Վիենայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի դոցենտ Նիկլաս Ցոյերը ՀՀ ԱՆ «Պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» մի շարք արյունաբանական հիվանդությունների ժամանակակից ախտորոշման և բուժման հիմնահարցերին նվիրված սատելիտային սիմպոզիումի ժամանակ հանդես է եկել արյունաբանների, արյունաբանության լաբորատոր բժիշկների և հարակից ծառայությունների մասնագետների համար։ Վիենայի կլինիկայի ուռուցքաբանության և արյունաբանության ղեկավարի առաջին դասախոսությունը նվիրված էր բազմակի միելոմային հիվանդության ախտորոշման չափորոշիչներին և բուժման հնարավորություններին:
Հայկական արյունաբանական ասոցիացիայի և Ամերիկա-ավստրիական հիմնադրամի հետ համատեղ անցկացվող երկօրյա սեմինարի կազմակերպման նպատակը արդիականացված Արյունաբանական կենտրոնում նոր բացված փոխպատվաստման բաժանմունքի աշխատանքների մեթոդական, ինչպես նաև առաջին փոխպատվաստվող հիվանդների ընտրության կազմակերպման հարցն է: Եվրոպայում փոխպատվաստման առաջատար կլինիկայի անվանի մասնագետ Նիկլաս Ցոյերը նաև շրջայց է կատարել Արյունաբանական կենտրոնում, զննել հիվանդներին և խորհուրդներ տրամադրել փոխպատվաստման ենթակա հիվանդների վարման վերաբերյալ: Նա փոխպատվաստման և բազմակի միելոմայի գծով ճանաչված փորձագետ է։ Հենց այս հիվանդությամբ տառապողների շուրջ 30 տոկոսը կարիք ունի փոխպատվաստման։
Նշենք նաև, որ Վիենայի «Վիլհելմինենսպիտալ» կլինիկայի արյունաբանության բաժանմունքում գործող չափորոշիչները կներդրվեն արյունաբանական մեր կենտրոնում։
Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Պրոֆ Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» առաջին փոխպատվաստումները կիրականացվեն աշխարհի առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարարություն