Արարատի մարզի բնակիչ Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. նոյեմբերի 8-ին ժամը 14.16-ին իրավապահ մարմիններից թաքնվելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու նպատակով 1997 թվականի օգոստոսի 8-ին ծնված Արթուր Զաքարյանի տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրի օգտագործմամբ Բագրատաշենի սահմանային անցակետով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:
Նախկինում չդատված Խ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով(«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը»): Այդ հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է 100-300 հազար դրամ տուգանքով կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկմամբ: Վերոհիշյալ կեղծ անձնագիրը, որպես քրեական գործով իրեղեն ապացույց,ներկայացված է դատարան:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Խ. Հովհաննիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը ներկայումս շարունակվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ