Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված զորային կառույցի կենսագործունեությանը, ինչպես նաև զինված ուժերի զարգացման պլանի, ՀՀ սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում նիստին մասնակցել են նաև ԼՂՀ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Նիստի ընթացքում հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ներկայացված զեկույցում ընդգծվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդլայնվել են հայկական զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունները, լրակահավորվել են մարտական հենակետերը, ժամանակակից պատերազմների բնույթին և հակառակորդի կարողություններին համապատասխան հայկական զինուժը սպառազինվել է ռազմատեխնիկական նոր միջոցներով, մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին հատկացվել են տեսադիտարկման համակարգեր ու սարքեր, գիշերային նշանոցներ: Ընդհանուր առմամբ, վերլուծելով պլանի և ծրագրի կատարման ընթացքը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը նշել է, որ իրականացվող միջոցառումները նպատակաուղղված են զինված ուժերի մարտունակության առավել բարձրացմանը, առաջադրված խնդիրների արդյունավետ կատարմանը:
Ամփոփելով Կոլեգիայի նիստի աշխատանքները` պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է քննարկված հարցերի արդիականությունը, խնդիրներ է առաջադրել հետագա անելիքների և սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ Պաշտպանության նախարարություն