Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը խոստացավ անձամբ Իգնատի Առաքելյանին ծանոթացնել Նժդեհի գաղափարախոսությանը

Նոյեմբեր 25,2016 23:44

«Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն ՀՀԿ ներկայացուցիչ է, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը՝ նույնպես: Բնականաբար, ՀՀԿ համագումարի պատվիրակները իրենք քվեարկությամբ կորոշեն, բայց, բնականաբար, վարչապետն ու ՊՆ նախարարը չեն կարող լինել շարքային անդամներ, նրանք կլինեն ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: Երեկ եւ այսօր նրանց անդամակցումից հետո գործընթաց է սկսվել կուսակցության լայն անդամակցման, յոթ հազարից քաղաքացիներ անդամակցել են կուսակցությանը»,- քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե վերլուծություն ունե՞ք՝ ինչ սկզբունքով են յոթ հազար քաղաքացիներն անդամագրվել ՀՀԿ-ին, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Վերլուծություն անելու համար ժամանակ է պետք, դժվար թե ես կես ժամվա ընթացքում, եթե նույնիսկ Նապոլեոն Բոնապարտն էլ լինեի կարողանայի վերլուծություն անել: Իսկ թե ինչպիսի տեսք կունենա գերագույն մարմինը, կլինեն փոփոխություններ, բայց եթե բոլոր փակագծերը բացեմ, դժվար թե վաղը գաք լուսաբանեք»:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ՀՀԿ-ին անդամագրվող վարչապետից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ կբերի նոր, դրական որակ, դրական փոփոխություններ, նոր լիցք: Հակառակ դեպքում ինքը նման որոշում չէր կայացնի: Այս ամիսներին վարչապետը ցույց է տվել, որ ինքը բավական պատվախնդիր ու սկզբունքային անձնավորություն է, զգում է իր վրա դրված առաքելությունը, մենք՝ բոլորս, սատարելու ենք կառավարության ջանքերին»:

Հարցին, թե ձեզ համար կարեւո՞ր է, որ ՀՀԿ-ին անդամակցող պաշտոնյան տեղյակ լինի Նժդեհի գաղափարախոսությանը, նժդեհականությանը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Բոլոր նրանք, որոնք անդամակցել են ու չեն հասցրել խորությամբ ծանոթանալ մեր կուսակցության ազգային-պահպանողական գաղափարախոսությանը, անհոգ եղեք, ես հասկանում եմ՝ ում եք ակնարկում, պարոն նախարարին (խմբ. Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն էր, որ ծանոթ չէր Նժդեհի գաղափարախոսությանը) իր հետ անձամբ կծանոթացնեմ Նժդեհի գաղափարախոսությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930