Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի «Դեդի» մարտական ուղին եւ վերադարձը

Նոյեմբեր 25,2016 23:33

1992 կամ 1993 թվականն էր: Նոյեմբերյանի շրջանի Ոսկեվան գյուղի սահմանամերձ դիրքում էինք: Գիշերվա խավարում  մեզ մոտեցող երկու տղամարդ տեսանք: Տղաները ճանաչեցին, ասելով՝ նոյեմբերյանցի «Դեդն» է: Նոյեմբերյանի բնակիչ Լավրենտի Անանյանն էր, իր որդու՝ Արթուրի հետ: 1990թ. Արթուր Անանյանը վերադարձել է խորհրդային բանակից, զինվորական համազգեստը հագից չհանելով՝ հոր հետ  համալրել հայրենիքի պաշտպանների շարքերը:

ded

Հայր ու որդի, 82 միլիմետրանոց ականանետով սահմանագծի վտանգավոր հատվածներում էին , օգնության էին հասնում սահման պահող տղաներին:  Արթուր Անանյանը 2012-ից երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային խորհրդի փոխնախագահն է: «Դեդը» ՝ Լ. Անանյանը հիմա 77 տարեկան է: Զրուցում ենք անցած-գնացածի մասին: Դեռ մինչեւ հայ-ադրբեջանական չհայտարարված պատերազմը, Լավրենտի Անանյանին կյանքի այլ փորձություններ էին սպասում:

Օրջոնոկիձե քաղաքից բեռնատարով Նոյեմբերյան ապակե բանկաներ էր բերում եւ 3 լիտրանոց տարան 12 կոպեկով վաճառում: Ցածր գին էր, տանտիկինները գոհ էին: Սակայն նրան մատնել են , քննությամբ արձանագրել, որ բանկաների վաճառքից 157 ռուբլի եւ 34 կոպեկ շահույթ է ստացել, սպեկուլյացիա արել: 1973թ. նա դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, որից հինգուկեսը «նստել է»: Ճակատագրի հաջորդ հարվածը ստացել է 1985թ., երբ կինը՝ Սիրուշը հիվանդության հետեւանքով կյանքից հեռացել է:

Լավրենտի Անանյանը Լենինգրադում սովորել է ռազմական ուսումնարանում: Հմուտ հրետանավորը միշտ հոգատար էր վերաբերում երիտասարդ զինվորներին, սովորեցնում իր գործը, անձնական օրինակով ոգեւորում նրանց: Ղազախի շրջանի դիրքերից մեկից շատ էին կրակում Բերդավան գյուղի վրա: «Դեդը» ինքնաձիգով մենակ աննկատ մտնում է ադրբեջանցիների խրամատը:

Հողը քերելով՝ սեղանի նման բան էին պատրաստել, որի շուրջ նստած են եղել 4 զինյալներ: «Դեդին» տեսնելով՝ նրանցից մեկը ձեռքը տանում է ինքնաձիգին, կողքինը չի թողնում, ասելով, որ «հյուրն» ավելի շուտ կարող էր իրենց վրա կրակել: «Դեդը» ազերի զինյալներին ասել է, որ Բերդավանի վրա կրակելու դեպքում իրենք մեծ վնաս կկրեն եւ հեռացել է: Այդ դիրքից այլեւս Բերդավանի վրա կրակ չեն բացել:

Ղուշչի –Այրումի բարձունքից ադրբեջանական տանկն ու հետեւակի մարտական մեքենան գնդակոծում էին Բաղանիսը: «Դեդը» ականանետի կրակի հաշվարկը կատարել ու բաղանիսցի 3 պատանիների սովորեցրել է, որ տանկը կամ ԲՄՊ-ն տեսնելով՝ իսկույն արկը գցեն ականանետի փողի մեջ: Հետեւակի մարտական մեքենան շուտով երեւացել է: Դրա ադրբեջանցի հրամանատարը մեքենայի լյուկը բաց էր թողել; Արկն ընկել է ռազմական մեքենայի մեջ, այն ոչնչացրել:

Անանյանների ընտանիքից 3-ն էին մարտադաշտում: Լավրենտին 2-րդ անգամ ամուսնացել է ռուս բուժքրոջ՝ Մարգարիտայի հետ: Վերջինս ամուսնու եւ Արթուրի հետ մարտադաշտում էր: Բարեկամավանի սահմանին ադրբեջանցիները հրկիզված կոմբայնի մոտ սպանել էին գյուղի պաշտպան ռուս Կոլյային: Նրա դին մարտադաշտից հանելը վտանգավոր գործ էր: Բուժքույր Ռիտան (Մարգարիտան) համարձակ կերպով գնում է ռուս երիտասարդի դին հանելու, նրան է հետեւում նոյեմբերյանցի ազատամարտիկ Հայկ Գուլքանյանը: Ազերիները հաճախ էին գնդակոծում Բարեկամավանը: Լ. Անանյանը հեռադիտակով տեսնում է, որ ադրբեջանական գյուղի գրասենյակի առաջ զինյալների մեծ կուտակում կա: Նա չափել է նշանակետի հեռավորությունը՝ 2300 մ: Ականանետի 4 արկից հետո ադրբեջանցիները ռադիոկապով բանակցություններ են խնդրել:

3 տարի առաջ Թաթարստանում Մարգարիտան  մահացել է: Անցյալ տարի «Դեդը» Ռուսաստանից  վերջնականապես վերադարձել է հայրենի Նոյեմբերյան քաղաք:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930