ լինում է 3-4 զանգ, որը ըստ Աիդա Առաքելյանի, Հայաստանի համար ահռելի ցուցանիշ է:

Հոգեբանը այն կանանց, որոնք ապրում են բռնության մթնոլորտում` ասաց, որ կապ չունի, թե որ կազմակերպությանը կդիմեն, կարեւորը որոշում կայացնելն ու խնդիրը բարձրաձայնելն է. «Ինչքան էլ դժվար լինի առաջին անգամ զանգելը եւ վերջնական որոշում կայացնելը, մեզ դիմելը դեռեւս չի նշանակում, որ վերջ, ամուսնալուծության որոշում պետք է լինի. մենք այդ կնոջ կողքին ենք անկախ իր որոշումից»:
Կանայք, որոնք բնության զոհ են, կարող են զանգահարել «Կանանց իրավունքների» կենտրոնի թեժ գիծ` 54 28 28 եւ 0 800 80 850:

 
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

25.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930