Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը (ՏԶՀԿ) և Օքսֆամ հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված հերթական`Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ», անվամբ բյուջետային ծրագրի գնահատման զեկույցի հիմնական եզրահանգումներն են`ծախսերի անարդյունավետությունը, հասցեականության ցածր մակարդակը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ` Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:
Պետական այս ծրագիրը երաշխավորում է բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունները հասարակության բոլոր խմբերի համար: Դա խիստ կարևոր է հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից: Այդ նպատակի համար պետական բյուջեից տարեկան ծախսվում է ավելի քան 11 մլրդ դրամ`առողջապահության պետական ծախսերի շուրջ 12,7 տոկոսը: Ընթացիկ տարում, օրինակ, մեկ բնակչի առողջության առաջնային պահպանմանն ուղղվող ծախսերը կազմել են մոտ 3,763 դրամ: 2008 թվականին այդ թիվը կազմել է 2,458 դրամ:
Ըստ հետազոտության արդյունքների, անհրաժեշտության պարագայում ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ դիմում է բնակչության 20 տոկոսը, դրանք հիմնականում 0-7 տարեկան երեխաների թիրախային խումբն է: Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների ընդամենը 17 տոկոսն է օգտվում իրենց իրավունքից: Տնային տնտեսությունների 4 տոկոսը երբևիցե չի օգտվել ամբուլատոր պոլիկլինիկական ծառայություններից, իսկ 7,5 տոկոսը չի հիշում, թե երբ է վերջին անգամ օգտվել: Տնային տնտեսությունների մոտ 10 տոկոսի մոտ չափահաս անդամի բուժումը սահմանափակվում է միայն ավանդական մեթոդներով, երեխաների դեպքում՝ 3,2 տոկոսի մոտ: Արտահիվանդանոցային օղակը բաց են թողնում և անմիջապես այցելում են հիվանդանոցներ չափահասների հիվանդացության դեպքում տնային տնտեսությունների 6,5 տոկոսը, իսկ երեխաների դեպքում՝ 4,7 տոկոսը:
Այս հետազոտությանը նախորդած 12 ամիսների ընթացքում բժշկի է դիմել ՀՀ բնակչության ընդամենը 27,7 տոկոսը, գերակշիռը կանայք: Հատկանշական է, որ պոլիկլինիկաներ դիմելիությունը հիվանդանոցների և ախտորոշիչ կենտրոնների համեմատությամբ ավելի մեծ է երեխաների (56.9 տոկոս) և 75 տարեկանից բարձր տարեցների մոտ, իսկ հիվանդանոցներ և ախտորոշիչ կենտրոններ՝ բնակչության միջին տարիքային խմբերի դեպքում: Տղամարդկանց 43,7 տոկոսը նախընտրում է դիմել հիվանդանոցներ եւ ախտորոշիչ կենտրոններ, պոլիկլինիկաներ՝ 39,3 տոկոսը: Հաշմանդամները կազմում են ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների ծառայություններից օգտվողների 32,9 տոկոսը: Բավականին փոքր է նաև նպաստառուների ընդգրկումը ԱԱՊ ծառայություններում՝ 32 տոկոս: Այս ծառայությունում նվազ է նաեւ աղքատ եւ հարուստ խավերի ընդգրկվածությունը: Ամբուլատոր ծառայություններից օգտվողների 78,5 տոկոսը բնակչության միջին և միջինից ցածր եկամտային խմբերից են:
Այս գնահատման արդյունքներից հեղինակները եկել են այն եզրակացության, որ առողջապահության առաջնային պահպանման ոլորտում պետական քաղաքականության բարեփոխումները խիստ արդիական են: «Բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ, իսկ դրան ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ կրեն: Հաշվի առնելով, որ հիշյալ ծրագրին ուղղվող պետական միջոցները մեծ չեն, ներդրվող ռեսուրսների արդյունավետության բարձր մակարդակի ապահովումը խիստ կարևորվում է: Ծրագրի արդյունավետության բարձրացման համար ուղղակիորեն կարևորվում է ոչ միայն բնակչության ընդգրկվածության աճն ապահովող ջանքերը, այլև հասցեականության բարելավումը, մատուցվող դեղորայքի և ծառայությունների որակի, ինչպես նաև բժշկական անձնակազմի որակի և ծանրաբեռնվածության բարձրացումը»,- ասված է հետազոտության եզրակացության մեջ: Հեղինակները կարծում են, որ այդ նպատակով պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք կբարձրացնեն բնակչության տեղեկացվածությունը և սեփական իրավունքների իմացությունը, դրանց կիրառումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ